Սահմանադրական դատարան անհատական դիմումով դիմած քաղաքացին ներկայացնելով թիվ ԵԴ1/0428/11/24 գործի դատավարական նախապատմությունը՝ նշել էր, որ իր 6 ընտանիքները կոռուպցիոն հիմքով զրկվել են հողի նկատմամբ սեփականության ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 2 իրավունքից, այսօր ապօրինի զավթված հողամասերը վերադարձվում են պետությանը, իսկ իրենից՝ քաղաքացուց ապօրինի վերցված հողատարածքը հնարավոր չէ՞, արդյոք, վերադարձնել տիրոջը, հիմք՝ ՀՀ պետական արբիտրաժի 1992թ. նոյեմբերի 26-ի թիվ 1/1198 եւ ՀՀ արբիտրաժային դատարանի 1995թ. 0-195 որոշումները:
Ըստ դիմողի՝ իր հիմնավորումները չեն քննարկվել ՀՀ դատարանների կողմից. «չեն հիմնավորել, թե արբիտրաժային դատարանի 1995թ.-ի վճիռը պատկանո՞ւմ է Հայաստանի Հանրապետությանը, նրա դատական համակարգին, թե՞ ոչ, իրենց որոշումներում բացարձակապես բացակայում էին հիմնավորումների համար պատճառաբանական մասը եւ վերացականորեն գրել են, որ հիմքերը բավարար չեն: Այդ դեպքում ինչ հիմքով են կիրառել Հայաստանի Հանրապետության օրենքները Հայաստանի Հանրապետությանը եւ նրա դատական համակարգ ինչ պատկանող փաստաթղթի նկատմամբ՝ գիտակցաբար խախտելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան Քրեական դատավարության օրենսգրքի 3-րդ, 4-րդ հոդվածները, որոնց համաձայն՝ ՀՀ օրենքները գործում են ՀՀ տարածության եւ ժամանակի մեջ, պետության դրոշի կամ՝ տարբերանշանի ներքո»:
Դիմողի պնդմամբ, դատավորները դիտմամբ նշված խախտումները չեն նկատել եւ իր բողոքը դիտարկել են քննիչի եւ դատախազի սուտ որոշումների հիմքով՝ թե «բողոքը չի վերաբերում հիմնարար խախտման եւ բացառիկ վերանայման ենթակա չէ: Ավելին, դատախազ Ս. Բեգլարյանը ոչ միայն չի անդրադարձել բողոքաբերի 25.07.2024թ.-ի դիմումին, փոխել է բողոքաբերի անուն-ազգանունը, սեռը՝ գիտակցելով, որ իր նախորդը՝ Դ. Կարապետյանը 2012թ.-ին կարողացել է փոխել պետության «անուն-ազգանունը» եւ չի ենթարկվել պատասխանատվության, գործել են նույն մտածելակերպով, հաշվի չառնելով ոչ մի օրենք, խախտելով ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի պահանջը»:
Ֆելիքս Հայրապետյանը 2025 թվականի մարտի 6-ին Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով խնդրել էր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3-րդ եւ 4-րդ հոդվածների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը: Նաեւ նշել էր, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը խախտել է Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջը՝ թույլ է տվել մարդու իրավունքների հիմնարար ազատությունների խախտում, որ Վճռաբեկ դատարանի դատավորները որոշումներում նշել են, որ առկա չէ իրավունքի զարգացման խնդիր, մինչդեռ ըստ դիմողի. «առկա է իրավունքի զարգացման խնդիր, որը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, բացի այդ, առերեւույթ թույլ է տրվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա»: Որն է դատական սխալը: Ըստ դիմումատուի՝ Վճռաբեկ դատարանը թույլ է տվել դատական սխալ, քանի որ ՀՀ արբիտրաժային դատարանի կողմից 1995 թվականին կայացված թիվ 0-195 որոշումը «չի պատկանում Հայաստանի Հանրապետությանը եւ նրա դատական համակարգին», ինչի հետեւանքով, ըստ Հայրապետյանի, խաթարվել է արդարադատության բուն էությունը:
Կարդացեք նաև
Հարցը հետեւյալն էր, թե՝ «նշված պայմաններում հայցվորն արդյոք զրկվա՞ծ է դատական պաշտպանության սահմանադրական իրավունքն իրականացնելու հնարավորությունից», դատարանների կողմից արդյոք չե՞ն պահպանվել Սահմանադրության 75 եւ 79-րդ հոդվածների պահանջները:
Սահմանադրական դատարանի դատական կազմն այս կապակցությամբ արձանագրել է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական եւ (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ՝ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի սահմանադրականության գնահատման հարցեր:
Ըստ դատական կազմի` դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականության գնահատում, այլ ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ֆելիքս Հայրապետյանի անհատական դիմումով գործի քննությունը ՍԴ դատական կազմը երեկ մերժել է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.03.2025