Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության, հոգեբանության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետի ակադեմիկոս Մ.Մազմանյանի անվան հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենենտ ԱՆԻ ԱՎԱԳՅԱՆԻ եւ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության, հոգեբանության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ ԱՆՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ «Տրավմատիկ հիշողությունների հոգեկան վերափոխումների առանձնահատկությունները կրկնվող տրավմաների դեպքում» ուսումնասիրությամբ վերլուծվել են Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում տեղահանվածների հոգեբանական խնդիրները եւ դրանց դրսեւորման առանձնահատկությունները։ Հեղինակները ներկայացրել են պատերազմից տուժածներին հոգեբանական աջակցության ծրագրի շրջանակներում մեկ տարի շարունակ իրականացված հոգեթերապեւտիկ աշխատանքների ընթացքը եւ վերլուծել արդյունքները:
Ուսումնասիրությունը տպագրվել է օրեր առաջ լույս տեսած «Գիտական Արցախ» պարբերականի 4(23) 2024 համարում: Ձեզ ենք ներկայացնում մի հատված այդ ուսումնասիրությունից:
-Վերջին 100 տարիների ընթացքում հայ ազգաբնակչությունը մի քանի անգամ դաժան կերպով տեղահանումների է ենթարկվել։ 19-րդ դարի վերջին քառորդից սկսած՝ Արեւմտյան Հայաստանում կազմակերպված ջարդերը եւ տեղահանումները իրենց տրամաբանական հանգուցալուծմանը հասան 1914-1915 թվականների մեծ ջարդերով, որ հետագայում համաշխարհային հասարակությունը համարեց ցեղասպանություն: Տեղահանումը շարունակվեց ԽՍՀՄ-ի տարիներին, երբ Նախիջեւանի ինքնավար մարզը հայաթափվեց Խորհրդային Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունքում։ Այս տեղահանումներն էլ իրենց վերջնական հանգուցալուծումը գտան ԽՍՀՄ-ի փլուզմամբ եւ Սումգայիթյան ջարդերով։
2020թ. Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում եւ Արցախի շրջափակումից ու հայաթափումից հետո Արցախում բնակվող 100000-ից ավելի անձինք հարկադրված տեղահանվեցին։ Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականի սեպտեմբերից 2023 թ.-ի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում ընդունեց տեղահանվածների ամենամեծ խմբաքանակը։ Այս հանգամանքը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ հասարակության հոգեկան առողջության եւ բարոյահոգեբանական վիճակի վրա։
Թվարկված աղետները՝ բռնաճնշում, էթնիկ զտում, ցեղասպանություն, տեղահանում, պատերազմ, էքզիստենցիալ ոչնչացում, համարվում են մարդածին աղետներ, որոնք հասարակության վրա խորը տրավմատիկ հետեւանքներ են թողնում եւ դրսեւորվում են սերնդեսերունդ: Կրկնվող տրավմաները հնարավորություն չեն տալիս հայ ժողովրդին հաղթահարելու հետտրավմատիկ խնդիրները, ընդհակառակը՝ ձեւավորվում է սոցիալ-հոգեբանական խնդիրների փաթեթ, որը կրում է կոլեկտիվ եւ համազգային բնույթ:
Կարդացեք նաև
…Մեր կողմից առանձնացվել են այն բնութագրիչները, որոնք բնորոշ են անընդհատ տրավմատիզացիայի ենթարկված հասարակությանը եւ ուղղակի կապ ունեն 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից տուժածների եւ Արցախից տեղահանվածների հետ կատարած հոգեբանական աշխատանքների եւ դրանց վերլուծության հետ:
- Տրավմատիկ փորձը բախում է եսի եւ կատարված փաստի միջեւ: Եսի արձագանքը հիմնականում ուշ է առաջանում: Դա ձեւավորվում է ոչ թե որպես սպառնացող վտանգի պատասխան, այլ այն բանից հետո, երբ տրավմատիկ փորձն արդեն առկա է, եւ եսը պասիվորեն հանձնվում է տրավմային, քանի որ նրա պաշտպանական գործառույթները փլուզված են: Հաճախ տեղի է ունենում մտածողության հետընթաց՝ որպես անտանելի անօգնականությունից պաշտպանություն: Երբ տրավմատիզացված մարդն իրեն մեղադրում է կատարվածի համար, ապա պասիվ անօգնականության զգացումը վերածվում է սեփական գործունեությունը կամ անգործությունը պայմանավորող միջոցի: Եթե մտածողության նման հետընթացին գումարվում են նաեւ գիտակցությունից արտամղված ներքին համոզմունքներ, վախեցնող պատկերացումներ, ապա ձեւավորվում են պառակտված համոզմունքներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում:
- Տրավմատիզացված եսի ոչ համարժեք մտավոր գործունեությունը հանգեցնում է հոգեկան զգացողության սառեցմանը եւ առաջացնում է ներքին կանգ: Խախտվում է անցյալի, ներկայի եւ ապագայի միջեւ ընկած ժամանակահատվածը, տրավմատիզացված անձը կորցնում է արտաքին ազդեցությունները ընկալելու կարողությունը:
- Համատարած տրավմատիզացիայի դեպքում անօգնականության զգացումը այնքան մեծ է լինում, որ ճնշում է ինքնապաշտպանական մեխանիզմների գործունեությունը: Փլուզվում է հավատի զգացումը այն բանի նկատմամբ, որ իրենց կյանքում կարող է ինչ-որ դրական բան տեղի ունենալ, ինչպես նաեւ կորչում է շրջապատողների կողմից ապրումակցման, հասկացված լինելու պահանջմունքի բավարարման հույսը: Տեղի է ունենում անձի մեկուսացում, որը ուղեկցվում է վախի, ամոթի, հուսահատության եւ ատելության բուռն զգացողություններով (Болебер 2010):
Էմպիրիկ հետազոտության արդյունքները
Հետազոտության նպատակն է ուսումնասիրել տրավմատիկ հիշողությունների հոգեկան վերափոխումների առանձնահատկությունները կրկնվող տրավմաների դեպքում։ Հետազոտության հիմքում ընկած է այն ենթադրությունը, որ տրավմատիզացված անձանց մեծ մասի ապաքինումը երկարաձգվում է՝ պայմանավորված նրանց պաշտպանական մեխանիզմներով. մարդիկ արտամղում, մերժում եւ ճնշում են իրենց հոգեբանական խնդիրները։
Էմպիրիկ հետազոտությունն իրականացվել է պատերազմին հաջորդած մեկ տարվա ընթացքում, պատերազմից տուժածներին հոգեբանական աջակցության ծրագրի շրջանակներում՝ ամփոփելով անհատական եւ խմբային հոգեթերապեւտիկ աշխատանքի արդյունքները։ Հարկ ենք համարում նշել, որ հետազոտության մասնակիցների մեծ մասը եղել են արցախյան առաջին, ապրիլյան քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակիցներ։
Հետազոտության արդյունքների վերլուծությունն ու ընդհանրացումները կատարվել են ինդուկտիվ մոտեցման շրջանակներում, իդեոգրաֆիկ մեթոդով, անհատական հոգեբանական աշխատանքի ընթացքում՝ դիտարկման արդյունքների, փաստերի ուսումնասիրության համադրմամբ։
Պետք է նշել, որ տեղահանվածների ծանրակշիռ մասը պատերազմին հաջորդած 6 ամիսների ընթացքում չէին նշում սոցիալ-հոգեբանական կամ ադապտացիոն խնդիրների մասին եւ դա պատճառաբանում էին նրանով, որ «ուրախ ենք, որ փրկվել ենք», «սպասում ենք պատերազմի ավարտին», «մենք ստիպված էինք ժամանակավոր լքել մեր տները, շուտով ամեն ինչ կավարտվի, եւ մենք հետ կգնանք»։
Սա վկայությունն է այն բանի, որ նրանց մոտ գործում էր վերեւում նշված առաջին կետին բնորոշ հոգեբանական մեխանիզմները. եսի ուշացած հակազդումը տեղի ունեցած աղետին, հակասական համոզմունքները եւ մտածողության հետընթացը:
Նույնիսկ հոգեբանի կողմից ադապտացիոն խնդիրների, տրավմատիկ հիշողությունների առկայության մասին հատուկ հարցադրումները վերոհիշյալ խնդիրների բացակայության պատասխաններով էին հիմնավորվում։ Առաջին հայացքից թվում է, թե տեղահանվածների բարոյահոգեբանական վիճակը կարելի է բավարար գնահատել։ Սակայն այս երեւույթը բացատրվում է նրանով, որ տեղահանված եւ տրավմատիզացված անձինք կորցնում են արտաքին ազդեցությունները ընկալելու կարողությունը. պատերազմից հետո հավատով սպասում էին տուն վերադառնալուն, չնայած որ կնքվել էր պատերազմի դադարեցման պայմանագիր, որն արցախցիների մի մասին զրկեց իրենց ծննդավայրից, տնից, աշխատանքից։ Այս տեւական ժամանակահատվածը, որի ընթացքում տրավմատիզացված անձը չի գիտակցում, չի ընդունում, չի գտնվում ճիշտ ժամանակի եւ տարածության մեջ, նրանից խլում է մեծ էներգիա եւ տանում հուզական հյուծվածության։ Վերջինս հանգեցնում է ագրեսիվության եւ տագնապայնության մակարդակի բարձրացմանը, հիասթափության, անօգնականության զգացողության ամրապնդմանը, պայքարելու, կյանքի նոր պայմաններին հարմարվելու ցանկության բացակայությանը։
Ինչպես նշեցինք, եսի տրավմատիկ վիճակները հիմնականում ադապտացիայի ենթակա չեն, սակայն սոցիալական ադապտացիայի տեսանկյունից դիտարկելու դեպքում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ արցախցիների՝ տեղահանումից հետո հատկապես Հայաստանում ապաստանելը, ունի մի շարք առավելություններ:
Տեղահանվածները եկել են մի միջավայր, որի մշակույթը, լեզուն, կրոնը եւ ազգային առանձնահատկություները նույնն են: Հոգեբանական աջակցության դիմած տեղահանվածները հաստատում էին այն փաստը, որ իրենց զգում են ինչպես տանը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ պետք էր ենթադրել, որ սոցիալ-հոգեբանական ադապտացիան շատ ավելի սահուն պետք է ընթանար, իհարկե, հատուկ ուշադրություն դարձնելով այն փաստին, որ մարդիկ անձնական ողբերգություն են ապրում, քանի որ կորցրել են իրենց ծննդավայրը, տունը, աշխատանքը, հարազատներին, ընկերներին, համագյուղացիներին, հարեւաններին:
Այնուամենայնիվ, տեղահանված բնակիչների 90 տոկոսը, ովքեր պատերազմի ավարտից արդեն 6 ամիս անց դիմում էին հոգեբանական աջակցության, իրենց խնդիրներից մեկը համարում էին դեզադապտացիան: Թե խմբային, թե անհատական թերապիաների ընթացքում բացահայտվեց, որ բոլոր տեղահանվածները ունեն աջակցության, կարեկցանքի, հասկացված, լսված լինելու կարիք եւ ոչ թե ադապտացիոն խնդիրներ: Հոգեբանական թերապիաների ընթացքում նրանք հասկանում էին, որ իրենց մեկուսացած եւ չհասկացված են զգում ոչ թե այն պատճառով, որ իրենց օտար են զգում, կամ հասարակության կողմից կա ճնշում կամ մշակութային տարբերություն, այլ այն պատճառով, որ չեն կարողացել կիսել, արտահայտել իրենց հույզերը: Այս երեւույթը բնորոշ է համատարած տրավմատիզացիային, որն ուղեկցվում է մի շարք հուզական դրսեւորումներով՝ անօգնականություն, հուսահատություն, անտեսվածություն, վախ, ագրեսիա:
Հոգեբանական աջակցության դիմած մարդկանց ծանրակշիռ մասը ուներ ագրեսիվության բարձր մակարդակ:
Պատերազմական գործողությունների ականատես, մասնակից, մազապուրծ փրկված բնակիչների՝ սոցիալ-հոգեբանական խնդիրների, կյանքի նոր պայմաններին հարմարվելու ուղղությամբ տարված հոգեբանական աշխատանքների վերլուծությունը հնարավորություն է տալիս կատարելու մի շարք եզրակացություններ, դուրս բերել օրինաչափություններ, մշակել թերապեւտիկ աշխատանքի առավել արդյունավետ ուղիներ։
Եզրակացություններ եւ գործնական առաջարկներ
Վերլուծելով պատերազմին հաջորդող մեկ տարվա ընթացքում կատարված հոգեթերապեւտիկ աշխատանքները՝ կարելի է ընդգծել, որ հատկապես արդյունավետ էին խմբային թերապիաները, որտեղ մարդիկ իրենց լսված եւ հասկացված էին զգում, հանդիպում էին իրենց բախտակից մարդկանց, կիսվում զգացողություններով, մտքերով, խնդիրների հաղթահարման փորձով:
Հոգեթերապեւտիկ խմբային աշխատանքը հատկապես արդյունավետ էր էկլեկտիկ մոտեցման շրջանակներում: Որպես խմբային թերապիայի արդյունավետ մեթոդներ կարելի է առանձնացնել.
- Առաջին հանդիպումներին խմբի ճանաչում եւ ձեւավորում, կոգնիտիվ վարքաբանական թերապիայի տեխնիկաների կիրառություն, տագնապի բարձր մակարդակի առկայության դեպքում նաեւ հողակցման տեխնիկաների կիրառություն:
- Բուն թերապեւտիկ աշխատանքի ժամանակ արտ-թերապիայի եւ գեշտալտ թերապիայի՝ միմյանց փոխլրացնող տեխնիկաների կիրառում:
- Ավարտական փուլում՝ քոուչինգ տեխնիկաների կիրառում: Նման աշխատանքային ռազմավարությունը հնարավորություն է տալիս առաջին հանդիպումներին, օգտագործելով կոգնիտիվ վարքաբանական մոտեցումը, մի շարք հողակցման տեխնիկաների կիրառմամբ նվազեցնելու տագնապի եւ լարվածության մակարդակը, ձեւավորելու վստահության մթնոլորտ, հաճելի միջավայր եւ խումբ, որտեղ մարդիկ իրար վստահում եւ ազատ հաղորդակցվում են:
Արտթերապեւտիկ մեթոդներով աշխատանքը արդյունավետ ենք համարում, քանի որ տրավմատիզացված անձինք, լինելով լարված, ունենալով մտածողության հետընթաց, ագրեսիվության բարձր մակարդակ, պրկված նյարդեր, հաճախ ի վիճակի չեն լինում խոսքայնացնել իրենց հույզերը, իսկ նկարելու, ծեփելու, ավազի հետ աշխատանքի, ընթերցելու միջոցով հեշտությամբ վեր են հանում իրենց խնդիրները, դրանց նայում կողքից, ճանաչում, գնահատում, ընդունում դրանք: Արտթերապիան հնարավորություն է տալիս այցելուին արտահայտելու հույզերը, դրանց կոնկրետ տեսք եւ ձեւ տալու միջոցով, դա կրկնակի արդյունավետ է դարձնում թերապիան: Գեշտալտ թերապիայի մեթոդների կիրառությունը արդյունավետ է խնդրի հասկացման եւ դրա հաղթահարման ուղիների, միջոցների ձեւավորման փուլում: Այցելուն կարողանում է բարձրացնել իր գիտակցության մակարդակը, վերաձեւավորում է աղճատված, տրավմատիզացված եսը, ձեռք է բերում դրական փորձ, որն էլ կիրառում է իր կյանքում:
Աշխատանքի վերջին փուլում անփոխարինելի են քոուչինգ տեխնիկաները, որոնց միջոցով այցելուի մոտ ձեւավորվում է ապրելու, ստեղծագործելու, արարելու ձգտումը. դա որոշակիորեն հնարավոր է դարձնում հետպատերազմյան համընդհանուր տրավմաների հաղթահարումը:
«Առավոտ» օրաթերթ
25.03.2025