ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն այսօր «Հայելի» ակումբում անդրադարձավ վերջին օրերի թոփ թեմային՝ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի՝ Վրաստանից կրած խայտառակ պարտություններին:
«Ես ֆուտբոլի փորձագետ, մասնագետ չեմ: Ընդամենը երկրպագու եմ, այն էլ՝ միայն ազգային հավաքականի: Բայց փաստ, որը պետք է արձանագրել: Համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն կիսապաշտպաններից մեկը, որը ներկա պահին աշխարհի լավագույն հայազգի ֆուտբոլիստն է՝ Հենրիխ Մխիթարյանը, ընդգրկված չի ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Եվ պատճառը որպես մարդու տեսակի, անհամատեղելիությունն է մի կենսաբանական զանգվածի հետ, որը կազմակերպում է ֆուտբոլի Վովա Փաշինյանի անվան հուշամրցաշար:
Գանք Նիկոլ Փաշինյանին: Նա Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի բազմաթիվ խաղերից քչերն է գնացել նայելու: Բայց կնոջը վերցրել ու նույն Արմեն Մելիքբեկյանի հետ գնացել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղը դիտելու: Ընդ որում, եզրափակիչ խաղի մեկ տոմսի արժեքը, այն էլ VIP սրահներում կարող է արժենալ 10-12 հազար եվրո: Այդ նույն Արմեն Մելիքբեկյանը պետք է դա կազմակերպած լիներ, չէ՞: Ինչի՞ էին գնացել: Պարզ չի՞, որ վայելելու:
Երբ որ նա Հայաստանում խաղերին չի գնում, այս անգամ ինչի՞ էր գնացել Վրաստանի հետ խաղին: Ամենայն հավանականությամբ, որովհետեւ Վրաստանի վարչապետը, որը միշտ գնում է, նաեւ ուրիշ երկրներում իր երկրի հավաքականին երկրպագելու, քանի որ եկել էր, ստիպված ինքն էլ է գնացել: Ու իջնում, մտնում է վրացիների հանդերձարան եւ շնորհավորում»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Կարդացեք նաև
Շարունակելով թեման՝ Էդգար Ղազարյանն ասաց. «Երեք օրում Հայաստան-Վրաստան հաշիվը 1:9 է: Տեսնելով, որ թիմը չի կարողանում խաղալ, առաջին հանդիպումից երեք օր հետո՝ կիրակի օրը, գնացել է պատասխան խաղին: Ու դա ձեւակերպել են որպես վարչապետի աշխատանքային այցելություն Վրաստան եւ որ Վրաստանի վարչապետի հետ քննարկել են հայ-վրացական ռազմավարական գործընկերության հարցեր: Կիրակի օրը: Վրաստանի վարչապետը երեք օր առաջ Հայաստանում էր: Այդ ի՞նչ եք մոռացել քննարկել»:
Անդրադառնալով Թբիլիսիի «Դինամո Արենա» ստադիոնի կառավարական օթյակից լուսանկարին՝ Էդգար Ղազարյանն ասաց. «Նայեք, հայկական պատվիրակությունն է. վարչապետ, պաշտպանության նախարար, առողջապահության նախարար, ԿԳՄՍ նախարար, շրջակա միջավայրի նախարար, ֆինանսների նախարար, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, դեսպան: Ամբողջ կառավարությունով հավաքվել են, կիրակի օրով գնացել Վրաստան՝ պարտություն նայելու»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ