Իսկ Նար-Դոսի փողոցում 2019թ. 1000 դրամով վաճառված սամբոյի դպրոցի հողի ու շենքի համար ո՞վ պիտի պատասխան տա, էլի Տարոն Մարգարյա՞նը, նշված է ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի ֆեյսբուքյան էջում:
Թե ինչու է, օրինակ, 7 տարի քննվող քրեական գործով, առանց նոր երևան եկած հանգամանքի ու առանց փաստական նոր ապացույցների ու հիմքերի՝ գլխավոր դատախազը կամ նախաքննական մարմինը կամ երկուսը միասին որոշել, որ Տարոն Մարգարյանը նույն գործով մի հատ էլ փողերի լվացում է արել, թերևս դատաքննության փուլում պարզ կդառնա, սակայն մինչ այդ՝ մարտի 19-ին, նախկին քաղաքապետի պաշտպան Բենիկ Գալստյանը ուշագրավ բացահայտումներ է արել 168.am-ի հետ զրույցում:
Հարցին՝ Երևանում այլ տարածքներ չկա՞ն, որ նույն մեխանիզմով օտարվել են, Բենիկ Գալստյանը պատասխանեց.
«Մշտապես եղել են ու լինելու են: Ես, մասնավորապես, քննչական մարմնի ղեկավարին տեղեկատվություն եմ ներկայացրել, որ 2021թ. ՀՀ կառավարության որոշմամբ՝ Երևանի Կենտրոն համայնքի Իսակովի 13/12 հասցեում գտնվող «Երևանի թիվ 13 հատուկ դպրոց ՊՈԱԿ»-ին կրկին անհատույց օգտագործման տրված 9496 ք/մ մակերեսով հողամասը, ինչպես նաև 360 ք/մ մակերեսով կաթսայատան շինությունը վերցվել է երաժշտական հատուկ դպրոցից ուղղակի վաճառքով, տրամադրվել է ընկերության, ու այդ տարածքում հիմա կառուցվել է բիզնես կենտրոն, որն ուսումնական գործունեության հետ որևէ կապ չունի»:
Կարդացեք նաև
Ընդ որում, ըստ փաստաբանի, այդ հողամասի ու շինության կադաստրային արժեքը 446 միլիոն դրամ է, սակայն վաճառվել է 378 միլիոն դրամով:
«Ես չեմ ասում, որ այստեղ հանցակազմ կա, բայց եթե այստեղ չկա, ինչո՞ւ հանցակազմ կա Տարոն Մարգարյանի դեպքում»,- տարակուսել էր Բենիկ Գալստյանը:
Հիշեցնենք, որ 7 տարի քաղաքապետ աշխատած Տարոն Մարգարյանը մեղադրվում է այն բանում, որ թվով 3 ՀՈԱԿ-ՊՈԱԿ-ի հարակից ամայի հողատարածք համապատասխան ընթացակարգով, աճուրդով օտարել է կազմակերպությունների՝ դրանց կադաստրային արժեքից բարձր գնով, ու գումարն էլ գնացել է քաղաքապետարանի բյուջե:
Պարզվում է, սակայն, որ վերոնշյալ դրվագն ընդամենն անմեղ մի դրվագ է: 168.am-ն այլ դրվագներ ևս գտավ, շատ ավելի հետաքրքիր կառավարության որոշումներ, որոնցով, օրինակ, նույն կարգավիճակն ունեցող հողատարածքը վաճառվել է 1000 դրամով, ուշադրություն՝ «թավշյա» իշխանությունների օրոք:
Այսպես՝
1. ՀՀ կառավարության 27.06.2019թ. թիվ 867-Ա որոշում
«Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի 53/2 հասցեում գտնվող 1039.1 քմ մակերեսով շենք շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.11348 հեկտար մակերեսով հողամասը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ատլանտ-Գրուպ» ՍՊ ընկերությանը՝ իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրի համար։
Գույքի գնահատված արժեքը՝ 274.904.820 ՀՀ դրամ,
գույքի վաճառքի գինը՝ 1000 ՀՀ դրամ
Ըստ ներդրումային ծրագրի՝ հիշյալ հասցեում պետք է կառուցվեր շենքային համալիր մինչև 2021թ. օգոստոսը, որի շինարարությունն այս պահին ավարտված չէ։
2. ՀՀ կառավարության 13 փետրվարի 2020 թվականի N 165-Ա որոշում
Պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) ամրացված` պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերը մրցույթով օտարելու մասին՝
-Ք. Երևան, Աջափնյակ Լենինականի փողոց 3 հասցեի ուսումնարանի 1381.6 քմ մակերեսով շենքը և շինությունները և դրանց սպասսրկման համար հատկացված 0.3352 հեկտար մակերեսով հողամասը,
-Ք. Երևան, Կենտրոն, Լեոյի փողոց 7/3 հասցեի Փորձագիտական կենտրոնի 434.1 քմ մակերեսով շենքը և ավտոտնակը և դրանց սպասարկման համար հատկացված 0.08028 հեկտար մակերեսով հողամասը: