«Մեր իշխանությունը քարոզում է հանձնվելու, ստրկանալու գաղափարախոսություն, որը չի կարող ոչ մի խաղաղություն բերել, իսկ այս պարագայում խաղաղության պայմանագիր կոչվածը պայմանագրի հետ որեւէ առնչություն չունի, քանի որ պայմանագիրը համապարփակ, բարդ, հիմնաքարային փաստաթուղթ է՝ մանրամասն, դետալային, ամեն մի հարցի քննարկումով: Սա ընդամենը շրջանակային սկզբունքները նշող փաստաթուղթ է, որը վերափոխեցին համաձայնագրի»,-«Հայելի » ակումբում ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:
«Ադրբեջանը, միեւնույն է, դա ցանկություն չունի ստորագրելու, որովհետեւ դրան պիտի հաջորդեն իր հանձնառությունները, իսկ եվրոպական երկրները, որոնք այսօր փաստացիորեն այս իշխանությունների հորդորով իրենց աջակցությունն եւ ողջույնն են հղել, շատ հստակ նշում են, որ դա հայկական կողմի զիջումների արդյունքում է եղել: Այսինքն, բացահայտում են այդ ամբողջ խաղի հայաստանավնաս էությունը: Բնական է, որ իրենք պետք է ողջունեին՝ ենթադրելով, որ ի վերջո իրենք կկարողանան հասնել այդ ստորագրմանը, որից հետո Ադրբեջանին կստիպեն հանձնառությունները կատարել:
Պատահական չէ, որ եվրոպական տարբեր հարթակներում տեսնում ենք Ադրբեջանի դեմ բանաձեւերի ընդունում: Դա այն դեղնավուն քարտն է, որ իրենք փորձում են ցույց տալ Ադրբեջանին: Սակայն, լուրջ գործողություններ մենք կտեսնենք միայն այն պարագայում, երբ օրենսդիր մարմիններից այդ սպառնալիքները կամ ճնշումը փոխանցվեն գործադիրին, որը դեռ չենք տեսնում:
Հետաքրքիր էր, որ ԱՄՆ Մերձավոր Արեւելքի հարցերով բանագնաց Ուիտկոֆը, երբ Մոսկվայում հանդիպումներ ունեցավ, դրանից հետո թռավ Բաքու: Բաքու թռնելուց հետո մենք նրա այցերի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն թե ամերիկյան, թե ադրբեջանական մամուլում չտեսանք: Բայց ակնհայտ դարձավ այդ համաձայնությունը ստանալուց հետո պետքարտուղարի ողջույնի խոսքով, որտեղ նա Ադրբեջանին դիվանագիտորեն զգուշացնում էր արկածախնդրության չգնալ:
Կարդացեք նաև
Այսինքն, ամերիկյան կողմը, հաշվի առնելով, որ ամեն ջանք գործադրում է ՌԴ-ի հետ հարաբերությունները ինչ-որ մի ընկալելի մակարդակի բերելու համար, որն իրեն հնարավորություն կտա թեկուզ ժամանակավոր զինադադար հաստատել ուկրաինական ճակատում, բնականաբար չի ցանկանում որեւէ լրացուցիչ բարդություն ստեղծել՝ նկատի ունենալով Ռուսաստանի համար այս տարածաշրջանի խոցելի բնույթը»,-հավելեց Ձյունիկ Աղաջանյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ