Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավունք չունեմ ուրիշի ցավը սակարկության հանել: Այդ մարդու մեջ, որը փորձում է թուրքերի հետ լեզու գտնել ուրացման գնով, պակասում է մեկ ուրիշ հայի նկատմամբ խղճմտանքը. Արա Սահակյան. «Հրապարակ»

Մարտ 26,2025 11:03

«Հրապարակ»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին փոխնախագահ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանը։

– Նախօրեին Վրաստանի հետ ֆուտբոլային խաղի խայտառակ ձախողումը, որին Թբիլիսիում անձամբ Փաշինյանն էր հետեւում՝ իր նախարարների հետ, հանրության շրջանում նոր թափով բորբոքեց թեման, որ այս վարչակարգին պարտությունն ուղեկցում է ամենուր՝ քաղաքականությունից մինչեւ սպորտ։ Ու, չնայած սրան, ձախողակների իշխանությունը չի հեռանում։ 

– 2020 թ․ նոյեմբերի 10-ին, երբ դուրս եկանք բողոքի, եւ հարյուրավոր մարդկանց բանտեր նետեցին ու խոշտանգեցին, պարտության արձանագրմանը հաջորդած առաջին եզրակացությունն այն էր, որ պարտվածը չպետք է առաջնորդի Հայաստանը։ Սա միասնական կարծիք էր, այդ պահին չէր քննարկվել, թե ով եւ ինչ աստիճանի մեղավորություն ունի։ Կարեւորն այն էր, որ երկիրը չպետք է շարունակեր ներկայացնել մեկը, որը պարտության խորհրդանիշն է ու գլխավոր պատասխանատուն։ Հաջորդ հինգ տարվա յուրաքանչյուր օրը դրա ապացույցն է, բայց ինքը չի հասկանում դա, ինքը հոգեբանորեն երկփեղկված է, որովհետեւ ինքն էլ 2020-ի պատերազմի պարտության զոհերից է, զոհի վիճակը նրա համար դարձել է բնական, ինչ-որ շարժումներ է անում՝ հախուռն արձագանքում է մեղադրանքներին, փորձում ինչ-որ սխալներ շտկել, բայց նա կարող է միայն ավերել, ոչ թե կառուցել, ու հենց դա է պատճառը, որ պարտությունները ծնում են նորանոր պարտություններ։ Պարտությունը նրա հոգեվիճակն է, կենսակերպը, եւ նա իր շրջապատն էլ ներքաշել է այդ մահվան ու կործանման շրջապտույտի մեջ։ Փաստ է՝ իր շրջապատի վրա նա մեծ ազդեցություն ունի, որպես բացասական էներգետիկա կրող անհատականություն՝ նա իր շրջապատում գտնվող յուրաքանչյուրից եւ բոլորից միասին վերցրած դոմինանտ է։ Նրա ամեն քայլի արդյունքը կանխորոշված է, ըստ հայտնի օրինաչափության՝ ամեն ինչ այս իշխանությունների մոտ ընթանում է վատից դեպի վատթարը, եւ այդ ընթացքը պետք է կասեցնենք։ Նա դիվական մի կերպար է դարձել, պարտությունից, կործանումից զատ ուրիշ ոչինչ չի կարող անել։ Անգամ նա եւ իր կինը երբ որոշել են զբաղվել կրթությամբ, դա էլ է ձախորդ մի ձեռնարկ՝ թե՛ իրենց կրթվածության բովանդակությամբ, թե՛ այլոց նկատմամբ իրենց քամահրական, մեծամիտ վերաբերմունքով։ Նա երբեք աչքի չի ընկել բարեկրթությամբ, որեւէ առաքինությամբ, միշտ հակադրվել է, կոնֆլիկտներ հրահրել։ Հայտնի է` մի քանի անգամ դատարաններ է ընկել։ Ինքն էր իր դռանը գրել՝ «Զգուշացեք, կրկնահանցագործ է»։ Այդ հոռի համբավը ձեռք է բերել բռնկվող, հախուռն, անկայուն խառնվածքի պատճառով։ Սա է պատկերը։

Ինչ վերաբերում է ֆուտբոլին։ Խնդիրը պարտվելը չէ, մարզաշխարհի տարերքը պայքարն է, մրցակցությունը, որտեղ ուժեղը հաղթում է, թույլը` պարտվում։ Մեզ նման երկրի մարզիկների ու թիմերի համար պարտությունն անսպասելի փաստ չէ։ Բայց երկու խաղի հանրագումարում 9-1 հաշիվը հավասարազոր մրցակցի հետ տրանսֆորմացվեց վիրավորվածության զանգվածային զգացման։ Զուտ ֆուտբոլային 2։1 կամ 1։0 հաշվով պարտությունը ցնցում չէր առաջացնի։ Մի քանի օրում 0։3 եւ 6:1 կապիտուլյացիոն հաշվով պարտությունը, թեւաթափ խաղը մարդկանց տարավ մյուս հարեւանի հետ հարաբերությունների դաշտ։ Տեսաք` վերաարթնացան քաղաքական սատիրայի գոհարները՝ «նախկիններն են մեղավոր», «մեզ երբեք պարտված չենք ճանաչի», «պարտությունը հաստատեց մեր ինքնիշխանությունը», եւ այսպես շարունակ։ Դրանք զուգորդվեցին մարդկանց ուղեղում եւ հոգեկանում, այդ ռեֆլեքսիաները ցնցեցին նրանց։

 – Ըստ Ձեզ` հասկանո՞ւմ են, որ ամեն ինչ ձախողել են՝ ցեղասպանության ճանաչման խնդրից մինչեւ արցախյան հիմնախնդրի կարգավորում: Ակնհայտ է, չէ՞, Ալիեւը խաղաղություն չի  ուզում, թուղթ չի ստորագրելու։ Այսպես՝ ամեն ինչ զիջելու, տալու գնով խաղաղություն հնարավոր չէ նույնիսկ, եթե ընդունենք, որ Փաշինյանն իրոք հավատում է իր պատկերացրած խաղաղությանը։ Ի վերջո, նրա շրջապատում մի խելքը գլխին մարդ չկա՞, որ նրան բացատրի՝ այդպես չի լինում, տա՛լ, տա՛լ, տա՛լ, մինչեւ ո՞ւր։ 

– Չգիտեմ, գուցե իրենց պատկերացումներով էլ մենք ենք շեղված, կառչած ինչ-որ իներցիաներից։ Դուք հարց եք տալիս ցեղասպանության վերաբերյալ։ Իմ սերնդի, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին 10-20 տարում ծնվածների համար եղեռնի ընկալումը ձեւավորվել է մեր պապերի ու տատերի պատմածների, գեղարվեստական գրականության, կինոնկարների, վավերաթղթերի, գիտական ուսումնասիրությունների միջոցով։ 1915-23 թթ․ Օսմանյան Թուրքիայում իրագործված ցեղասպանությունը եւս մեր պարտությունն էր, մեր առաջնորդների, կուսակցությունների, մտավորականության մեծ պարտությունը, մեր դաշնակիցների պարտությունն էր կամ նենգությունը։ Իսկ ի՞նչ է անում գլխավոր բանակցողը։ Երբ մտածում եմ, թե ինչ է կատարվում այդ մարդու հետ, որը կասկածի տակ է դնում ցեղասպանության հայտնի գնահատականները, հասկանում եմ, որ նա ուշացումով անցնում է կյանքի մի շրջան, որպիսին շատերս ենք անցել։ Իմ կյանքում եղել է մի քանի տասնամյակ, երբ արդեն դժվար էր կարդալ ու խոսել եղեռնի մասին։ Այդ մասին պատմող գրքերս արդեն փոշոտվում են դարակներում։ Եթե նախկինում Աստվածաշնչի նման թերթում էի, հիմա նկարագրվող փաստերը մղձավանջ են թվում, հարուցում խոր ապրումներ։ Բայց դա չի նշանակում մեղմել գնահատականները, «երկուստեքության» վարակով սվաղել կոնկրետ պատասխանատվությունը, առավել եւս՝ հերքել Հայրենիքի կորստյանը հանգեցրած համազգային մեր ցավը։ 2000-ականներից սկսած՝ փորձեցի հասկանալ մեր կորցրածի կշիռը։ Շատ եմ կտրել սահմանն ու ճամփորդել՝ երկու տղաներիս հետ գնացի հանգստանալու, մի քանի ընկերով գնացի Կարսում թողած մեր գյուղ, ապա՝ Իգդիր, Վան, Բիթլիս, Սասուն, Մուշ, Էրզրում, եղա Պոլսում, այցելեցի Պատրիարքին, ծանոթացա լրագրողների, աչքի ընկնող հայերի հետ, մասնակցեցի լիբերալների սեմինարների, հայտնի թուրք մեծահարուստ Իսահակ Ալատոնն ընդունեց ինձ իր գրասենյակում։ Ուզում էի հասկանալ թուրքական հասարակությանը: Կամուրջներ տեսնել։ Դիվանագիտական ծառայության ժամանակ էլ երբեք չեմ խուսափել ադրբեջանցի ու թուրք գործընկերների հետ շփումներից։ Բայց գեթ մեկ ակնթարթ մտքովս չի անցել կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը, գիտակցել եմ՝ դրանով կասկածի տակ կդնեմ մեկ ուրիշ հայի հեղված արյունը, այն անմեղների, ովքեր հարյուր տարի առաջ սրախողխող են եղել միայն հայ լինելու համար։ Իմ պապերը փրկվել են, մեր ցեղը չի ցամաքել, շարունակվել է, պապս հասցրել է սահմանն անցնել։ Բայց եթե ամբարտավանի պես մեղմում եմ ուրիշի գործած մեղքը կամ կասկածի տակ եմ դնում այդ փաստը, ես հանցակցում եմ ուրիշի երեխային հոշոտողին։ Իմ թշնամուն, իմ նկատմամբ բռնություն գործադրած հայտնի ու անհայտ մարդկանց հետ ես հաշտ եմ, ես դրա իրավունքն ունեմ, որովհետեւ դա իմ անձնական ցավն է, բայց իրավունք չունեմ ուրիշի ցավը սակարկության հանել։ Այդ մարդու մեջ, որը փորձում է թուրքերի հետ ընդհանուր լեզու գտնել` ուրացման գնով, պակասում է մեկ ուրիշ հայի նկատմամբ խղճմտանքը։ Որպես հայ, որպես ծնող, որպես քրիստոնյա՝ նա չունի խիղճ։ Այստեղից են ծնունդ առնում այն խոսակցությունները, որ նա հայ չէ, որ նրա մեջ քրիստոնեական ոչինչ չկա, որ հանուն աթոռի պատրաստ է ամեն տեսակ զիջման։

Ցեղասպանության ճանաչումը ներկա կառավարության մենաշնորհը չէ։ Որպես անհատ՝ ցանկացած հայ ազատ է` շփվելու թուրքի հետ, քննարկելու բարդ հարցեր։ Վարդգես Պետրոսյանի մոտ կա` երբ երկու պարզ մարդ՝ հայ եւ թուրք, որոշում են, որ կարող են նայել առաջ, իրար հետ աշխատել՝ առանց ցավը հիշեցնելու։ Դա իրենց պատասխանատվության հարցն է, իրենց արժեհամակարգին է առնչվում։ Բայց նախորդ ու ապագա սերունդների անունից կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը եւ այդ ոճրագործության հետ թուրքական պատասխանատվությունը, դա ոչ ոքի չի ներվի։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31