Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են համատեղ շահերը, իսկ դա նշանակում է, որ այդ գործընթացը կենդանի օրգանիզմ է, որտեղ Հայաստանի փոխարեն չի խոսում այլ պետություն, այլ խոսում է Հայաստանը՝ իր անունից. Արմինե Մարգարյան

Մարտ 26,2025 13:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը գրում է.

«Հեռախոսազրույցը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ Հայաստան – Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է, բայց Ադրբեջանը ոչ միայն հավելյալ նախապայմաններ առաջ քաշվելով հրաժարվում է այն ստորագրել, այլ նաև փորձում է սահմանային լարվածություն հրահրել: Ըստ ամերիկյան կողմի տարածած հաղորդագրության՝ կողմերը «համաձայնել են, որ Հարավային Կովկասում էսկալացիայի ցանկացած դրսևորում անընդունելի է»: Ռուբիոն, իր հերթին, ոչ միայն ողջունել է Հայաստան – Ադրբեջան խաղաղության հայմաձայնագրի շուրջ համաձայնությունը, այլ նաև ընդգծել է «տևական խաղաղության կարևորությունը՝ տարածաշրջանային հակամարտության շղթան կոտրելու և Հարավային Կովկասում անվտանգություն ու բարեկեցություն ապահովելու նպատակով»։ Այլ բառերով՝ սահմանային լարվածություն հրահրելու ադրբեջանական փորձերն այս պահին կարելի է համարել տապալված, իսկ ռուսական կողմի փորձերը միջնորդի դեմքով տաքուկ տեղավորվել Հայաստանի ու Ադրբեջանի արանքում կարելի է համարել ժամանակավրեպ:

Հեռախոսազրույցը տեղի է ունենում Ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծմանը միտված բանակցությունների ժամանակահատվածում, իսկ այդ բանակցությունները ոչ միայն Ուկրաինայի մասին են, այլ նաև ապագա աշխարհակարգի վերագծման ու նոր կարգուկանոնի ձևավորման մասին: Այս ժամանակահատվածում, առավել քան երբևէ, կարևոր է, որպեսզի մեր դիրքորոշումները, շահերն ու մտահոգությունները ամերիկյան կողմին ներկայացվեն ուղիղ շփումների միջոցով:

Հեռախոսազրույցը տեղի է ունենում Ռուբիո – Ֆիդան հանդիպման ժամանակահատվածում, երբ ամերիկյան կողմը հայցում է Թուրքիայի աջակցությունը՝ Ուկրաինայում և Հարվային Կովկասում խաղաղության հասնելու գործում: Սրան հավելենք նաև այն, որ Ռուբիոյի այցի օրակարգային հարցը Թուրքիայի դեմ ամերիկյան պատժամիջոցների վերացումն է՝ F-16 կործանիչների վաճառքը վերսկսելու նպատակով:

Հեռախոսազրույցը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ 10 օրով բացված Մարգարայի կամրջի շուրջ Ադրբեջան – Թուրքիա հայտարարությունների մակարդակով փոխհրաձգություն է տեղի ունենում: Դրանց բովանդակությունից պարզ է դառնում, որ Ադրբեջանին թուրքական կողմը տեղեկացրել է կամուրջը բացելու մասին, բայց մինիսուլթանն այնուամենայնիվ դժգոհ է, շարունակում և շարունակելու է կանխել Հայաստան – Թուրքիա ցանկացած դրական զարգացում:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան նոր վարչակազմի ձևավորմանը հաջորդիվ, և ամերիկյան կողմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը «քննարկել են համատեղ շահերը՝ որպես ռազմավարական գործընկերներ»: Հիշեցնեմ, որ Հայաստան – ԱՄՆ Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը ստորագրվել էր ամերիկյան նախորդ վարչակազմի հետ:

Հեռախոսազրույցը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ Հայաստանում էր գտնվում ԻԻՀ ԱԳ նախարարը:

Այս բոլոր կետերը երբ փորձենք համադրել, հակադրել ու մի քանիսն էլ ավելացնել կստանանք հետևյալ պատկերը՝ այսօր, ռազմավարական գործընկերներ Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են համատեղ շահերը, իսկ դա նշանակում է, որ այդ գործընթացը կենդանի օրգանիզմ է, որտեղ Հայաստանի փոխարեն չի խոսում այլ պետություն, այլ խոսում է Հայաստանը՝ իր անունից:

Մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց՝ իր անունից»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31