Լրահոս
Օրվա լրահոսը

Անասելի աշխուժություն՝ Գյումրու Անի թաղամասում․ «Մայր Հայաստանի» թեկնածուն անակնկալի բերեց սուպերմարկետների աշխատակիցներին

Մարտ 25,2025 21:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածուներն այսօր մեծ հանրահավաք ու երթ անցկացրեցին այս քաղաքի ամենամեծ բնակելի թաղամասում՝ «Անի»-ում։

Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակը բազմամարդ էր․ զգալի էր, որ այս թաղամասի բնակիչներից շատերը հետաքրքրված էին՝ տեսնելով նոր, երիտասարդ դեմքերի։ Քայլերթի ընթացքում էլ ոմանք պատուհաններից էին ողջունում, շատերին էլ թեկնածուն ինքն էր մոտենում, զրույցի բռնվում։

Նա նույնիսկ մտավ մանկապարտեզներից մեկի բակ՝ ջերմորեն ողջունելով դրսում կանգնած աշխատակիցներից ոմանց, բաժանեց իրենց ծրագիրը։

Անակնկալի բերեց նաև խոշոր սուպերմարկետներից մեկի աշխատակիցներին ու հաճախորդներին՝ ներս մտնելով, բարևելով ու նրանց իր բարձր տրամադրությամբ վարակելով։ Ակնհայտ էր, որ գործարար աշխարհում նրան լավ ճանաչում էին։

Այսօր անասելի աշխուժություն էր այս թաղամասում․ դաշինքի՝ արդեն հիթ դարձած քարոզչական երգի հնչյունների ներքո քայլերթի մասնակիցներն առանձնակի ուշադրություն էին հրավիրում՝ անցնելով թաղամասի գրեթե բոլոր փողոցներով ու բակերով։

Հանրահավաքի ժամանակ քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը բնակիչներին փոխանցեց, որ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Հայաստանում իշխանափոխության դեպքում առաջին պլան է մղելու Գյումրու զարգացման ծրագիրը։

Նա նաև անդրադարձավ քարոզարշավի ողջ ընթացքին՝ տեղեկացնելով, որ ճնշումներ են գործադրել ու ամեն ձևով կաշկանդել մարդկանց, որպեսզի չգան ու չմասնակցեն իշխանափոխության ձգտող ընդդիմադիր այս ուժի հանրահավաքներին։

Այդուհանդերձ, ըստ թեկնածուի, իրենց երիտասարդ թիմը կարողացել է Գյումրու հիասթափված ընտրազանգվածի տրամադրությունները փոխել։

Կարեն Սիմոնյանը շեշտեց, որ իրենց թիմին բազմաթիվ երիտասարդներ են միացել ու տարբեր ոլորտների մասնագետներ իրենց աջակցությունը հայտնել։

«Շատերը ուզում են ներկա գտնվել մեր հավաքներին ու երթերին, ուղղակի ասում են՝ իշխանական պետական ապարատը ճնշումներ է գործադրում, նկարում են, որ հասնեն նրան, որ որևէ մեկը իր դիրքորոշումը չհայտնի՝ ի օգուտ «Մայր Հայաստանի»։

Ես այդ մարդկանց ասում եմ ՝միայն մեր հավաքներին ու երթերին մասնակցելով չէ, որ կարողանալու եք ջուր լցնել այն ջրաղացին, որն ի վերջո Գյումրին դարձնելու է ավելի լավը»,- ասաց Կարեն Սիմոնյանը։

Նա, անդրադառնալով նաև Գյումրիում ազատ տնտեսական գոտի հիմնելուն ու այս նպատակով ռուս գործարարներին ներդրումներ կատարելու հրավիրելուն, ասաց․ «Շատերը քննադատեցին մեզ, թե ինչի համար ռուսական բիզնես շրջանակներն ուզում են ներդրում անել Գյումրիում, պատասխանը հետևյալն է՝ բա ի՞նչ անենք, թուրքերին հրավիրե՞նք այստեղ ներդրումներ անելու։

Մենք մերժում ենք նման քաղաքականությունը, ցանկացած երկրի բիզնես շրջանակ՝ բացի թշնամական պետություններից, եթե ցանկություն են հայտնում ներդրումներ կատարել Գյումրիում, ուրեմն մենք իրենց ընկերն ենք»։

Թեկնածուն նաև ասաց՝ ովքեր լալահառաչ խոստումներ են տալիս, թե Գյումրին կարող են դուրս հանել այս ծանր վիճակից՝ առանց զարգացման հեռանկարային ծրագրի, ուրեմն խաբում են։ Ըստ նրա, «Մայր Հայաստանի»՝ Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու ծրագիրը մեկնարկելուն պես՝ կկարողանան 2-3 տարի հետո ունենալ լրիվ այլ քաղաք։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31