Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ ՊՊԾ պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանի «հաշտության համաձայնագիրը»

Մարտ 27,2025 14:00

Օրեր առաջ տեղեկացանք, որ դատարանի վճռով, պետության հետ «հաշտության համաձայնագրով», որպես ապօրինի ձեռք բերված գույք, ՀՀ սեփականություն է դարձել Երեւանի Ծովակալ Իսակովի 23 հասցեում գտնվող 0,05 հա մակերեսով հողամասը` 29 միլիոն դրամ արժողությամբ: Ուշագրավ է, որ այս մասին առաջինը տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պարզվեց՝ խոսքը Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին՝ «Սերժի Վաչոյին» պատկանող հողատարածքի մասին է։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը՝ ի դեմս ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Մ. Բուլղադարյանի, դեռ 2022թ. մայիսի 31-ին հայցադիմում էր ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Վաչագան Ալեքսանդրի Ղազարյանի, Ռուզաննա Հրաչիկի Բեգլարյանի, Մհեր Վաչագանի Ղազարյանի, Արեւ Վաչագանի Ղազարյանի եւ Արամ Աշոտի Դանիելյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:

Դեռ այդ ժամանակ գլխավոր դատախազությունը հայտարարեց, թե նա ունի 17 բնակարան, 8,2 միլիարդ դրամի ապօրինի գույք (Ավան վարչական շրջանում, Ծովակալ Իսակովի պողոտայում, Ամիրյան-Խորենացի փողոցում, Այգեստան թաղամասում…):

Դատարանի 2022 թվականի հունիսի 13-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել էր վարույթ:

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի 2022 թվականի հուլիսի 14-ի թիվ 369-Ա հրամանով նույն դատարանի դատավոր Հ. Զարգարյանին 03.08.2022 թվականից մինչեւ 30.08.2022 թվականը ներառյալ տրամադրվել է ամենամյա հերթական արձակուրդ:

Ըստ Դատական դեպարտամենտի ղեկավարի 26.08.2022 թվականի թիվ Ե-701 գրության՝ «Տեղեկացվում է, որ Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ թվով 8 դատավորներ եւ Հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ թվով 3 դատավորներ 19.08.2022 թվականին «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 118-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգավորումների ուժով ստանձնել են Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում (Արլիս) այս պահի դրությամբ թիվ ՀՕ-333-Ն, թիվ ՀՕ-335-Ն եւ թիվ ՀՕ-334-Ն օրենքների լրացումները եւ փոփոխությունները համապատասխան օրենսգրքերում (օրենքում) դեռեւս ինկորպորացված չեն, հարկ է ի գիտություն ընդունել, որ դրանք ուժի մեջ են մտել 22.08.2022 թվականից»:

Տվյալ դեպքում ուսումնասիրելով գործում առկա նյութերը՝ դատարանը պարզել եւ հաստատված է համարել, որ սույն գործով ներկայացված հայցի առարկան՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի հիման վրա գույքի բռնագանձման պահանջի մասին է: Նշվածից հետեւում է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի հիման վրա գույքի բռնագանձման պահանջի մասին դատարանի վարույթում առկա է քաղաքացիական գործ, որով անցում չի կատարվել դատաքննության փուլ: Հետեւաբար, ակնհայտ է, որ ներկա պահին սույն գործով քննություն կարող է իրականացնել բացառապես Հակակոռուպցիոն դատարանը, եւ բացառապես այս դատարանը կարող է քննել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով գործերը:

Դատարանը եկել է այն եզրահանգման, որ գործը ենթակա է քննության Հակակոռուպցիոն դատարանում, ուստի թիվ ԵԴ/27654/02/22 քաղաքացիական գործն ուղարկել էր Հակակոռուպցիոն դատարանի քննության:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.03.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31