Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ նիստում ներկայացնում է պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագիրը։
Նա ասաց, որ նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերել այն մասին, որ 2023 թվականի օգոստոսի 8-ին մի քաղաքացի դիմել է Սլավիկ Պողոսյանին, որպեսզի նա դիմի Հովիկ Աղազարյանին՝ 200-300 հազար դոլարի դիմաց օգտագործելու ՍԱՏՄ պաշտոնատար անձանց նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը՝ Աշոտիկ Կամավոսյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ առանց համապատասխան փաստաթղթերի կամ կեղծ փաստաթղթերով գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար։ Աննա Վարդապետյանն ասաց, որ Սլավիկ Պողոսյանը հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ, որն ընդունել է վերոնշյալ առաջարկը։
Ըստ Վարդապետյանի՝ այս գործով 2023 թվականի դեկտեմբերի 7-ին նախաձեռնվել է քրեական վարույթ։ 2024 թվականի նոյեմբեի 27-ին էլ Հակակոռուպցիոն կոմիտեում ստացվել է ՔԿ-ում քննվող մեկ այլ քրեական վարույթն իրականացնող քննիչի հաղորդումը, որով պարզվել է, որ հայտնաբերվել են տեսաձայնագրություններ, որոնց ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արամ անունով քաղաքացին 2024 թվականի հունվարին դիմել է Հայկ Նազարյանին՝ հայտնելով, որ 2021 թվականին մաս-մաս, ընդհանուր 23 հազար դոլար եւ 300 հազար դրամ է տվել Հովիկ Աղազարյանին՝ իր օգտին գործողություններ կատարելու, այն է՝ վթարային վիճակում գտնվող դպրոցը քանդելու թույլտվություն ստանալու, այդ հողատարածքի մի մասի վրա դպրոց կառուցելու, իսկ մյուս մասի վրա պատգամավորի օգնությամբ բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու շենք ստանալու թույլտվություն ստանալու համար։ Այս դրվագով եւս հարուցվել է քրեական վարույթ։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցրեց գլխավոր դատախազին․ «Տիկին Վարդապետյան, մոտավորապես հասկանալի է, որ 2024 թվականի ամռանից արդեն ձեզ հայտնի են եղել իրողություններ, որ կոնկրետ անձնավորություն տվել էր ցուցմունք Հովիկ Աղազարյանի կաշառքի գործով։ Բայց դուք հիմա եք եկել ԱԺ, երբ Հովիկ Աղազարյանն արդեն ՔՊ խմբակցության անդամ չէ, անկեղծորեն ասեք, այդ ի՞նչ տիտանական աշխատանք էր արվում մինչեւ հիմա»։
Աննա Վարդապետյանն ասաց՝ քանի որ գործ ունեն բազմադրվագ կաշառքի սխեմայի հետ, նպատակն էր ամբողջական ծավալով քննություն ապահովել եւ ԱԺ գալ միայն այն ժամանակ, երբ պատրաստ կլինեն գործն ուղարկել դատարան։ Ըստ նրա՝ այս նիստից հետո գործն ուղարկվելու է դատարան։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ