Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպայից հնչել են հստակ ազդակներ՝ ի աջակցություն Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի»․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Մարտ 26,2025 11:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը։ 

Օրենքի համահեղինակ Արտակ Զեյնալյանն ասաց, որ պաշտոնյաների եւ խորհրդարանականների մակարդակով Եվրոպայի տարբեր մայրաքաղաքներից եւ ինստիտուտներից հնչել են միանշանակ եւ հստակ ազդակներ՝ ի աջակցություն Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի։

Մանրամասները՝ տեսանյութում

ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ասաց, որ քննարկվող նախագիծը համապատասխանում է ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, հասարակության բարեկեցության բարելավման, անվտանգության, դիմակայության եւ իրավունքի ամրապնդման Հայաստանի հանձնառությանը։ Օրինագիծը համահունչ է ԵՄ հետ հարաբերությունների խորացման Հայաստանի նպատակին, ասաց ԱԳ փոխնախարարը։ «Օրինագծի ընդունումն ինքնին չի հանդիսանում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հայտ, այն հաղորդում է ԵՄ հետ գործընկերության խորացումը նոր մակարդակի հասցնելու ցանկություն ունեցող Հայաստանի քաղաքացիների ձգտումը»,- ասաց Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

ԱԺ ընդդիմադիր պատգամավորները հայտարարեցին, որ այս նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումը չի փոխվել՝ դեմ են։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ CEPA (Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր.-խմբ.), համաձայնագրի կատարման ուղղությամբ ՀՀ իշխանություններն ուղղակի անգործության են մատնված, ամենապարզ օրինակը վիզաների ազատականացման գործընթացն է։ «Աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում նման կտրուկ շրջադարձը եւ-եւ-ի քաղաքականությունը տեղափոխում է լրիվ ուրիշ հարթություն, որը լի է վտանգներով՝ շատ դաժան ու վտանգավոր դրսեւորումներով։ Մյուս կարեւոր դիտարկումն այն է, որ ՀՀ-ն ներկայումս շատ հեռու է ԵՄ անդամակցության նույնիսկ թեկնածուի կարգավիճակի համար պահանջվող կոպենհագենյան չափանիշներից։ Եվ այսօր ամպագորգոռ հայտարարություններ անել եւ բերել այսպիսի մի հայտարարություն եւ ոչ թե օրենք եւ պարտադրել ՀՀ պառլամենտին նման նախագծի ընդունումը, դա մերժելի է»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց, որ ընդդիմությունը «մեռած է ձեւանում» բոլոր կարեւոր նախագծերի քննարկման ժամանակ, իսկ ՔՊ-ն կողմ կքվեարկի։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31