Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք արդեն «Փարոսից» օգտվող սերունդներ ունենք․ կառավարության սոցիալական ծրագրերը ստրկացնում են մարդկանց»․ Նիկոլ Փաշինյան

Մարտ 27,2025 12:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մեր բոլոր սոցիալական ծրագրերը մարդկանց կոնսերվացնում են աղքատության նիշի մեջ։ Ասում ենք՝ էս նիշի մեջ մնացեք»,- ՀՀ կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա վստահեցրեց՝ այդ ծրագրերը հիմնականում ոչ մի օգուտ չեն տալիս․ «Եվ, ընդ որում, սրա մասին կարևոր է հրապարակային խոսել, որ մտածելակերպի փոփոխություն տեղի ունենա։ Պարզ է, որ կան առանձնահատուկ դեպքեր, բայց մեր սոցիալական տրամաբանությամբ ծրագրերը մարդկանց ստրկացնելու մասին են, ազատությունից զրկելու, հնարավորությունից զրկելու, հեռանկարներից զրկելու մասին են, որովհետև սերնդեսերունդ փոխանցվում է։ Մենք «Փարոսից» օգտվող սերունդներ ունենք արդեն․ ինքն իրեն վերարտադրում է։ Էն ժամանակ «Փարոսից» օգտվել է, հետո էլ հաջորդ սերունդն է օգտվում։ Մենք կյանքի մասին այս ամրագրումն ենք անում։ Այդ մարդկանց ընկալումն այն է, որ մեզ հասանելի կյանքը «Փարոսն» է։ Մենք չենք կարողանում ճիշտ խթաններ դնել։ Դրա համար ասում եմ՝ չգիտեմ՝ էս մի միլիարդը ավելի լավ չէ՞ տանել երկու նոր մանկապարտեզ նորոգել»։

Գյուղատնտեսական ծրագրերի՝ ՀՀ կառավարության կողմից աջակցության մասին հարցերի քննարկման ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը, հղում կատարելով նրան, որ գյուղացին այդ ծրագրերից օգտվելու համար իր ներդրումն էլ պիտի ունենա, վստահեցրեց՝ էդ ծրագրերից կրկին հարուստներն են օգտվելու։ Նշեց, որ օրերս եղել է Տանձուտ ու Արգավանդ գյուղում, զրուցել գյուղացիների հետ․ «Արձանագրել եմ դիսոնանսը մեր ու մեր սիրելի գյուղացիների միջև։ Առաջին հայացքից պարզ էր, որ մարդիկ միջինից ցածր կենսամակարդակով են ապրում։ Հող ունեին, որը չէին մշակում։ Մեկ այլ հող էլ ունեին՝ մեկ հեկտար, որը ևս չեն մշակում։ Ասում եմ՝ կառավարությունը 100 հազար դրամ տալիս է հատիկընդեղենի մշակաբույսի համար։ Մարդն ասում է, որ 170 հազար դրամ պետք է ծախսեմ, որ հողը մշակեմ, այդ գումարը չունեմ։ Ու ստեղ խոսակցությունը կանգնում է։ Մեր ծրագրերի մասին ասում են՝ դրանցից էլի հարուստներն են օգտվում։ Համաձայն եմ։ Հարուստներ չեմ ասում՝ Բիլ Գեյթսը, բայց տեղական մասշտաբով հարուստները կօգտվեն։ Ստեղ էլի խոսակցությունը մտնում է փակուղի»։

Երբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, շարունակելով ներկայացնել իրենց ծրագրերը, նշեց, որ 200 հազար դրամ ներդրում պիտի կատարվի գյուղացու կողմից, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Ես ասում եմ՝ փող չունեն, Դուք ասում եք՝ 200 հազա՞ր։ Մարդուն ասում եմ՝ վարկ վերցրու, ասում է սև ցուցակում եմ, սա մի հոգու, երկու հոգու մասին չէ, տասնյակ հազարներով են։ Ասում եմ՝ անհույս վարկերի ծրագիր ենք ընդունել, ասում են՝ դա պետական աշխատողների համար է, ասում եմ ավտոդ ծախի, ասում է՝ ծախել եմ, ասում եմ՝ կովդ ծախի, ասում է՝ ծախել եմ»։

ՀՀ փոխվարչապետն այս առիթով միջամտեց․ «Ուզում եմ տարանջատենք՝ գյուղատնտեսությունը բիզնես մոդե՞լ է, թե սոցիալական խնդիր։ Եթե մեր ծրագրերը հասանելի չեն իքս շահառուի, որը ծանր վիճակում է, նորմալ է։ Եթե մարդը 200 հազար դրամ ունենար և ներդներ, այդ դեպքում ավելի խորը պրոբլեմներ էր ստեղծելու իր ընտանիքի կյանքում, քանի որ ինքը ինստիտուցիոնալ չէ։ Ամենամեծ խնդիրն այն է, որ հող ունի։ Պիտի հողերի կոնսոլիդացիայի խնդրով ավելի ինտենսիվ զբաղվենք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31