Հարցազրույց գրականագետ, այվազյանագետ Անի Փաշայանի հետ
-Այս տարի Աղասի Այվազյանի ծննդյան 100-ամյակն է: Նա մեծ գրականություն է ստեղծել, նկարահանել է, գրել է սցենարներ հայտնի ֆիլմերի համար, նկարել է: Եվ ո՞վ է նա ամենից առաջ, գրող-հրապարակախո՞ս, թե՞ ռեժիսոր ու սցնարիստ:
-Աղասի Այվազյանն առաջին հերթին գրող է: Նա չէր կարող «գոյատեւել» առանց գրի, սակայն ֆիլմ նկարելը նրա տարերքն էր: Գեղանկարչությունը այվազյանական գրականության արտապատկերն է՝ որպես երկրորդական բաղադրիչ:
-Նա Թբիլիսիից Երեւան տեղափոխվեց, ո՞րն էր պատճառը եւ ի՞նչ ստեղծեց դրանից հետո: Երբեւէ չփոշմանե՞ց՝ «լքելով» Թիֆլիսը:
Կարդացեք նաև
-Նա չէր ընդունում այն իրականությունը, որի մեջ էր: Այվազյանն արդեն 40 տարեկան էր, որ եկավ Երեւան մտերիմ ընկերոջ՝ Հենրիկ Մալյանի հետ: Երեւանում նա ոչինչ չուներ: Ո՛չ տուն, ո՛չ ապրելու տեղ, ուղղակի ուզում էր իր հայրենիքում շարունակել հետագա կյանքը, արարել, վայելել հայկական միջավայրը, ֆիլմ նկարել: Ահա եւ Երեւան գալուց հետո նա Մալյանի հետ ձեռնամուխ եղավ «Եռանկյունի» ֆիլմի կայացմանը՝ հանդես գալով որպես սցենարիստ: Նա ամբողջ օրն անցկացնում էր նկարահանման հրապարակում: Եվ ստեղծվեց այնքան շատ սիրված «Եռանկյունին»: Երբեք չփոշմանեց, որ հեռացել է Թիֆլիսից, որին անդրադարձավ, սակայն, մշտապես թե՛ արձակում եւ թե՛ գեղանկարչության մեջ:
-Ինչպիսի՞ պատկեր է ներկայացնում Այվազյանի գրական ժառանգությունը:
-Առաջին հերթին պիտի առանձնացնեմ երկու անգամ իր իսկ ձեռքով կազմած ժողովածուները, որոնց մեջ ընդգրկել է տարբեր տարիներին գրված պատմվածքներ, վիպակներ եւ պիեսներ՝ շատ արժեքավոր, ընտրված: Դա կարեւոր աշխատանք պիտի համարել, քանի որ, իրավամբ, գրողի խորագետ հայացք է իր ստեղծածին: Այն օգնում է գրականագետին՝ Այվազյանի գրական ժառանգության կարեւոր կողմերն առանձնացնելու եւ հասկանալու առումներով: Հստակ երեւում են նրա արձակի իրական պատկերն ու ծավալը:
-Ո՞ր ստեղծագործությունն էր նրա ամենասիրելին:
-Միանշանակ «Աղի կոմսը»: Այս վիպակով նա արժեքավոր գաղափարներ բերեց, կարեւորեց հայը հայրենիքում պիտի ապրի միտքը, ցույց տվեց ընտանիքի հոր բացառիկությունն ու միայնակությունն օտարի հողում, որդու երերունությունն այլ աշխարհներում եւ այսպիսով տոհմի պարտությունը:
-Ո՞վ է Աղասի Այվազյանը հայ գրականության ուղեծրում:
-Առաջին հերթին՝ մեծ արձակագիր, դրամատուրգ, հոգու պատմահայր, որ պեղեց ու գտավ ներաշխարհիկ գտածոներ, որոնց մասին հայտնեց մեզ տարբեր ձայներով, հիացմունքով եւ հիասթափությամբ, նեղսրտությամբ եւ ափսոսանքով: Նրա պատումը բարձր նշաձող է, արձակի հյուսվածքը բարդ է, բայց ճշմարիտ, հարուստ հայերենով է: Նա նորարար է իր ասույթով, կերպարներով եւ պատմելու ինքնատիպ ձեւերով: Հատկապես առանձնանում է նրա արձակի ռիթմը՝ թերեւս ամենաարժեքավորն արձակում: Որպես դրամատուրգ եւս հետաքրքիր է: Հարուստ ռեմարկներով, անսպասելի սյուժեներով եւ տեսարաններով նրա պիեսները մեր թատրոնի ապագան են:
-Ո՞վ է նրա հիմնային կերպարը:
-Միայնակ եւ ուժեղ մարդը, արհեստավորը, մտավորականը, որը խիղճ ունի, ընդհանրապես, հայը, որը դեգերել է, տենչում է հաստատուն լինել հայրենիքում, գնահատվել, տեսնվել, արարել:
-Ո՞րն էր նրա ամենավերջին ժողովածուն:
-Աղասի Այվազյանը կարողացել է հրատարակել իր բոլոր գործերը: Ստեղծագործել է մինչեւ իր կյանքի վերջին պահերը: Թողել է մեկ անտիպ ժողովածու, որն իր մահվանից հետո կազմել, խմբագրել եմ, գրել առաջաբան: Ժողովածուն կոչվում է «Խորքի խորությունը»:
-Կարծո՞ւմ եք, որ Աղասի Այվազյանն ապագայի գրող է, որ նրա գրականությունը հաճախ դժվար ընկալելի է:
-Ոչ միշտ, ունի պարզ, հեշտ ընկալվող, նաեւ հային հարազատ ստեղծագործություններ, միեւնույն ժամանակ մանվածապատ, փիլիսոփայական, բառերի բարդ հարաբերակցությունների շղթայական գործածումներով տեքստեր, որոնք մարսելու համար ընթերցողը փորձ պիտի ունենա որոշակի առումներով: Ամեն դեպքում հայ մարդը պիտի ճանաչի, հասկանա Այվազյան գրողին:
-Տարին այվազյանական է: Մեր ժողովուրդը հարուստ է այսպիսի արվեստագետ ունենալու հնարավորությամբ: Արդյո՞ք հնարավոր կլինի ըմբռնել նրա գրականության մեջ հնչող կարեւոր ասելիքները:
-Եթե աստիճանաբար ձեռք բերենք խելացի եւ ճաշակավոր ընթերցող, այնպիսինը, ում համար կարժեւորվի այվազյանական հոբելյանը: Իսկ նա ընդամենը 100 տարեկան է:
Զրույցը վարեց
Զառա ՆԱԴԱՐՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
25.03.2025