Ադրբեջանի օգտին լրտեսության խիստ կասկածելի մեղադրանքով 18 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Գալստյանի կինը՝ Մարգարիտա Շահնազարյանը, սպասողական վիճակում է։ Փետրվարի 20-ին Վերաքննիչ դատարանը մերժել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի բողոքը եւ անփոփոխ է թողել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, բայց մինչ օրս պաշտպանական կողմը վերաքննիչ դատարանի որոշումը չունի։
«Սպասում ենք վերաքննիչի որոշման տեքստին, որ դիմենք Վճռաբեկ դատարան, բայց որոշումն ուշացնում են։ Երեւի իրենց կարդացած որոշումը չեն կարողանում ձեւակերպել, գիտեն, որ հասնելու ենք Եվրադատարան»,- ասում է Մարգարիտա Շահնազարյանը։
Ինչպես հայտնի է, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն, պետական այլ պաշտոններ զբաղեցրած Սարգիս Գալստյանին դատապարտել են ստալինյան ոճով՝ մեկ կորզված ցուցմունքի հիման վրա, եւ այդ մեկ ցուցմունքը հենց նա է տվել իր դեմ, երբ քննիչները սպառնացել են «փակել կնոջը»։ ԱԱԾ-ում Սարգիս Գալստյանի համար նույնիսկ լրտեսական անուն են մոգոնել՝ Սարխան, օգտագործելով Գալստյանի ֆեյսբուքյան պրոֆիլի «նիկնեյմը», որը նշանակում է սարերի իշխան։
Մարգարիտան հիշում է՝ քննիչն ասել է Սարգիսին. եթե խղճում ես կնոջդ, ստորագրի, թե չէ նրան էլ ենք փակելու։ «Դատարանում իր վերջին խոսքում ամուսինս պատմել է նորից, թե ոնց են իրեն ստիպել առանց ակնոց, իսկ նա +4 տեսողություն ունի, ինչ-որ տեքստ գրել, ոնց են սպառնացել, ասելով՝ եթե խղճում ես կնոջդ, ստորագրի։ Մեղադրանքի մասին նա ասել է, որ երբեք չէր կարող նման քստմնելի արարք կատարել։ Այս գործը ՀՀ-ում կարվել է ազնվագույն մարդու դեմ։ Եթե ես հարեւան կաբինետում փակված չլինեի, եւ նրան թույլ տային գոնե մի զանգ աներ, դա չէր հաջողվի»,- ասում է Մարգարիտան։
Այն ժամանակ ՔԿ ղեկավարը դեռ Արգիշտի Քյարամյանն էր։ Նա անձամբ սպառնացել է Սարգիսին, ասել՝ «ընտանիքդ պետք ա վառել հրապարակում»,- պատմում է կինը։
Կարդացեք նաև
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: