«Արմմոնո» միջազգային փառատոնի «Սասունցի Դավիթ» ներկայացումը «Արտավազդ-2025» մրցանակաբաշխության 4 անվանակարգում հավակնորդ է։ «Լավագույն տղամարդ դերակատար»-ի համար ներկայացվել է Արմեն Քուշկյանը, «Լավագույն զգեստների նկարիչ» անվանակարգում՝ Մերի Սարգսյանը, «Լավագույն լուսային նկարիչ» անվանակարգում՝ Արա Գասպարյանը եւ «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում բեմադրիչ Նարինե Գրիգորյանը։ Բայց մինչեւ մրցանակաբաշխությունը, Կապանի կամերային ներկայացումների փառատոնի շրջանակում պիեսը Կապանի թատրոնի բեմում էր։ Դերասան Արմեն Քուշկյանը մարմնավորում է էպոսի 14 կերպար՝ Սասունցի Դավիթ, Մսրա Մելիք, Իսմիլ խաթուն, Վերգո, Ձենով Օհան, Քուռկիկ Ջալալ եւ այլն։ Խոստովանում է՝ ամենաբարդը Դավթի կերպարն էր։ «Երբ առաջարկեցին մարմնավորել Դավթին, զարմացա, հետո վախեցա։ Դավթի կերպարն իմ արտաքինն անհաշտ էր թվում, քանի որ տեսքով հերոսական չեմ։ Սակայն բոլոր կերպարները որ հանեցի, տակը մնաց ծուռ Դավիթը»,-ասաց Արմեն Քուշկյանը։
«Արմմոնո» միջազգային փառատոնի նախագահ Մարիաննա Մխիթարյանի խոսքով անցել են այն ժամանակները, երբ մոնո ներկայացումը «սամ սեբե ռեժիսոր էր»։ «Թիմային աշխատանք է, մոնո լինի թե ստերեո, փոքր լինի թե մեծ ներկայացում՝ կարեւոր չէ։ Կա ներկայացում, որ ուզում ես տեսնել կամ չես ուզում տեսնել, գրավում է կամ չի գրավում ու կապ չունի բեմում 1 հոգի է, թե 100»,-իր խոսքում նշեց տիկին Մխիթարյանը։
Ներկայացման հեղինակների գնահատմամբ «Սասունցի Դավիթ» բեմադրությունը ոչ թե անցյալի մասին է, այլ ներկայի։ Ուղերձը մեկն է՝ ո՞ւր ես, Դավի՛թ
Կարդացեք նաև
«Երբ Դավիթը հայտնվում է հորում, Ձենով Օհանը գոռում է՝ «ո՞ւր ես Դավի՛թ»։ Պետք է արթնացնենք մեր մեջ ապրող Դավթին, մենք Դավթի սերունդն ենք, այդ գենի կրողն ենք։ Հեռանալ, փախչել չենք կարող, ընդամենը պետք է սթափվել, ուշքի գալ ու արթնացնել քո մեջի Դավթին»,-ասում է Արմեն Քուշկյանը։
«Արմմոնո» միջազգային փառատոնի նախագահն ողջունելով կապանցիներին՝ ասաց, որ սահմանամերձ բնակավայրում ապրողները հերոսներ են ու հաճախ պետք է գալ Կապան՝ թե՛ ներկայացումներով, թե՛ առանց ներկայացումների։
«Խոնարհվում եմ ձեր առջեւ, իսկապես, շնորհակալ եմ՝ որ կաք, ապրում եք այստեղ»,-ասաց Մարիաննա Մխիթարյանը։ Նա շնորհավորեց Կապանի թատրոնի 90-ամյակն ու «Արմմոնո»-ի ոսկե հուշամեդալ հանձնեց թատրոնին։
Մարտի 26-ին Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի «Հաղթանակի գենեզիս» ներկայացմամբ փակվեց Կապանի կամերային ներկայացումների առաջին փառատոնը։ Երեկ բեմում Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնն էր՝ «Կնոջս անունը Մորիս է» բեմադրությամբ։ Փառատոնը մարտի 20-ին բացեց Կապանի թատրոնը՝ «Կրքոտ սիրահարը» նոր բեմադրությամբ։ Թատերասեր հասարակությանը իրենց բեմադրություններն են ներկայացրել Գյումրու դրամատիկական թատրոնը՝ «Խելահեղ Seance»-ը, Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը՝ «Եվ եղավ սեր»-ը, Երեւանի կամերային թատրոնը՝ «Ազնավուր. ճանապարհորդություն ժամանակի եւ երաժշտության միջով» պիեսը։
Վաղը՝ մարտի 27-ին «Արտավազդ» մրցանակաբաշխությունն է։ Փառատոնն ու մրցանկաբաշխությունը նվիրված են Կապանի Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի 90-ամյա հոբելյանին։
Թատերական միջոցառումների հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը հատկացրել է 30 մլն դրամ։
Լուսանկարները Կապանի կամերային ներկայացումների փառատոնի ֆեյսբուքյան էջից
Արմեն ԴԱՎԹՅԱՆ