Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուտով Կովկասում կարող ենք ականատես լինել գործողությունների, որոնք, ի վերջո, կարող են հանգեցնել Զանգեզուրի միջանցքի բացմանը, սպառնալով ՀՀ տարածքային ամբողջականությանը». Ֆարշադ Ադել. «Հրապարակ»

Մարտ 27,2025 11:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Թեեւ Իրանի ԱԳ նախարարի` Հայաստան այցի հիմնական պատճառը չի կարելի վերագրել բացառապես խաղաղության համաձայնագրին, սակայն վստահ եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրը եղել է այս այցի առանցքային թեմաներից մեկը»,- անդրադառնալով իր երկրի ԱԳ նախարարի այցին՝ «Հրապարակ»-ին ասում է Իրանում ազդեցիկ ստրատեգ Ֆարշադ Ադելը։

Իրանի դիրքորոշումը խաղաղության պայմանագրի վերաբերյալ, մեր զրուցակցի խոսքով, հստակ է. Թեհրանը մշտապես ընդգծել է, որ տարածաշրջանային վեճերը պետք է լուծվեն երկխոսության եւ դիվանագիտական ուղիներով: «Այս սկզբունքին համահունչ, Իրանն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունների դիվանագիտական լուծումներին, դիրքորոշում, որն ԱԳ նախարարը միանշանակ կրկնել է։ Սա Իրանի պաշտոնական դիվանագիտական դիրքորոշումն է։ Այնուամենայնիվ, ավելի խոր ռազմավարական մակարդակներում Հայաստանը պետք է խոհեմություն դրսեւորի իր գործողություններում եւ ուշադիր դիտարկի տարածաշրջանային զգայունությունը՝ խուսափելու այնպիսի պայմանների ստեղծումից, որոնք կարող են թույլ տալ Ադրբեջանին՝ ապագայում չափազանց մեծ պահանջներ ներկայացնել: Որպես հարեւան պետություն՝ Իրանը ողջունում է կայունությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այնուամենայնիվ, որոշիչ գործոնն այն է, որ նման կայունությունը պետք է պահպանի հավասարակշռությունը։ Հայաստանը նույնպես պետք է շեշտը դնի հավասարակշռված հարաբերությունների վրա եւ ձգտի համաձայնությունների հասնել պարիտետի եւ ուժի դիրքերից։ Այս հրամայականը բխում է նկատվող էքսպանսիոնիստական միտումներից, որոնք ներկայում դրսեւորվում են թուրք-ադրբեջանական առանցքում»,-ընդգծում է իրանցի վերլուծաբանը՝ շեշտելով, որ հատկապես Սիրիայում զարգացումներից հետո թուրքական այդ նկրտումներն ուժեղացել են։

«Շուտով Կովկասոււմ մենք կարող ենք ականատես լինել գործողությունների, որոնք, ի վերջո, կարող են հանգեցնել Զանգեզուրի միջանցքի բացմանը, դրանով իսկ սպառնալով Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Հետեւաբար, պաշտոնական դիվանագիտական դիրքորոշումներից դուրս, կարեւոր է հիմնարար ռազմավարական նշանակություն ունեցող այս հարցերի եւ Իրանի ու Հայաստանի ընդհանուր ազգային շահերի նկատմամբ ուշադրությունը, եւ, անկասկած, այն առանցքային տեղ է զբաղեցնում Իրանի արտաքին քաղաքականության ապարատի օրակարգում»,- ասում է Ֆարշադ Ադելը՝ վերլուծելով Արաղչիի երեւանյան այցելությունը:

Արաղչիի՝ Հայաստան այցի մի դրվագ էլ, որ աննկատ չմնաց ուշադիր աչքերից։ Իրանի ԱԳ նախարարն իր Ինստագրամ էջում այցի մասին պատմող կարճ տեսանյութ էր հրապարակել, որտեղ օդանավից Արարատի գեղեցիկ պատկերն էր երեւում։ Արարատը մերժելու Փաշինյանի ջանքերի ֆոնին սա ուշագրավ է։ Մեր զրուցակիցը նուրբ ու խորհրդանշական ուղերձ համարեց այդ դրվագը՝ շեշտելով, որ հայերի համար Արարատ լեռան նշանակության մասին իր երկրում գիտեն ու ակնածանքով են վերաբերվում դրան։ «Սակայն այն փաստը, որ այս առասպելական լեռը գտնվում է Թուրքիայի ներկայիս սահմաններում, խոր վիշտ է հայ ժողովրդի համար եւ խորհրդանշում է նրա՝ Հայաստանի հնագույն հողերը վերադարձնելու հույսը։ Արարատը պատկերելը կարող է դիտվել որպես հարգանքի նշան Իրանի ժողովրդի եւ կառավարության կողմից՝ հայ ժողովրդի այս ձգտումներին։ Սա կարելի է մեկնաբանել որպես նուրբ հաղորդագրություն առ այն, որ Իրանը, գիտակցելով եւ ճանաչելով հայոց պատմությունը, ընդունում է նրա ավանդույթները եւ Արարատը համարում Հայաստանին պատկանող առասպելական ժառանգություն»,- ասաց իրանցի փորձագետը:

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31