Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը կստորագրի՞ Մոսկվայում

Մարտ 26,2025 12:00

Պուտինը կցանկանար մայիսի 9-ին Փաշինյան-Ալիեւ հանդիպում եւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրում կազմակերպել

Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի տարածքում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, սակայն Երեւանի դիրքորոշումն անորոշ է: Այս հայտարարության հեղինակը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն է, որն անցյալ տարի հունվարին այս գնահատականը հնչեցրեց` դիվանագիտական տարվա արդյունքներն ամփոփող ճեպազրույցի ժամանակ։ «Այն, որ Ադրբեջանը պատրաստ է այն ստորագրել ռուսական տարածքում, որտեղ, ըստ էության, սկսվել են հակամարտությանը վերջ տալու եւ բոլոր հարցերի կարգավորման շուրջ փոխգործակցության ամբողջ համակարգի կառուցման ջանքերը, դա էլ է փաստ։ Որքանով է դրան Երեւանը պատրաստ` տեղյակ չեմ, թեեւ համապատասխան ազդակները վաղուց ուղարկվել են ՀՀ մայրաքաղաք»,- նշել էր Լավրովը:

2021-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022թ. մարտին Բաքուն Երեւանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց եւ ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջեւ տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլեր են եղել։ 2024թ. հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե երեք սկզբունքներ կան, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։ Այժմ` ունենք այն, ինչ ունենք:

Մարտի 14-ին` Երեւանի եւ Բաքվի կողմից բանակցություններն ավարտելու մասին հայտարարությունից մեկ օր անց, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ռուսաստանի անունից հայտարարություն էր տարածել, որում ռուսական կողմը ողջունեց խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման շուրջ բանակցությունների ավարտը։ «Աջակցում ենք հայ-ադրբեջանական լիարժեք եւ համապարփակ կարգավորմանն ուղղված այս կարեւոր քայլին, ինչպես նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020-2022թթ. եռակողմ համաձայնագրերով։ Մենք նպատակ ունենք հնարավոր աջակցություն ցուցաբերել խաղաղ գործընթացի հետագա առաջխաղացմանը նաեւ Բաքվի եւ Երեւանի միջեւ մնացած խնդիրների, ներառյալ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման, ինչպես նաեւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, ընդհանուր սահմանի սահմանազատման եւ հումանիտար հարցերի հետ կապված հարցերում՝ գործընկերների համար ընդունելի չափով եւ ձեւով։ Մենք հաստատում ենք մեր առաջարկը՝ ռուսական հարթակ տրամադրել Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների միջեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի ողջ շրջանակի, ինչպես նաեւ խաղաղության պայմանագրի ստորագրման համար», ասվում էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տարածած հայտարարության մեջ։

Այստեղ եւս, ինչպես նկատում ենք, Մոսկվան հստակ շեշտում է, որ պատրաստ է խաղաղության համաձայնագրի ստորագրմանը աջակցել, նպաստել եւ հարթակ տրամադրել այդ նպատակով:

Ռուսական հովանու ներքո Փաշինյան-Ալիեւ առաջիկա հանդիպումը կարող է կայանալ մայիսի 9-ին: Մարտի 14-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Փաշինյանը Պուտինին տեղեկացրել էր «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման եւ նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Փաշինյանը հաստատել էր, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը եւ մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին: Ըստ Կրեմլի` Վլադիմիր Պուտինն ընդգծել էր, որ Ռուսաստանը միշտ աջակցել եւ շարունակում է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: «Այս նպատակներին հասնելու համար ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմից ցանկացած հնարավոր աջակցության վրա», նշել էր ՌԴ նախագահը։

Ի դեպ, Կրեմլը փոխանցել էր, որ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: Ըստ ամենայնի, Փաշինյանը Մոսկվայի հետ որոշակի պայմանավորվածությունների է ձգտում հասնել:

Պաշտոնական Երեւանը շարունակաբար պնդում է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Մինչդեռ Բաքուն ակնկալում է, որպեսզի «հանվեն Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումները», ինչպես նաեւ` ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ուղղությամբ քայլ կատարել։

Պուտինը կարո՞ղ է Ալիեւին համոզել` ստորագրել փաստաթուղթ Մոսկվայում մայիսի 9-ին: Փաշինյանը պատրա՞ստ է մայիսի 9-ին Մոսկվայում խաղաղության համաձայնագիր ստորագրել… Նկատելի է, որ ռուսական կողմը նման հավակնություններ ունի: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե Պուտին-Ալիեւ մակարդակով ինչ պայմանավորվածություն կարող է ձեռք բերվել:

Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի իշխանությունները 2020թ. նոյեմբերի 9-ից հետո պարբերաբար քննադատում են Մոսկվայի պահվածքը, այնուամենայնիվ, Փաշինյանը Պուտինին մերժելու ռեսուրս չունի:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով նախարարի հատուկ ներկայացուցիչ Յուրի Անատոլեւիչ Խովաեւը պատրաստ է ժամանել տարածաշրջան՝ համապատասխան խորհրդակցություններ անցկացնելու համար, անցյալ շաբաթ ճեպազրույցում հայտնեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք, առաջին հերթին, ողջունում ենք այն առաջընթացը, որը ձեռք է բերվել Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության գործընթացում, խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատումը։ Սա նշանակալի քայլ է Հարավային Կովկասում երկար սպասված անվտանգության եւ բարգավաճման ուղղությամբ։ Համապատասխան մեկնաբանություն է զետեղվել կայքում (նկատի ունի` մարտի 14-ին ՌԴ ԱԳՆ հայտարարությունը- հեղ.): Եվ, իհարկե, խաղաղության օրակարգում դեռ կան մի շարք հարցեր, կարեւոր, նույնիսկ համաշխարհային, ես կասեի, որոնք սպասում են իրենց լուծումներին։ Սա ներառում է տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակում, եւ, իհարկե, սահմանազատում եւ հումանիտար բլոկը: Բայց մենք, մեր հերթին, հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու մեր գործընկերներին Ադրբեջանում եւ Հայաստանում բոլոր ուղղություններով, այս ձեւով, նկատի ունեմ այս ոլորտում, այն ձեւով, ծավալով, որով դա պահանջված կլինի երկու կողմից»,-ընդգծել է Զախարովան։

Անցյալ շաբաթվա վերջին Կրեմլից հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ դրական տոնայնությամբ հայտարարություններ հնչեցին:

Ռուսաստանը Հայաստանը համարում է բարեկամ երկիր եւ պատրաստ է էլ ավելի զարգացնել երկկողմ հարաբերությունները, նշեց ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա այսկերպ էր արձագանքել մամուլում հայտնված այն տեղեկությանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական գերատեսչություններին հանձնարարել է «վերականգնել կապերը» ռուս գործընկերների հետ։ «Իրականում Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները չեն ընդհատվել: Դրանք չեն կարող ընդհատվել: Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է, ինքնիշխան պետություն, բայց մենք շատ ընդհանրություններ ունենք՝ երկկողմանի, պատմական ու մշակութային եւ ԵԱՏՄ-ի նման կարեւոր ինտեգրացիոն ասոցիացիային համատեղ մասնակցության առումով», – նշել էր Կրեմլի խոսնակը, հավելելով. «Իհարկե, մենք ավելի քան բավարարված ենք հայկական կողմի նման փոխադարձ վերաբերմունքից մեր երկկողմ հարաբերությունների հեռանկարների նկատմամբ եւ պատրաստ ենք ամեն կերպ զարգացնել դրանք»։

Նկատենք, որ անցյալ շաբաթ Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարությունները հաղորդեցին, որ կողմերը քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել։ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ փոխարտգործնախարարներ Մնացական Սաֆարյանն ու Միխայիլ Գալուզինը կարեւորել են բոլոր մակարդակներում երկկողմ համագործակցության շարունակությունը։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական փոխգործակցության զարգացման, ինչպես նաեւ մշակութային եւ հումանիտար ուղղություններով առաջիկայում իրականացվելիք համատեղ միջոցառումների եւ ծրագրերի վերաբերյալ: Ռուսական կողմը տարածած հաղորդագրությունում շեշտել էր, որ տեղի է ունեցել մտքերի անկեղծ եւ առարկայական փոխանակում։ Վերջին նման խորհրդակցություններ Երեւանն ու Մոսկվան անցկացրել էին չորս տարի առաջ:

Տարեսկզբին, 2023-ից ի վեր դեմ առ դեմ բանակցություններ չանցկացրած Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարներն էին հանդիպել։ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Երեւանը շահագրգռված է Մոսկվայի հետ արդյունավետ քաղաքական երկխոսությամբ։

Իսկ մարտի 21-ին հեռախոսազրույց էր տեղի ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների միջեւ, այս մասին X-ի իր էջում հայտնեց Արարատ Միրզոյանը: «Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել ենք մեր երկկողմ քաղաքական երկխոսության առաջիկա ներգրավվածությունները։ Շնորհավորել եմ նրան ծննդյան տարեդարձի առթիվ», – հայտնել էր Միրզոյանը։

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն անցյալ շաբաթ ճեպազրույցում անդրադարձել էր նաեւ Հայաստանի անվտանգությունը երաշխավորելու Ռուսաստանի պարտավորություններին, եւ շեշտել էր` դրանք ուժի մեջ են: «Ինչ վերաբերում է Հայաստանի հանդեպ Ռուսաստանի պարտավորություններին ՀԱՊԿ շրջանակներում եւ երկկողմ ձեւաչափով, ապա դրանք բոլորն ուժի մեջ են։ Բոլորը շատ լավ գիտեն։ Միեւնույն ժամանակ, Երեւանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցումը, կարծում եմ, չի նպաստում Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, ինչը նույնպես ակնհայտ է», -ասել էր Մարիա Զախարովան։ Նա, սակայն, միեւնույն ժամանակ ակնարկել էր, թե Երեւանից ժամանակ կպահանջվի ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները վերականգնելու համար։

Զախարովան սա ասել էր վերջին օրերին Բաքվից հնչող մեղադրանքների մասին հարցին անդրադառնալուց հետո։ Պաշտոնական Մոսկվան, ըստ Զախարովայի, անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի վերաբերյալ հաղորդագրությունների առիթով: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Երեւանին ու Բաքվին կոչ էր արել ցուցաբերել զսպվածություն, խուսափել իրավիճակի սրման տանող ցանկացած գործողությունից։ Զախարովան Երեւանին ու Բաքվին կոչ է արել նաեւ կատարել բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

Այսպիսով, մայիսի 9-ին Մոսկվայում չի բացառվում, որ Պուտինը փորձի հայ-ադրբեջանական ավարտված բանակցություններին փաստաթղթային տեսք հաղորդել: Պուտինն այս կերպ կցանկանար Արեւմուտքին ապացուցել, թե ով է Հարավային Կովկասում գլխավոր մրցավարը, չնայած այն հանգամանքին, որ թե՛ Երեւանը, թե՛ Բաքուն մի քանի առիթներով Մոսկվայի հետ հարաբերություններում լարվածության տարբեր դրվագներ են ունեցել:

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.03.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31