Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը «Հայելի» ակումբում խոսեց Գյումրու ՏԻՄ ընտրություններում իրենց դաշինքի մասնակցության մասին՝ նշելով, որ ցուցակում ընդգրկված են շատ տարբեր ոլորտներում կայացած հաջողակ մարդիկ:
«Մեր ցուցակի երկրորդ համար Դերենիկ Մալխասյանը ակնհայտորեն տարբերվում է մյուս բոլոր ուժերի երկրորդ համարներից եւ քաղաքական ճանապարհ անցած, հեղինակություն վայելող գյումրեցի լրագրող է: Ուզում եմ, որ մեր սիրելի գյումրեցիները ուշադրություն դարձնեն, որ մեր ցուցակի առաջին համար Կարեն Սիմոնյանը հաջողակ գործարար է: Այսինքն, ունի արժեք ստեղծելու անցած ճանապարհ՝ ստեղծել աշխատատեղ, հարկ վճարել պետությանը:
Նա իր գործարար հաջողություններին չի հասել որեւէ համայնքային կամ պետական պաշտոնի համադրումով: Նա իր բիզնես բարօրությանը պաշտոնի չի ծառայեցրել: Այս առումով, դա լրջագույն ինդիկատոր է, որ մարդը օրինապաշտ, անբասիր մարդ է: Մեր դիրքերը շահեկան են այն առումով, որ նրան առաջին համար առաջադրած դաշինքը գնում եւ շիտակ կանգնում է գյումրեցիների առջեւ:
Որոշ թեկնածուների հետեւում գտնվող տարբեր կուլիսային ֆիգուրների նման մենք չենք թաքնվում եւ ասում ենք. «Սա «Մայր Հայաստան» դաշինքը, սա՝ «Մայր Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակը, Կարեն Սիմոնյանն էլ՝ որպես քաղաքապետի թեկնածու: Այս առումով Կարեն Սիմոնյանը շահեկանորեն տարբերվում է: Անցյալում որեւէ արատավոր պատմության, որեւէ սկանդալի չեք կարող հանդիպել Գյումրիում:
Կարդացեք նաև
Գյումրիում տիրող մթնոլորտի մասին: Ակնհայտ է, որ Գյումրիում ՔՊ-ն պայթելու է: Եվ ՔՊ-ի ֆիասկոն Գյումրիում լինելու է այն փարոսը, որը բոլորի համար ակնհայտ է դարձնելու, որ հանրապետության երկրորդ քաղաքում եւս «Քաղաքացիական պայմանագիրը» սպառվել է: Եվ այդտեղ կա մի պարզ բացատրություն: Վերջին ընտրությունը տեղի է ունեցել 2021 թվականին, որտեղ ՔՊ-ն էլի պարտվել է: Հիմա 2021 թվականից ի վեր երկրում, երկրի շուրջ ի՞նչ լավ իրադարձություն է եղել, որ ՔՊ-ի վարկանիշը աճեր:
Արցախի կորուստ, Ադրբեջանի առաջ նվաստացած վիճակ, Ալիեւի սպառնալիքների, շանտաժների առաջ չոքած ղեկավար: Ի՞նչը կարող էր իրենց վարկանիշը բարձրացնել: Դեռ մի բան էլ ավելին. 2021 թվականին տեղի ունեցած ընտրությունները իրենք հարկադրանքով չեղյալ են հայտարարել: Այսինքն, գյումրեցու քվեով ձեւավորված իշխանությունը «պայթեցրել» են: Գյումրեցիներին չի կարելի մեղադրել, որ գնում են Նիկոլի հետեւից: Գյումրեցիները 2021-ին այս իշխանությանը չեն ընտրել»,-ասաց Մանուկ Սուքիասյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ