Բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, լորդ եպիսկոպոս Ֆիլիպ Մաունսթիվենը դիմել է ՄԹ ԱԳՆ-ին՝ խնդրելով մեկնաբանել Բաքվում հայերի շինծու դատավարությունները։
Լորդերի պալատի անդամը հարցեր է ուղղել կառավարությանը՝ միջազգային գործընկերների հետ ի՞նչ քայլեր են ձեռնարկում՝ ապահովելու, որ Ադրբեջանը կատարի միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև ի՞նչ են նրանք ներկայացրել Ադրբեջանի կառավարությանը 2023 թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից պատանդառված 23 հայերի նկատմամբ կալանավորման և վատ վերաբերմունքի վերաբերյալ:
Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարությունը իր պատասխանում՝ նշել է, որ Մեծ Բրիտանիան Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում՝ ապահովել, որպեսզի 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ձերբակալվածներն արդար դատավարության հնարավորություն ունենան, նրանց համար անվտանգ պայմաններ ապահովվեն՝ Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան։
«Բաքվում մեր դեսպանատունը մեծ ուշադրություն է դարձնում այս դեպքերին և պարբերաբար թարմացնում է տեղեկատվությունը՝ առաջընթացի մասին տեղեկացված լինելու համար: Մենք նաև հետևողականորեն կոչ ենք անում ազատ արձակել մնացած բոլոր ռազմագերիներին։
Կարդացեք նաև
Պետնախարար Սթիվեն Դոութին այս հարցերը բարձրացրել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Էլչին Ամիրբեկովի հետ հոկտեմբերին Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ։ Մարտի 10-ին Ադրբեջանի նախագահի գլխավոր խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ պետնախարարը նաև հորդորել է Ադրբեջանին՝ օգտվել Հայաստանի հետ պատմական խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորությունից»,- նշված է հայտարարության մեջ։
Նշվում է , որ այդ ուղերձները փոխանցել են նաև երկրի վարչապետն ու արտգործնախարարը։