«Դրանք չեն կրում կոնկրետ թիրախային բնույթ եւ ինտենսիվ չեն»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական սյունեցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ անդրադառնալով արդեն մի քանի օր Գորիսի տարածաշրջանից հնչող ահազանգերին, որ գիշերային ժամերին կրակոցներ կան սահմանային շրջաններում։
Ի դեպ, երեկ ՀՀ ՊՆ-ն էլ հաստատել էր այդ լուրերը, բայց ՊՆ հաղորդագրության մեջ ասվում էր, որ կրակոցները «չեն թիրախավորում ՀՀ տարածքը»։ Լրագրողների այդ դիտարկմանն ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավորն ասաց, որ չի կարող մանրամասն բացատրել, թե դա ինչի համար է արվում․ «Պետք է մի երկու ամիս սահման պահած լինեք, որ իմանաք, թե դա ինչի՞ համար է արվում»։ Լրագրողների պնդումներին ի պատասխան, իշխանական պատգամավորը մանրամասնեց՝ ինքը քաջատեղյակ է, որ օրինակ, եթե սահմանում մառախուղ է լինում․ «Մարդիկ օդ են կրակում․ եւ այս կողմից եւ մյուս կողմից, երբ տեսանելիություն չի լինում։ Դա հակառակորդին տեղյակ պահելու մասին է, որ մենք մեր դիրքերում ենք։ Այս կրակոցները վերջին օրերի, ես քաջատեղյակ եմ, դրանք չեն կրում կոնկրետ թիրախավորված եւ ինտենսիվ բնույթ չեն կրում, վիրավորներ չկան»։
Նարեկ Ղահրամանյանը հստակեցրեց՝ սա պատճառներից մեկն է եւ հավելեց, որ եթե կրակոց կա, ուրեմն վտանգ միշտ էլ կա։ Միաժամանակ նա բնական է համարում Խնածախի բնակիչների անհանգստությունը, բայց հավաստիացնում է՝ անհանգստանալու պատճառ չկա, քանի որ կրակոցները բնակչությանը չեն թիրախավորել, մարդկանց կյանքի համար վտանգ չկա։ Իր բնութագրմամբ, Ադրբեջանը նպատակ ունի հենց ՀՀ սահմանային շրջանների բնակչությանը անհանգիստ վիճակում պահելու եւ «նսեմացնելու Խաղաղության պայմանագիրը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ