«Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու գրասենյակում այս պահին շարունակվում են խուզարկությունները։ Դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն Aravot.am֊ի հետ զրույցում ասաց, որ վաղ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեի ու քրեական ոստիկանության աշխատակիցները մտել են իրենց շտաբի աշխատակից Արա Ոսկանյանի բնակարան, ոչինչ չեն հայտնաբերել։
Այս պահին էլ շարունակում են խուզարկությունները. փակել են աշխատասենյակների դռներն ու ակնհայտորեն խոչընդոտում են իրենց աշխատանքը։
Անդրանիկ Թևանյանը սա որակում է քաղաքական հետապնդում և ուղիղ միջամտություն քաղաքական գործընթացին, որի անմիջական պատասխանատուն ու կազմակերպիչը Նիկոլ Փաշինյանն է։
Կարդացեք նաև
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանն անհանգստացած է Գյումրիում ընտրությունների սպասվելիք արդյունքներով, իշխանազավթումից հետո փորձում է պահել իր աթոռը ու նման «ճղճիմ մեթոդների» է դիմում։
Անդրանիկ Թևանյանի տեղեկացմամբ, թեկնածուներից մեկին էլ` անչափահաս երեխաների մայր Էմմա Գրիգորյանին անհասկանալի պատճառներով տեղափոխել են Երևան` հարցաքննության, երբ Գյումրիում կար ողջ գործիքակազմը` դա կազմակերպելու։
Անդրանիկ Թևանյանը նշեց, որ այսօր ժամը 17.00֊ին իրենց ամփոփիչ հանրահավաքը տեղի կունենա Աբովյան ճեմափողոցում, այս ամենին ընդառաջ փորձում են վախի մթնոլորտ ստեղծել։
Մանրամասները` տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ