Հայկական «անձնագրով» ապրանքանիշը շրջել է զարդարվեստի հանդեպ մարդկանց պատկերացումները
Արդեն շուրջ 50 տարի Միլանի նորաձեւության շաբաթներին ներկայանում են աշխարհի ամենահայտնի ապրանքանիշներն ու նորաձեւության համբավավոր տները: Իսկ հայկական ազգանունների ու ապրանքանիշների ներկայությունը նման շքեղ ու հեղինակավոր հարթակներում Հայաստանի մասին բարձրաձայնելու եւս մեկ հնարավորություն է:
Ուրախալի է, որ այս տարվա մարտի սկզբին Միլանի նորաձեւության շաբաթին մասնակցել է հայաստանյան UHI յուրօրինակ ապրանքանիշը իր նոր՝ Renaissance եւ EYECONIC հավաքածուներով: UHI-ի ապրանքանիշի հիմնադիրներն են Արմեն Շահինյանն իր կնոջ՝ Նարինե Հարությունյանի հետ: Արմենը փորձառու դիզայներ է, որը մինչ սեփական ապրանքանիշի հիմնադրումը շուրջ 15 տարի աշխատել է ոլորտում՝ համագործակցելով արտասահմանյան տարբեր կազմակերպությունների հետ։ Նրա ստեղծած զարդերի ու վարպետության մասին քանիցս հրապարակումներ են եղել հանրահայտ միջազգային ամսագրերում ու պարբերականներում, իսկ Vogue-ը գրել է, որ Արմենը համատեղում է անթերի վարպետությունը՝ նորաձեւության առաջադիմության հետ, յուրաքանչյուր կտոր դարձնելով ոչ միայն աքսեսուար, այլեւ ոճի եւ անհատականության դրսեւորում:
Միլանի նորաձեւության շաբաթի շրջանակում UHI-ի անչափ համարձակ, ինքնատիպ եւ նրբագեղ հավաքածուները ներկայացվել են շքեղագույն պալատներից մեկում, որտեղ ներկա բարձր նորաձեւության հանրության առաջ շատ պատասխանատու էր ներկայացնել հայկական զարդերը: Նրանց զարմացրել են Արմեն Շահինյանի բացառիկ աշխատանքները, մասնավորապես դեկորատիվ ֆեյշն ակնոցներ, որոնք բնորոշ են արեւմտյան շուկային: Ի դեպ, UHI-ն հայկական շուկայում առաջինն է, որ ի թիվս այլնի, ստեղծել է այդ ակնոցները, ականջների կաղապարներով մեծ զարդերը, քթի աքսեսուարները:
Նարինեն, որ վաճառքի եւ մարքեթինգի մասնագետն է, «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ իրենք բազմաթիվ ցուցադրությունների են մասնակցել աշխարհի տարբեր երկրներում՝ ներկայացնելով UHI-ն, որը, նրա ձեւակերպմամբ, իրենց մասին է, հոգեհարազատ՝ իրենց էությանը, իսկ նպատակն է՝ ծառայել տարբեր տարիքի գեղեցկուհիներին, ինչի մասին հուշում է նաեւ ուհի վերջածանցը ապրանքանիշի անուն դարձնելը: Նարինեն հավելում է, որ Արմենը իր մեծ սիրով ստեղծում է այնպիսի զարդեր, որոնք հաճույքով ինքը կկրեր:
Արմենի խոսքով, 3 տարվա պատմություն ունեցող UHI-ին իրենց կենսակերպն է, հետաքրքրությունը, ոգեշնչումը, ստեղծագործական զբաղմունքը, ապրուստի միջոցը, ավելի ճիշտ՝ այդ ամենի հանրագումարը: Ի տարբերություն այլ ապրանքանիշների՝ իրենք ավելի հանրային են, էջեր ունեն սոցցանցերում, ֆինանսական եկամուտ ստանում են UHI-ից եւ այն կրկին ներդնում են UHI-ի մեջ: Հայկական ապրանքանիշի հիմնադիրներն ընդգծում են, որ կարեւոր է իրենց համար Միլանի նորաձեւության շաբաթին եւ ցանկացած հարթակում չկորցնել ինքնությունը, հատկապես որ Արմենը ստեղծում է զարդեր, որոնք հայկական են, բայց իրենց մեջ չեն ամփոփում հայկական ավանդական զարդարվեստի հայտնի էլեմենտները, UHI-ի զարդերում ներդրված են դիզայների մտքի համարձակ թռիչքը, ոգեշնչումն ու անհատականության դրոշմը: Այս որակների շնորհիվ այս անգամ Միլանի նորաձեւության շաբաթին UHI- ի հանդեպ մեծ է եղել հետաքրքրությունն ու հիացմունքը:
Ինչպես արդեն նշեցինք, Արմեն Շահինյանը զարդարվեստի ոլորտում է շուրջ 15 տարի: Առաջին ձեռագործ զարդերը նա պատրաստել է Նարինեի համար, երբ դեռ ուսանող էին, քանի որ այդ ժամանակ դա ուսանող երիտասարդի՝ սիրած աղջկան նվերներ անելու միակ հնարավորությունն էր: Այժմ Արմենն իր գործի վարպետն է, նա գերազանց տիրապետում է ոսկերչության ոլորտի ողջ տեխնիկական շղթային, ինչի արդյունքում դիզայնը նրա մոտ անթերի ու կատարյալ է ստացվում:
Քովիդից հետո ստեղծված այս հայկական ապրանքանիշը շրջել է զարդարվեստի հանդեպ մարդկանց պատկերացումները, իր ուրույն ձեռագրով մտել շուկա, փաստել, որ Հայաստանում հնարավոր է նորաձեւ լինել զարդերի միջոցով, զարդեր, որոնց նմանը մինչ այդ Հայաստանում չի եղել:
UHI-ի հիմնադիրները ստեղծել են բացառիկ դիզայն-ստուդիա, որտեղ գեներացվում են գեղեցիկ ու հավակնոտ գաղափարներ. այստեղ իրենք հանդիպում են պոտենցիալ հաճախորդի հետ, որոնց եւս ներգրավում են զարդի ստեղծման գործընթացում, ու յուրաքանչյուր ոք զգում է, որ եկել է յուրահատուկ վայր, որտեղ պատրաստում են զարդեր՝ հատուկ իրենց համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարների հեղինակներն են՝ Parinya Wongwannawat
Giona Afzal, Anna Minaeva,
Bundzilo Tanya
«Առավոտ» օրաթերթ
26.03.2025