«Մենք որդեգրել ենք ռազմավարություն եւ գնում ենք այդ ուղղությամբ։ Թե ՀՀ-ի ներսում, թե ՀՀ-ից դուրս կան գործընթացներ, որոնց նպատակն է ՀՀ-ին դուրս բերել այդ ռազմավարությունից եւ ամենը պետք է դիտարկել այդ տեսանկյունից»,- խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին։ Հարցը վերաբերում էր վերջին շրջանում սահմանային կրակոցներին, Ադրբեջանի կողմից այդ առիթով տարածվող ապատեղեկատվությանը։
«Մենք ինչու ենք ասում, որ օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցը մեզ համար քննարկելի է․ այն նույն պատճառով, որի մասին քիչ առաջ ասացի՝ կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք։ Ինչո՞ւ ենք հետաձգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման վերաբերյալ որոշումը. մենք ուզում ենք համոզված լինել, որ ինչպես ունենք քաղաքական որոշում, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում՝ օրինակ, Արևմտյան Ադրբեջանի շարժում, և որ այս պատմությունը ոչ թե խաղաղության մասին է, այլ կոնֆլիկտային տրամաբանությունը Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին»,-շարունակեց Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է հարցի այն մասին, որ Ադրբեջանը պնդում է ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը, իսկ հայկական կողմը նման խնդիր չի արծարծում, Նիկոլ Փաշինյանը կրկնեց․ «Խաղաղության համաձայնագրի տեքստն այդ խնդիրը լուծում է։ Քանի որ Խաղաղության համաձայնագրի նախագիծն այդ խնդիրը լուծում է՝ դա է պատճառը, որ մենք չենք բարձրացնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխելու հարցը, որովհետև այնտեղ մենք տեսնում ենք տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։ Այս մտավախությունները փարատելու ամենակարճ ճանապարհը «Խաղաղության համաձայնագիրը» ստորագրելն է, որովհետև դրա վավերացումից հետո այդ փոխադարձ պարտավորությունները կստանան ավելի բարձր իրավական ուժ, քան մեր ներքին օրենսդրությունները»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ