Դժվար է պատկերացնել խուլիգանության մի դեպք, հանցավոր դեպք, որը տեղի է ունենում ավտոբուսի մեջ, որը խոչընդոտում է ավտոբուսի բնականոն աշխատանքը, բայց վարորդը իր ղեկավարությանը դրա մասին չի զեկուցում: Այսօր նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի գործով դատական նիստում իր պաշտպանական ճառում ընդգծեց Սամվել Վարդանյանի պաշտպաններից Վարազդատ Հարությունյանը:
«Հանրային մեղադրողը իր վերջին ճառում նշեց, որ Սամվել Վարդանյանի արարքը դասագրքային խուլիգանության օրինակ է: Հարգելի դատարան, եթե Սամվել Վարդանյանի կատարածը դասագրքային խուլիգանության օրինակ է, ուզում եմ ցանկանալ, որ բոլոր խուլիգանները լինեն Սամվել Վարդանյանի նման եւ բոլոր խուլիգանության դեպքերն ընթանան եւ ավարտվեն այսպես հաշտ ու խաղաղ, ինչպես ավարտվել է այս դեպքը»,- ասաց փաստաբանը:
Նրա խոսքով՝ Վարդանյանի կենսագրության, բնույթի, քաղաքական հայացքների ու քաղաքացիական դիրքորոշման համատեքստում չի կարող հասարակության նկատմամբ որեւէ բացասական վերաբերմունք դրսեւորելու դիտավորություն ընդգրկվել:
Սամվել Վարդանյանն էլ իր վերջին խոսքում ասաց, որ 2024 թվականի ապրիլի 15-ի միջադեպը դուրս է քաղաքական հայացքների տիրույթից. «Դա իմ վերաբերմունքն է իշխանությունների հանդեպ ու դրա համար հիմնավոր պատճառներ ունեմ»:
Կարդացեք նաև
Վարդանյանի խոսքով, ցավոք սրտի, ինքը 2018-ին սատարել է ներկայիս իշխանություններին, իր չափով ու իր տեղում նրանց օգնել իշխանության գալու հարցում:
Ըստ նրա՝ 2018-ին, երբ փողոցում պայքարում էր այն ժամանակվա, իր բնորոշմամբ, ավտորիտար իշխանությունների դեմ, ոչ մի ոստիկան երբեւէ իրեն չի կպել ու բերման չի ենթարկել. «Իսկ 2020-ից այս կողմ հաշիվը կորցրել եմ, թե քանի անգամ եմ ծեծվել ու բերման ենթարկվել»:
Դատարանը Սամվել Վարդանյանին արգելեց շարունակել՝ ասելով, որ քաղաքական ելույթներ թույլ չի տա:
Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանը մեղադրվում է նախկին իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանություն անելու և համացանցում ատելություն հրահրող հրապարակային խոսք տարածելու համար։
Համացանցում տարածված տեսանյութի համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 15-ին Սամվել Վարդանյանը հանրային տրանսպորտում նկատել է ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանին և նրա հասցեին հնչեցրել «հակահայ վիժվածք», «ժեխ բիձա» եւ նմանատիպ այլ արտահայտություններ:
Հիշեցնենք նաեւ, որ պատգամավորի հետ ունեցած միջադեպից հետո Սամվել Վարդանյանը ձերբակալվել ու ոստիկանների կողմից խոշտանգման էր ենթարկվել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ