Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդյունքը ամբողջությամբ հակասում է դատախազության կողմից առաջադրվող թեզին եւ որպես պաշտպանվող կողմ, մենք այս փուլը գնահատում ենք որպես հերքող ապացույցներ». Վահան Քերոբյանի փաստաբան

Մարտ 26,2025 22:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ըստ մեղադրանքի՝ նախկին նախարարն իր տեղակալ Անի Իսպիրյանի եւ այլ աշխատակիցների միջոցով գնման գործընթացում ապահովել է «Սիներջի» ընկերության հաղթանակը, որի հետ կապ է ունեցել ինչպես անձամբ, այնպես էլ՝ միջնորդավորված: Սակայն մրցույթի մասնակից «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կրթության զարգացման հիմնադրամը մրցույթի արդյունքը բողոքարկել է դատարանում եւ շահել է այն:

Սկզբում մեղադրանք ներկայացվել է ութ անձի, որոնց թվում՝ «Սիներջի» ընկերության նախկին աշխատակից, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գեւորգյանին: Սակայն վեց անձի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է: Հինգ հոգի ամբողջությամբ ընդունել է մեղքը, ցուցմունք տվել եւ խնդրել զղջալու հիմքով դադարեցնել հետապնդումը, ինչը բավարարվել է: Այժմ մեղադրանք առաջադրված է միայն Վահան Քերոբյանին եւ Աշոտ Հովհաննիսյանին:

Այսօրվա ապացույցների հետազոտման փուլում հանրային մեղադրող Գեւորգ Սարգսյանը ներկայացնում էր Անի Իսպիրյանի եւ գործին առնչվող անձանց հեռախոսազրույցների վերծանված բովանդակությունը, որոնք վերաբերում էին գնման հանձնաժողովի կողմից ընտրությունը կատարելու, նախնական փուլի հաղթող ճանաչվելու եւ «Հարմոնիայի» կողմից այդ հանձնաժողովի որոշումը դատարան բողոքարկելուց հետո կայացած քննարկումներին:

«Այսինքն, դատարանը վճիռ էր կայացրել եւ այն ուղարկել էր կողմերին: Եվ կոնկրետ նախարարության աշխատակիցները, մասնավորապես, հանձնաժողովի անդամ Անի Իսպիրյանը եւ գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը քննարկում էին վճիռը բողոքարկելու ընթացակարգերը բողոքարկելու հանգամանքները:

Անշուշտ, բոլոր ապացույցները, որ կան քրեական գործում, ըստ մեղադրանքի կողմի հիմնավորումը մեղադրանք է բոլոր անձանց: Կոնկրետ այս դրվագով հանրային մեղադրողը իմ ընկալմամբ շեշտադրումը դնում է նրա վրա, որ նույնիսկ դատարանի վճռից հետո նախարարությունը իբրեւ թե ամեն ինչ անում էր, որպեսզի ապահովեր «Սիներջիի» հաղթանակը, ինչը իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ արդյունքում նախարարությունը ոչ թե գնաց այն ճանապարհով, որպեսզի բողոքարկի դատարանի որոշումը, այլ հակառակը՝ չբողոքարկեց ոչինչ: Որոշումը մտավ օրինական ուժի մեջ եւ հաղթող ճանաչվեց «Հարմոնիան», որի հետ կնքվեց ծառայությունների մատուցման պայմանագիր:

Դրանից հետո պարոն Քերոբյանը 2024 թվականի սկզբներին պաշտոնից ազատվել է: Սակայն, այնուամենայնիվ, իրեն հաջորդող անձինք առայժմ «Հարմոնիայի» հետ պայմանագիր չեն կնքել, ինչը պետք է անեին համապատասխան պայմանների դեպքում: Իսկ թե ինչի չեն կնքել, պայմանները վրա հասել են, թե ոչ, դրա հասցեատերերը արդեն ուրիշ մարդիկ են, ուրիշ պաշտոնատար անձինք են:

 

Գործը բողոքարկման տուրբուլենտության մեջ չգցելու պարոն Վահան Քերոբյանի, նախարարության վարքագիծն ամբողջությամբ հակասում են մեղադրանքի այն թեզին, որ նախարարության աշխատակիցները պարոն Քերոբյանի հանձնարարությամբ կամ գլխավորությամբ ամեն ինչ արել են, որպեսզի «Հարմոնիայի» հետ պայմանագիր չկնքվի: Արդյունքը, ինչ տեղի է ունեցել, ամբողջությամբ հակասում է դատախազության կողմից առաջադրվող թեզին: Այսինքն, այս փուլը մենք որպես պաշտպանվող կողմ, գնահատում ենք որպես հերքող ապացույցներ»,-Aravot.am-ին ասաց Վահան Քերոբյանի փաստաբանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31