Լրահոս
Օրվա լրահոսը

ARTEfr-ը ներողություն է խնդրել Հայաստանն աշխարհի քարտեզից ջնջված ներկայացնելու համար

Մարտ 26,2025 09:30

Ֆրանսաբնակ գրաֆիկ դիզայներ Սիմոն Կարապետյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հաղորդել էր. «2025 թվականի մարտի 24-ին, @ARTEfr-ի 28 minutes հաղորդման ժամանակ ցուցադրվեց աշխարհաքաղաքական քարտեզ, որտեղ ներկայացված էին Թուրքիան և նրա հարակից երկրները։ Այդ քարտեզի վրա Հայաստանը՝ ՄԱԿ-ի անդամ ինքնիշխան պետությունը, ամբողջությամբ ջնջված էր։ Նրա փոխարեն, Ադրբեջանը ներկայացված էր որպես ընդլայնված մինչև Թուրքիայի սահման, ինչը բացարձակ անընդունելի է և կեղծում է իրական աշխարհաքաղաքականությունը։

👉 Ինչո՞ւ է սա այսքան լուրջ.

Սա պարզապես գրաֆիկական սխալ չէ։

Սա դիտավորյալ փորձ է աշխարհի քարտեզից ջնջելու մի ամբողջ պետություն։

Ադրբեջանը արդեն օգտվում է այս պատկերից՝ տարածելով այն գաղափարը, որ Հայաստանը գոյություն չունի Ֆրանսիայի և միջազգային կառույցների աչքում։

👉 Հատկապես վտանգավոր համատեքստ.

2023 թվականին Ադրբեջանի ռազմական հարձակման արդյունքում ավելի քան 100 000 հայ ստիպված եղան լքել Արցախը (Լեռնային Ղարաբաղը)։

Այս հաղորդումը հեռարձակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի 24 ապրիլի միջոցառումներից ընդամենը մեկ ամիս առաջ, ինչը ավելի է խորացնում այս քարոզչական գործողության լրջությունը։

👉 Ադրբեջանական քարոզչությու՞ն ARTE-ի միջոցով.

Սա հաստատ չի կարող զուգադիպություն լինել։ Այս կեղծ քարտեզը 21-րդ դարում դիտավորյալ քարոզչության և խեղաթյուրման օրինակ է, որտեղ մեդիա պատկերների ազդեցությունը կարող է ուղղակիորեն ազդել համաշխարհային ընկալումների վրա։

👉 Ինչ ենք պահանջում.

1. ARTE-ի կողմից պաշտոնական հրապարակային ներողություն՝ ուղղված Հայաստանին և հայ ժողովրդին։

2. Մանրակրկիտ բացատրություն այն մասին, թե ինչպես է այս քարտեզը հաստատվել և ցուցադրվել։

3. Երաշխիք, որ նմանատիպ միջադեպ այլևս չի կրկնվի, և քարտեզագրական ներկայացումները կլինեն ճշգրիտ ու անաչառ։

Հայկական մշակութային «Հայաստանի գանձեր» ասոցիացիան արդեն պաշտոնական նամակ է ուղարկել ARTE-ի ղեկավարությանը։

Մենք սպասում ենք անհապաղ պատասխանին։ Լռությունը չի ընդունվի»:

Ու մինչ ոմանք շտապեցին նրան մեղադրել խաբեության մեջ՝ պնդելով, թե սա հակաֆրանսիական արշավի դրսեւորում է, կեղծիք է՝ Ադրբեջանի կողմից եւ այլն, տեղեկությունը հաստատեց Le Figaro հանդեսի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը, որը իր միկրոբլոգում գրել է. «Ես մի վայրկյան անգամ չեմ հավատում, որ սա դիտավորյալ է @28minutes-ի կամ @ARTEfr-ի կողմից կամ ադրբեջանական լոբբիի գործողությունն է, բայց այս սխալը շատ ցավալի է աչքի և սրտի համար. #Հայաստան-ն պարզապես ջնջվել է Կովկասի քարտեզից։ Էրդողանի և Ալիևի երազանքը»:

Ի վերջո, «Հայաստան» մշակութային միության ներկայացուցիչ Գրիգոր Ամիրզայանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ Arte-ն ներողություն է խնդրել սխալ քարտեզի համար: Ըստ նրա հրապարակած տեսանյութի՝ հաղորդավար Էլիզաբեթ Քուինը «28 րոպե» հաղորդման անունից ներողություն է խնդրել. «Եվ հատկապես ներողություն ենք խնդրում մեր հայ ընկերներից սխալ քարտեզի համար, որը երեկ հեռարձակեցինք Թուրքիայի թեմայով բանավեճի ժամանակ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31