ԱԺ ՔՊ խմբակցությունն այսօր դեմ քվեարկեց «Հայաստան» խմբակցության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին» նախագծին։
Ըստ այդմ՝ առաջարկվում է 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել ոչ պակաս պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը՝ սպառողական զամբյուղի ամսական արժեքից:
Նախքան քվեարկությունը թեժ բանավեճ տեղի ունեցավ ՔՊ-ական եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ։
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց, որ իրենք շարժվում են կառավարության ծրագրով, ընդդիմության ներկայացրած այս նախագիծն ինքնանպատակ է, հետեւաբար, իրենք դեմ են քվեարկելու։
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ կառավարության կողմից բարձրացվող թոշակները ոչ միայն հեռու են իրենց տված խոստումներից, այլ նաեւ Հայաստանի պետական պարտքն այս տարիների ընթացքում աճեցել են շուրջ 7 մլրդ դոլարով։ Նա ասաց, որ ՔՊ-ն հենց նոր հայտարարեց՝ իրենք իրենց հայտարարած թիրախին դեմ են գնում։
«Ոչ թե մեր հայտարարած թիրախին ենք դեմ քվեարկում, այլ ձեր բերած պոպուլիստական նախագծին»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց, որ երեք ամսվա ընթացքում 750 մլն դրամ արտաքին պարտք է «շալակել» այս կառավարությունը։ «Ինչի՞ վրա է դա գնում, չեն էլ բարեհաճում հաշվետվություն ներկայացնել։ 380 մլն դրամը բաժանեք թոշակառուների վրա ու ասեք, որ ընդամենը մի քանի հազար դրամով եք բարձրացրել թոշակը, ոչ թե 380 մլն դրամով։ Պարոն Ռուբինյան, եթե ասում եք՝ այս օրենքը պոպուլիզմ է, ուրեմն ձեր կառավարության ծրագիրն էլ է պոպուլիզմ»,- ասաց Խաչատրյանը։
ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ թոշակը 100 դրամով բարձրացնելը 6 մլրդ դրամի հավելյալ ծախս է։ «Երկրորդ, Հայաստանի պետական պարտքը 750 մլն դոլարով չի ավելացել, եթե ուզում եք հետո ձեզ թվերով ցույց կտանք»,- նշեց Թունյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն էլ հարցադրում արեց․ «Ի՞նչ է, փող չկա՞ թոշակ բարձրացնելու համար, ուրիշ բանի համար կա, սրա համար չկա՞»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ