Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրվել են իրավիճակներ, երբ փաստացի փորձ է արվում ընտրողներին հարկադրելու քվեարկել թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ, ինչն անթույլատրելի է. ՄԻՊ

Մարտ 27,2025 10:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմն իրականացնում է անկախ դիտարկում 2025 թվականի մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ՝ հիմնված անկողմնակալության և քաղաքական չեզոքության սկզբունքների վրա:

Սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են հանրային խոսույթում տարածվող խտրականության, անհանդուրժողականության, ինչպես նաև ատելության խոսքի դրսևորման դեպքեր: Ավելին, արձանագրվել են իրավիճակներ, երբ դրանց միջոցով փաստացի փորձ է կատարվում հարկադրել ընտրողներին քվեարկել թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ, ինչն անթույլատրելի է:

Պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ նախընտրական գործընթացների շրջանակներում տարատեսակ հիմքերով հանրության բևեռացման աստիճանը բավականին բարձր է:

Պաշտպանը կարևորում է նախընտրական գործընթացների շրջանակներում հանրային ազատ բանավեճի երաշխավորումը կարծիքի արտահայտման ազատության իրավունքի թույլատրելի շրջանակներում, այլոց իրավունքների և ազատությունների հարգման ու համերաշխության մթնոլորտում՝ ընդգծելով պետության կողմից համապատասխան կառուցակարգերի գործադրման անհրաժեշտությունը հանրային անհանդուրժողականությունը հաղթահարելու, ատելության խոսքն ու խտրականությունը բացառելու ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է քաղաքական ուժերին, հանրային գործիչներին հանրային խոսույթում ոչ միայն բացառել ատելության խոսքի, վիրավորանքի, անհանդուրժողականության, խտրականության ցանկացած դրսևորում, այլ նաև հակազդել դրանց: Ընդ որում` միջազգային չափանիշների համաձայն` նման պարտականություն կրում են ոչ միայն գործող պաշտոնատար անձինք, այլ նաև յուրաքանչյուր հանրային ու քաղաքական գործիչ:

Ընտրական իրավունքի իրացման կամ ընտրական խախտումների վերաբերյալ բողոքները կարող եք ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ շուրջօրյա անվճար գործող թեժ գծի հետևյալ հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100:

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31