Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր կողմն է պտտվելու պատմության անիվը

Մարտ 26,2025 13:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դավադրապաշտական մոտեցումների դեպքում ամեն ինչ կարելի է կապել ամեն ինչի հետ

«Թրամփն ընդամենը 4 տարով է եկել: Այդ 4 տարին գլորենք, դրանից հետո ամեն ինչ նույնը կլինի՝ Արեւմուտք-Արեւելք (կամ ինչպես երբեմն անվանում են՝ գլոբալ Հարավ) անզիջում պայքարով, դրանց «պրոքսի-պատերազմներով» եւ Արեւմուտքի կողմից «փափուկ ուժի» բոլոր գործիքներով»:

Այդպիսի մոտեցումը ենթադրում է, որ համաշխարհային զարգացումները պայմանավորված են Թրամփի էքսցենտրիկ բնավորությամբ: Ինչպես նաեւ նրանով, թե ով է նրան «բերել իշխանության» եւ ով է նրան «այդ իշխանությունից տանելու»: Պարզունակ մտածողությունը մշտապես հիմնված է դավադրապաշտության վրա:

Այդ դրսեւորումները կարելի է նկատել նաեւ «տեղական մակարդակով»: Վերջերս մի ռուսական կայքում վերլուծություն կարդացի, որն ամբողջությամբ հիմնված էր դավադրության դասական տեսության վրա: Ըստ այդմ՝ «հայրենասեր» եւ «ոչ կոմերցիալիզացված» Ռոբերտ Քոչարյանն իշխանությունը փոխանցեց «ոչ հայրենասեր» եւ «կոմերցիալիզացված» Սերժ Սարգսյանին: Դա, այդ առասպելի հեղինակների մատուցմամբ, դեռեւս դավադրություն չէ՝ պարզապես սխալվել է մարդը: Հավանաբար, չափից դուրս դյուրահավատ է:

Դավադրությունը սկսվում է դրանից հետո. Սերժ Սարգսյան – Վատիկան – Mi6 – CIA – Սորոս եւ… ահավասիկ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը: Երբ գործում են երեւակայական, անտեսանելի, մտացածին կապերը, ապա ամեն ինչը կարելի է կապել ամեն ինչի հետ՝ չբերելով որպես ապացույց, որեւէ փաստ: Քարոզչության մեջ դա անցնում է. հարեւան Վարդուշը երեկ հագել էր կանաչ խալաթ, իսկ կանաչը իսլամիստների դրոշի գույնն է, հետեւաբար, Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հիմքը դրվել է հենց մեր շենքում:

Ի տարբերություն պրոպագանդայի՝ լրագրության, հրապարակախոսության մեջ նման մոտեցումները, իմ կարծիքով, արդեն իսկ անընդունելի են: Էլ չասած՝ գիտության մեջ, որի նպատակը պետք է լինի օրինաչափությունների բացահայտումը: Հնարավոր չէ, որ ինչ-որ «գերազդեցիկ» մարդիկ պայմանավորվեն եւ բացառապես նրանց որոշմամբ «գահին դրվեն» Թրամփը, Պուտինը, Փաշինյանը, Զելենսկին:

Ցույց տալու համար, թե ինչպես է, իմ ընկալմամբ, այդ ամենն իրականում աշխատում, սկսեմ փոքր-ինչ հեռվից: Նախ՝ ես հակված եմ հավատալու, որ պատմական ընթացքի մեջ կա որոշակի իմաստ, տրամաբանություն, եթե ուզում եք՝ մտահղացում: Բայց դա առանձին մարդկանց կամ մարդկանց խմբերի մտահղացումը չէ՝ որքան էլ դրանք ազդեցիկ լինեն: Պատմության իմաստի տեսանկյունից հարցեր դնելը մեր՝ եվրոպական, արեւմտյան մտածողության համար խորթ է: «Ում իշխանությունն է, նրանն էլ հավատն է»՝ սա էր դեռեւս 17-րդ դարում մշակված «կոնսենսուսային» սկզբունքը, որն ընկած է «Վեստֆալյան խաղաղության» եւ բոլոր մնացած «խաղաղությունների» հիմքում, ընդհուպ մինչեւ Յալթան (1945 թիվ): Այսինքն՝ հավատի, մարդու կենցաղային, առօրյա պատկերացումներից դուրս գտնվող գաղափարների խնդիրները ստորադաս են պարզ, նյութական, «ուժային» իշխանությանը:

Առաջին անգամ այդ պատկերացումը սասանվեց 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, եւ պատահական չէ, որ դա արեցին ոչ-արեւմտյան մտածողություն ունեցող ահաբեկիչները: Հիմա այդ մտածողությունը մտել է նաեւ բուն արեւմտյան քաղաքական մշակույթի մեջ: Երբեմն դա կոչվում է «պահպանողական շրջադարձ»:

Եվ այստեղից կարող ենք անցնել մի լուսանկարի, որն արվել է վերջերս՝ մարտի 20-ին: Թրամփը, Վենսը եւ տարբեր դավանանքների կրոնական առաջնորդները համատեղ աղոթում են Օվալաձեւ գրասենյակում: Դա իր բովանդակությամբ բացառիկ միջոցառում էր: Ինչի՞ մասին է դա խոսում, ի՞նչ ուղերձ է պարունակում:

Կարելի է, իհարկե, ասել, որ ինչ-որ «մութ ուժեր» իշխանության են բերել Թրամփին եւ հիմա հրահանգում են, որ նա այս կամ այն բանն անի: Բայց ավելի ճիշտ է, կարծում եմ, ենթադրել, որ ժամանակը, պատմական ընթացքն են առաջացնում այս կամ այն տիպի առաջնորդի պահանջարկը: Անձնական հատկանիշներն, իհարկե, կարեւոր են, բայց որոշիչ գործոնները գտնվում են այդ հատկանիշներից եւ անգամ կուսակցական պատկանելությունից դուրս: Դրա համար եմ ես կարծում, որ եթե անգամ 2028 թվականի ընտրություններում հաղթի դեմոկրատների թեկնածուն, դա չի շրջի պատմության անիվը, եւ ԱՄՆ-ի նպատակն այլեւս չի լինի ամբողջ աշխարհում «ազատական ժողովրդավարություն» հաստատելը:

Ուշադրություն դարձրեք լուսանկարի ձախ կողմում կանգնած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, որը նույնպես, գոնե տեսականորեն, շանսեր ունի այդ երկրի հաջորդ նախագահը դառնալու: Ինչպես եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, իր կաթոլիկ համոզմունքները շեշտելով, Վենսը հանդես է գալիս ավանդական «ազատական» համաշխարհային էքսպանսիայի դեմ:

Այդ՝ ըստ էության, հնացած պատկերացումների ամենացայտուն օրինակն էր, իհարկե, «սառը պատերազմը». կա «չարիքի» եւ «բարիքի» աշխարհ (որ կողմից էլ նայես), որոնք իրար դեմ պարբերաբար «պրոքսի պատերազմներ» են վարում եւ մշտապես գտնվում են համաշխարհային լայնածավալ պատերազմի շեմին: Այդ տրամաբանության մեջ են վերը մեջբերված ռուսական կայքի հեղինակները՝ նրանց համար «սեւը» Վատիկան-Սորոս-CIA-MI6-ն է (ցուցակը կարելի է անվերջ շարունակել), իսկ «սպիտակը», բնականաբար, Պուտինն է՝ Քոչարյանի հետ միասին: Եվ հակառակը՝ այսօրվա եվրոպական որոշ լիդերները (ոչ բոլորը), ինչպես նաեւ մեզ մոտ իշխանության «արեւմտամետ» աջակիցները եւ նիկոլական հ/կ-ները իրենց պատկերացնում են որպես «սպիտակ», իսկ Պուտինին եւ հայաստանյան «5-րդ շարասյունը»՝ «սեւ»:

Եվ ահա Վենսը այս տարվա փետրվարի 17-ին ծրագրային ելույթ ունեցավ Մյունխենում: Ելույթի բովանդակությունը կարելի է բնութագրել մի բառով՝ «թարգե՛ք»: Կանխատեսում եմ, որ տեսանելի ապագայում աշխարհը գնալու է այդ նոր ուղղությամբ: Խնդիրը բուն անձերի մեջ չէ, բայց, ենթադրում եմ, ժամանակի պահանջն է լինելու՝ ազատվել բոլոր տեսակի արկածախնդիրներից:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.03.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Թրամփը, եւ մանաւանդ իր առաջնորդած Շարժումը, խորապէս թերագնահատուած են, grossly underestimated, զինք եւ այդ Շարժումը անտեսողներուն, չհասկցողներուն եւ/կամ ատողներուն կողմէ:

    ԱՄՆու տեղի ունեցածը՝ վերածնունդ մըն է, կամ նոր ծնունդ մը, ԱՄՆի համար: Սակայն նաեւ անկիւնադարձային պահ մըն է համայն աշխարհին համար: Ասկէ ետք, ոչինչ նոյնը չի լինելու: Նոյնիսկ եթէ Փրամփը, ինք, միայն չորս տարիներու ԱՄՆ նախագահն է:

    Ասիկա շատ քիչեր պիտի ուզեն ընդունիլ: Ինչ որ բնաւ զարմանալի չէ, մանաւանդ հայերու պարագային: Որոնց – համաշխարհային – զանգուածային մեծամասնութիւնը, օրին, բնաւ ականջ չկախեց տարրական իսկ զգուշացումներուն՝ Երեւանի 2018ի գարնան հետեւանքներու առնչութեամբ:

    Սակայն, մինչ ընդհանրապէս կը կարծուի թէ ամերիկացիները շատ խելացի չեն, ԱՄՆի մէջ, կացութիւնը հասկցած է երկրի զանգուածային մեծամասնութիւնը, ներառեալ՝ Թրամփի եւ իր Շարժումին հակադրուող ներքին ուժերն ու անոնց համակիր քուէարկողներուն մեծ մասը:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31