«Ձեր կայացրած որոշումների հետեւանքը կրում է ամբողջ հայ ժողովուրդը։ Եվ ես ուզում եմ ձեզ հիշեցնել ձեր իսկ խոսքերը, որ երկրում իրական իշխանությունը ժողովուրդն է, դուք ընդամենը տեղապահն եք։ Եվ որպես տեղապահ չեք կարող ստորագրել մի պայմանագիր, որի մասին իրական իշխանությունը, այսինքն՝ ժողովուրդը տեղյակ չէ։ Այսինքն՝ դուք որպես ո՞վ եք պատրաստվում ստորագրել այդ փաստաթուղթը, դուք նման լիազորություն չունեք»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա նշեց, որ Սյունիքում Նիկոլ Փաշինյանի հրահանգով զորքերը հետ քաշվելու հետեւանքով անվտանգային լուրջ խնդիրներ են ստեղծվել։
Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Այս որոշման շնորհիվ այսօր Երեւան-Կապան օդանավը թռնում եւ վերադառնում է։ Ձեր ասած գործողությունները չանելն է, որ բերելու էր անվտանգային մի այնպիսի հետեւանքների, որի մասին խոսելու առիթներ չգիտեմ որտեղ են լինելու։ Այդ որոշումները, որոնք կայացվել են, կայացվել են ճիշտ, հիմնավոր եւ կայացվել են՝ ապահովելու համար անվտանգությունը եւ ծառայել են իրենց նպատակին։ Այդ հատվածում, որտեղ դուք ասում եք՝ հրադադարի ռեժիմի խախտման մի դեպք չի եղել 2020 թվականի այդ ձեր ասած որոշման կայացումից հետո»
Աննա Գրիգորյանն ասաց, որ այդ հատվածում խաղաղ չի եղել, Ներքին Հանդում կրակոցներ են եղել, առաջխաղացում է եղել, Սեւ լիճ են ներխուժել։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ