Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնիշխանության մասին… միայն խոսքեր

Մարտ 26,2025 10:00

Երբ նիկոլականներն ասում են, որ պատերազմում պարտվելու «շնորհիվ» Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունն ամրապնդվել է, ակնհայտորեն նկատի ունեն հետեւյալը. մենք ազատվել ենք Արցախի խնդրից, եւ քանի որ այդ խնդիրն ի սկզբանե հորինել էր Ռուսաստանը, մեր վրա դրել էր այդ բեռը՝ լծակներ ունենալու համար, այժմ, ըստ այդ տրամաբանության, մեր երկիրը կարող է գործել միանգամայն ազատ՝ առանց Ռուսաստանի հետ հաշվի նստելու:

Մի կողմ թողնենք այն, մեղմ ասած, վիճելի թեզը, որ Արցախը «բեռ» էր: Դառնանք այդ պնդումների բովանդակությանը: Մենք իսկապե՞ս «ազատագրվել» ենք Ռուսաստանից: Այլեւս կախված չե՞նք ռուսական գազի գնից: Ռուսական ռազմաբազան փակվե՞լ է: Մենք դո՞ւրս ենք եկել ԵԱՏՄ-ից: Թե՞ «արեւմտամետ քարոզչական բրիգադի» հոխորտանքները միանգամայն բավարար են:

Ինչպես միշտ, խոսքերն այսօր ավելի կարեւոր են, քան գործերը: Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ ՈՒԶՈՒՄ ԵՆ դուրս գալ ՀԱՊԿ-ից: ԱԺ-ն ընդամենը հայտարարում է, որ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԿԱ անդամակցելու ԵՄ-ին` շատ լավ հասկանալով, որ տեսանելի պատմական ապագայում նման բան տեղի չի ունենա:

Սրանք ընդամենը խոսքեր են: Իսկ ի՞նչ գործեր եմ ես ակնկալում, որոնք ցույց կտային մեր իրական ինքնիշխանությունը: Կարծում եմ,  որ ինքնիշխան պետությունը տեր է կանգնում իր քաղաքացիների եւ հայրենակիցների, այդ թվում՝ 150 հազար արցախցիների, արժանապատվությանը, անվտանգությանը, իրավունքներին (ոչ թե իր պրոպագանդիստների միջոցով վիրավորում ու փնովում է նրանց): Տեր է կանգնում թշնամու կողմից պատանդառված եւ խոշտանգվող իր հայրենակիցներին: Ինքնիշխան պետությունը չի փոխում իր սահմանադրությունը այլ պետության թելադրանքով: Ինքնիշխան երկիրն ի վիճակի է պաշտպանել իր տարածքը հարեւան երկրի ներխուժումից:

Բայց եկեք հանուն արդարության նշենք, որ ներկայիս իշխանությունը կարողանում է «վաճառել» սուտի ինքնիշխանության թեզը բնակչության զգալի մասի վրա: Ավելի մեծ հաջողությամբ նիկոլականներին հաջողվում է «վաճառել» պատերազմի վախը՝ ներկայացնելով իրենց ընդդիմախոսներին որպես «պատերազմի հրձիգներ»: Առաջ շատ լավ էր «վաճառվում» նաեւ թալանի թեման: Տարոն Մարգարյանի դեմ 7 տարվա հնության գործը վերակենդանացնելն այդ հնացած քարոզչության իներցիան է: Բայց այդ մաշված քարոզչական զենքն այլեւս «չի կրակում»: Պատճառն, ինձ թվում է, այն է, որ նույնիսկ անզեն աչքով է երեւում, թե ինչպիսի ցինիկ եւ ամբարտավան ոճով են հարստացել «ներկաները»: Չգիտեն, թե ինչ է նրանց սպասում իշխանափոխությունից հետո:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ռուս ու ուկրաինացի՝ սլավոնական ժողովուրդների կամ հրեա ու արաբ՝ սեմիթական ժողովուրդների շահերը ոչ մի գոյաբանական հակասություն չունեն եւ նրանց արհեստական գոյաբանական հակասության միակ պատճառը՝ այդ ժողովուրդների սուբյեկտ չլինելն է, այլ կերպ, այդ ժողովուրդներն իրենց ճակատագիրը սեփական կամքով տնօրինելու հնարավորություն չունեն: Ժողովրդավարությունը հենց դա է՝ ժողովուրդներն իրենց սեփական ճակատագիրը սեփական կամքով տնօրինելու հնարավորությունն է, սա է սուբյեկտ ժողովուրդը, ոչ թե պարզապես ազատ արդար քվէարկությունները, դրա համար իմ դարդն ու ցավը միակն է՝ մեր ժողովրդին սուբյեկտ դարձնելն է, որ ոչ թե ներկայի ու նախկինի միջեւ ընտրություն կատարի, այլ իշխանության բերի մեր հանճարեղ ժողովրդի հանճարեղ երիտասարդությանը եւ մեր փորձառու մեծահասակները թեւ ու թիկունք կանգնեն մեր ջահելությանը, խորհուրդներ տան, բայց եւ սխալվելու հնարավորություն տան, որովհետեւ միայն սեփական սխալներն ու թուլությունները հաղթահարելով է մարդ թե պետություն հզորանում: Մեր բոլոր խնդիրները միանգամից կլուծվեն, երբ իշխանության գա գոնե մեկ նորմալ քաղաքական ուժ եւ մեր արարող աշխատասեր ժողովուրդը միանգամից կտրվի ամենածանր, բայց եւ ամենաքաղցր ընտանիք համայնք պետություն արարելու գործին, Սփյուռքն էլ դրան է սպասում, որ վերադառնա Հայրենիք: ՄԻԱՑՈ՛ՒՄ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31