Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունը «լռեցման դատական հայցերը» դատարան տանող սուբյեկտներից մեկն է». Նվարդ Մարգարյան

Մարտ 25,2025 20:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մարդու իրավունքների տուն Երեւան» իրավապաշտպան կազմակերպության կազմակերպած «Լռեցման դատական հայցեր. հանրային մասնակցության վտանգները» խորագրով համաժողովի օրակարգում ընդգրկված էին «Հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերը Հայաստանում», «Ակտիվիստների եւ լրագրողների դեմ հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի քննարկում», «Լռեցման մարտահրավերներ. ինչպես պաշտպանել ակտիվիստներին եւ լրագրողներին» թեմաները:

Ներկայացվեցին, թե «Լռեցման դատական հայցերը» ինչպես են օգտագործվում տարբեր ռեսուրսներ ունեցող կորպորացիաների, ինչպես նաեւ պետական մարմինների կողմից, որպեսզի լռեցնեն հանրային ձայնը, հանրային քննադատությունը, հանրային մասնակցությունը:

Կազմակերպության ծրագրերի համակարգող Նվարդ Մարգարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մասնավորապես, քննարկեցինք, թե ինչպես է այդ պրակտիկան օգտագործվում լրագրողների, բնապահպան ակտիվիստների, ինչպես նաեւ իրավապաշտպանների նկատմամբ: Օրինակ, խոշոր ռեսուրսներ ունեցող կորպորացիաները ինչ-որ բառեր օգտագործելու, քննադատություն հնչեցնելու  համար զրպարտության հայցերով դիմում են դատարաններ եւ շատ մեծ չափերի արգելանք է դրվում վերջինների միջոցների վրա, ինչը բացասական ազդեցություններ է ունենում թե լրագրողների, լրատվամիջոցների, թե բնապահպան ակտիվիստների, թե իրավապաշտպանների եւ իրավապաշտպան կազմակերպությունների վրա:

Ի մասնավորի, այսօր քննարկել ենք «Լիդիան Արմենիայի» կողմից բնապահպան ակտիվիստների նկատմամբ ներկայացված հայցերը, թե ինչ մեծ հայցապահանջներ են դրված վերջինների վրա, լրատվամիջոցների դեմ քաղաքապետի, ԱԺ նախագահի ներկայացրած հայցերը դատարաններ եւ թե ինչպես են պետական պաշտոնյաները այս գործիքակազմերը չարաշահում: Թեեւ պետք է նշել, որ Ալեն Սիմոնյանը միանգամից չի գնում դատարան, այլ սկզբում պահանջում է իր պատկերացմամբ զրպարտություն պարունակող  հոդվածների հերքումը»,-ասաց Նվարդ Մարգարյանը:

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ հանրային լռեցման հայցերը հատկապես թիրախավորում են այնպիսի լրատվամիջոցների, որոնք իրականացնում են փաստերի քննություն, հետաքննություն, որոնք պայքարում են կոռուպցիայի դեմ:

«Բայց սա չպետք է խառնել իսկապես զրպարտություն եւ ատելության խոսքով ողողված կամ ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցների դատական գործերի հետ:

Իսկ թե որո՞նք են ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները, ի՞նչ կարելի է անել, կարեւորվեցին համայնքների մոբիլիզացիան, այս հարցի շուրջ իրազեկված լինելու աստիճանի բարձրացումը, ինչպես նաեւ, որպեսզի հանրային մասնակցության ռազմավարական հայցերը կարգավորվեն օրենսդրության միջոցով՝ հղում անելով ԵԽ 2024 թվականի երկու առաջարկություններին եւ ԵՄ դիրեկտիվներին, որոնք հենց այս հարցի մասին են»:

Մեր հարցին, թե պետությունը ստեղծված այս իրավիճակների հարցում դերակատարություն ունի՞, Նվարդ Մարգարյանը պատասխանեց. «Եթե նկատի ունեք կառավարությանը, ապա ինքը եւս այդ հայցերը դատարան տանող սուբյեկտներից մեկն է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31