Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւան-Մոսկվա հարաբերություններում Փաշինյանը կարմիր գծեր չի հատել

Մարտ 27,2025 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Հետաքրքիր «զուգադիպությամբ»` Ռուսաստանն ու Ադրբեջանը խաղաղության հաստատման հեռանկարների համար սահմանադրություններն են վկայաբերում

Թեեւ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Ռուսաստանի նախագահի հրավերը եւ մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին, Ռուսաստանից Հայաստանի ուղղությամբ խայթոցները շարունակվում են:

Մոսկվան օպերատիվ տեղեկատվություն է խնդրել Երեւանից Պենտագոնի կողմից Հայաստան տեխնիկա տեղափոխելու մասին ԶԼՄ-ների հրապարակումների վերաբերյալ, անցյալ շաբաթ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Հայ գործընկերները պատասխանել են, որ Վաշինգտոնից պաշտոնական հարցում չի ստացվել, նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: Սակայն եթե տեղեկությունը հաստատվի, ապա դա ապակայունացնող գործոն կդառնա Հարավային Կովկասում, հավելել է նա։ Դա նաեւ փորձ կլինի տարածաշրջան բերել առճակատման սխեմաներ, որոնք մշակվել են հավաքական Արեւմուտքի կողմից, նկատել է Զախարովան` հավելելով, Ռուսաստանը շարունակում է ելնել նրանից, որ Հարավային Կովկասի երկրների ներկայիս խնդիրները պետք է լուծվեն հենց այդ պետությունների շրջանակում։

Նկատենք, որ տեղեկությունը հրապարակել էր ռուսական պետական` Russia Today-ը, հայտնելով, որ Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայի իր ռազմակայաններից սարքավորումների հարյուրավոր միավորներ տեղափոխել Հայաստան։ Փաստաթղթերի համաձայն, որոնք ուսումնասիրել էր RT-ն, տեղափոխումը նախատեսվում է իրականացնել Վրաստանով։ ԱՄՆ պետգնումների պորտալի տվյալներով՝ Միացյալ Նահանգների բանակի նյութատեխնիկական ապահովման հրամանատարությունը նախատեսում է փոխադրումն իրականացնել գերմանական Դյուլմեն ռազմակայանից Հայաստանի Զառ ռազմակայան։

Փոխադրումը նախատեսված է հուլիսի 16-ին։ Սպասվում է, որ այն կշարունակվի մինչեւ օգոստոսի 7-ը։ Գերմանիա վերադարձը, ինչպես նշվել է տեղափոխման ծառայությունների մատուցման տենդերի մասին տեղեկատվությունում, նախատեսված է 2025թ. օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ի ընթացքում։

Պայմանագիրը նաեւ նախատեսում է սարքավորումների տեղափոխում Արմավիրի ուսումնական զորադաշտից Վրաստանի Փոթի նավահանգիստ։ Ընդամենը նախատեսվում է տեղափոխել 151 միավոր սարքավորում, ներառյալ տրանսպորտը, գեներատորները եւ հատուկ բեռնարկղերը։

Լոգիստիկայից բացի, ամերիկացի զինվորականները պատվիրում են այնպիսի սպեցիֆիկ ծառայություններ, ինչպիսին են տրանսպորտի լվացումը եւ վարակազերծումը աֆրիկյան խոզի ժանտախտից հենց Հայաստանի զորադաշտում։ Պայմանագրի շրջանակում Հայաստան կբերվեն նաեւ ութ շտապօգնության մեքենաներ։ Բացի այդ, տենդերում պայման կա. սարքավորումները չի կարելի տեղափոխել Ռուսաստանով, Թուրքիայով կամ Ադրբեջանով` «դիվանագիտական թույլտվությունների հետ կապված բարդությունների պատճառով»։

Դյուլմենում, որտեղից նախատեսվում է բերել տեխնիկան, տեղակայված են ԱՄՆ դաշտային աջակցության 405-րդ բանակային բրիգադի ստորաբաժանումները։ Այդ բրիգադն ամերիկյան զորքերի առանցքային լոգիստիկ օպերատորն է եվրոպական եւ աֆրիկյան թատերաբեմերում, որն ապահովում է զինանոցների ցանցի եւ բազաների պահման աջակցությունը Գերմանիայում, Լեհաստանում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Բելգիայում եւ այլ երկրներում։

Համատեղ զորավարժությունները նորություն չեն: Հայաստան-ԱՄՆ ռազմական համագործակցության շրջանակներում 2023-ի սեպտեմբերին եւ 2024-ի հուլիսին Հայաստանում անցկացվեցին «Արծիվ գործընկեր» (Eagle Partner) համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցել էին հարյուրավոր զինծառայողներ երկու երկրներից, կիրառվել էր նաեւ ամերիկյան զինտեխնիկա՝ այդ թվում զրահափոխադրիչներ եւ հետեւակի մարտական մեքենաներ։ Բացի այդ, 2025թ. հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրվեց, որն էլ ավելի է ամրապնդում երկու երկրների միջեւ ռազմական համագործակցությունը։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել Հայաստանի ուղղությամբ զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին տեղեկատվությունը, որի մասին հրապարակում էր արել ռուսական RT գործակալությունը։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ Պենտագոնից հայտնել էին հետեւյալը. «ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները։ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում զինտեխնիկայի տեղաշարժերը՝ օպերացիոն անվտանգության նկատառումներից ելնելով»։

Ինչ է ստացվում… Ըստ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի` Մոսկվան օպերատիվ տեղեկատվություն է խնդրել Երեւանից՝ Պենտագոնի կողմից Հայաստան տեխնիկա տեղափոխելու մասին ԶԼՄ-ների հրապարակումների վերաբերյալ, իսկ հայկական կողմը պատասխանել է` ռուսական կողմին:

Նախ` ինչո՞ւ է պաշտոնական Երեւանն իրեն պարտավորված զգում` պատասխանել ռուսական կողմի հարցումներին: Այսպես Հայաստանի եւ այլ երկրների համագործակցության շրջանակներում տարբեր ծրագրերի, միջոցառումների վերաբերյալ Մոսկվայի բոլոր հարցումներին պետք է պատասխանե՞լ: Նման պահվածքն է նաեւ նպաստում, որպեսզի Մոսկվայից Հայաստանի ուղղությամբ Արեւմուտքի հետ հարաբերությունների վերաբերյալ «կոչերը» ուղղակի չդադարեն:

Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կնշանակի, որ նա ստիպված կլինի միանալ հակառուսական պատժամիջոցներին եւ զենք մատակարարել Ուկրաինային, օրերս նախազգուշացրել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Հայաստանը ստիպված կլինի միանալ եվրոպական պատժամիջոցներին եւ Եվրամիության ռազմաքաղաքական որոշումներին, այդ թվում՝ այնպիսի գործիքների շրջանակում, ինչպիսիք են ԵՄ ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականությունը, ինչպես նաեւ Խաղաղության եվրոպական հիմնադրամը։ Այդ հիմնադրամը ֆինանսապես աջակցում է Ուկրաինայի նացիստական ռեժիմի զինված ուժերին»,-նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Շոյգուն պարզաբանել է, որ Եվրամիությանը հնարավոր անդամակցության դեպքում Հայաստանը ոչ միայն տնտեսական խնդիրների կբախվի, այլեւ ստիպված կլինի միանալ հակառուսական պատժամիջոցներին, եւ ըստ նրա` Բրյուսելը կպնդի այդ հարցում։ Նա նկատել է, թե, իբր, այդ քայլերն ուղղված են լինելու ոչ միայն Ռուսաստանի եւ Բելառուսի, այլ նաեւ Իրանի դեմ, որի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2024թ. վերջին կազմել է ավելի քան 737 մլն դոլար։

Այնուհետեւ Շոյգուն հիշեցրել է Եվրամիությանը միանալու գործընթաց սկսելու դեպքում արտոնությունների կորստի մասին։ Դա վերաբերում է ԵԱՏՄ միասնական աշխատաշուկային, պարզեցված գրանցմանը, անվճար բժշկական օգնությանը, անվճար կրթությանը եւ այլն։ «Ամենահամեստ հաշվարկներով՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը Եվրամիությանը միանալու բանակցային գործընթացի փուլում Հայաստանի համար կարժենա ՀՆԱ-ի 30-40 տոկոսը։ Դա կրիտիկական վնաս կհասցնի երկրի տնտեսությանը, իսկ արտադրության անկումը, աշխատաշուկայի փոքրացումը, գործազրկության աճը եւ գնաճը կհանգեցնեն կենսամակարդակի կտրուկ անկման։ Ընդ որում, հաշվի առնելով եվրոպական տնտեսության վիճակը` Երեւանը չպետք է ԵՄ-ից շռայլ սուբսիդիաների հույս ունենա»,-նկատել է Սերգեյ Շոյգուն։

Այն, որ Թուրքիան ու Ադրբեջանն աջակցում են Ուկրաինային` Ռուսաստանի իշխանություններին այդ փաստերն առանձնապես չեն անհանգստացնում, սակայն ինչպես տարբեր հարցերում, այնպես էլ այս դեպքում` բոլոր դժգոհությունները Հայաստանից են:

Ի դեպ, ըստ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի` Ուկրաինայի Սահմանադրությունը խանգարում է խաղաղության հաստատմանը: Հետաքրքիր «զուգադիպությամբ»` Ռուսաստանն ու Ադրբեջանը խաղաղության հաստատման հեռանկարների համար սահմանադրություններն են վկայաբերում: «Ի՞նչ դժվարություններ ունի Ուկրաինան, Ուկրաինայի հիմնական դժվարությունը նրա Սահմանադրությունն է։ Նրանց Սահմանադրությունն արգելում է տարածքային ամբողջականության փոփոխության վերաբերյալ որեւէ բանակցություն»,- ասել է Շոյգուն՝ նկատի ունենալով, որ Ուկրաինայի որոշ մարզեր ՌԴ-ն ներառել է իր կազմում։

Ինչեւէ, Ռուսաստանից Հայաստանին սթափեցնելու գիծը հետեւողականորեն շարունակվում է: Փաշինյանի իշխանությունների կողմից երբեմն-երբեմն Ռուսաստանի ուղղությամբ քննադատությունները, դժգոհություններն իրականում PR քայլեր են: Նշանակալի բոլոր հարցերում Հայաստանի իշխանությունը չի հակադրվել Մոսկվային, չի հրաժարվել ռուսական նախաձեռնություններից: Ավելին, Փաշինյանն իր նախաձեռնությամբ զանգահարում է Պուտինին, ներկայացնում իրավիճակը, հաստատում իր մասնակցությունը մայիսի 9-ին սպասվող տոնակատարությանը: ՀՀ կառավարությունն անգամ Հայաստանի եւ երրորդ երկրների հետ համագործակցության տարբեր ծրագրերի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն է տրամադրում Մոսկվային` ռուսական կողմի հարցումներին ի պատասխան:

Ռուսաստանի հետ բաց առճակատման գնալու, բնականաբար, ոչ ոք չի դրդում Փաշինյանին, պարզապես ինչպես շատ հարցերում, այնպես էլ` Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, Փաշինյանը երբեք չի հատել կարմիր գծեր:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 26.03.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31