Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ գումարով կազինո չէինք խաղալու». դիաբետով երեխաների թոշակը կտրել են, ծնողները բողոքում են

Մարտ 26,2025 15:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Առաջին տիպի դիաբետ ունեցող երեխաների ծնողներն ահազանգում են, որ արդեն երրորդ ամիսն է՝ պոլիկլինիկաներից չեն ստանում ինսուլին/նովոռապիդ/ ու գլյուկոզայի չափման համար թեսթ երիզներ, հանվել է նաեւ նրանց թոշակը: Այսօր 11 ծնողներ հանդիպել են Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի եւ այլ պաշտոնյաների հետ՝ իրենց խնդիրների մասին բարձրաձայնելու նպատակով: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց հանդիպմանը ներկա ծնողներից Ալինա Աղաջանյանը, հավանաբար այլ հանդիպումներ էլ կլինեն, որովհետեւ մեծ հաշվով իրենց խնդիրները չեն լուծվել:

«Շատ բաներ դեռ բարձրաձայնվելու են, որովհետեւ սա մեր առաջին կամ վերջին հանդիպումը չէ, դեռ այլ հանդիպումներ ունենալու ենք: Օրինակ, ես ինչ հարցով եկել էի, դրանից բան չհասկացա, խոսքը ֆունկցիոնալությանը, թոշակը կտրելուն, հաշմանդամության կարգը հանելուն է վերաբերվում: Նույնիսկ բարձրաձայնվեց այն խնդիրը, որ կամ բոլորի ֆունկցիոնալության հարցը դատարանով վերականգնվի, կամ բոլորի թոշակները կտրվեն:

18 պլյուսների մասով էլ բարձրացրի հարցը, որ գոնե հնարավորություն տրվի, որ երեխաներն անվճար պառկեն հիվանդանոցում, լինեն բժշկի հսկողության տակ, ինչպես Մուրացան հիվանդանոցում էին երեխաներին հետազոտում, անալիզներ վերցնում, էխոսրտագրություն եւ անվճար բուժզննում անում: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովան էլ ասաց, որ լավ կլինի, եթե գոնե 3 օր երեխաները հնարավորություն ունենան պառկելու»,-նշեց մեր զրուցակիցը:

Ծնողը նաեւ հավելեց. «Երեխաներին տրվող թոշակը շատ մեծ նշանակություն ունի, որովհետեւ այդ թոշակով ոսկի առնելու չես գնում, այդ թոշակով կարող ես հաց առնել: Բոլոր մայրիկներով միմյանց ճանաչում ենք, մի տնից չենք, մի հալի ենք, բոլորս ունենք նույն խնդիրները, կան միակողմանի ծնողազուրկ երեխաներ, միայնակ մայրեր, թոշակառուներ, նպաստառուներ, այդ գումարով կազինո չէինք խաղալու: Այդ գումարով երեխաները գոնե կարող են թեսթ երիզներ գնել ու չափել իրենց շաքարը, կարող են հաց գնել, կարող է դա որպես ճանապարհածախս ծառայել, որովհետեւ նրանց մեջ ուսանողներ կան: Եթե անգամ հնարավորություն ունենան հիվանդանոցում պառկելու, այդ գումարը միեւնույն է ՝ մեծ նշանակություն ունի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31