Որ Ռուբիոն եւ Փաշինյանն իրար հետ հեռախոսով խոսել են, ուրեմն՝ վերջ. հեսա Թրամփը կստիպի Ալիեւին ստորագրել «խաղաղության համաձայնագիրը»: Նման պարզունակ թեզերով իշխանական քարոզչությունը փորձում է համոզել, որ իր «խաղաղության օրակարգը» ապրում եւ զարգանում է: Իրականում այդպիսի որեւէ օրակարգ չկա, բանակցություններ նույնպես չկան: Գոյություն ունեն Ադրբեջանի պահանջները, որոնք առանց քննարկելու, առանց, թույլ տվեք ասել, սակարկելու Փաշինյանը կատարում է:
Արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ Թրամփի վարչակազմը չի ցանկանում, որ Հարավային Կովկասում իրավիճակը կրկին սրվի: Բայց նրա դաշնակիցները՝ մասնավորապես, Թուրքիան եւ Իսրայելը, քաղաքական որոշակի ռեսուրս ունեն «ոչ» ասելու ԱՄՆ-ին: Այդ ռեսուրսն, իհարկե, անսահմանափակ չէ եւ կախված է նրանից, թե որքանով է ԱՄՆ-ը խնդիրը կարեւորում: Կասկածում եմ, որ մեր խնդիրը հենց այդ դեպքն է:
Բայց Հայաստանում ներքաղաքական քարոզչության համար շատ հարմար է առաջ քաշել այն դրույթը, թե իբր ամեն ինչ պատրաստ է «խաղաղության համաձայնագրի» ստորագրման համար, բոլոր տերությունները երազում են, որ օր առաջ դա տեղի ունենա, բայց հայաստանյան «փիս» ընդդիմությունը, որը նոր պատերազմ, ռեւանշ եւ ապակայունացում է ցանկանում, խանգարում է այդ գործընթացին: Հայաստանի ընդդիմությունը չլիներ, վաղուց արդեն հայտնվել էինք խաղաղության, կայունության եւ անվտանգության դրախտում:
Իրականում Ադրբեջանն այժմ չի պատրաստվում ստորագրել «խաղաղության համաձայնագիրը» ու առաջ է քաշում նախապայմաններ: Առայժմ շրջանառվում են դրանցից մի քանիսը. Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի, Հայաստանում գտնվող «պատերազմի հանցագործները» պետք է հանձնվեն Ադրբեջանին, 350 հազար ադրբեջանցիներ պետք է «վերադառնան Հայաստան»: Պարզ է, որ որքան էլ Փաշինյանը ցանկանա այդ ամենն անել, դա հնարավոր չէ իրականացնել մի քանի օրում կամ մի քանի շաբաթում:
Կարդացեք նաև
Հետեւաբար, խաղաղության համաձայնագրի ստորագրումն առնվազն մի քանի ամսով հետաձգվում է, եւ դրա մեղավորն ամենեւին Հայաստանի ընդդիմությունը չէ: Հույս ունենալ, որ Թրամփը կամ որեւէ մեկը կպահանջի՝ «վեր՛ջ տվեք նախապայմաններին եւ ստորագրե՛ք», եւ Ադրբեջանը դա կանի, իրատեսական չէ:
Բայց այդ պահանջների կատարումից հետո անգամ փաստ չէ, որ համաձայնագիրը կստորագրվի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով