Կապանի թատրոնի բեմում նախօրեին երաժշտական-վավերագրական ներկայացում էր՝ նվիրված աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի կյանքին ու ստեղծագործությանը։ Երեւանի կամերային թատրոնը կապանցի հանդիսատեսի դատին հանձնեց «Ազնավուր. ճանապարհորդություն ժամանակի եւ երաժշտության միջով» պիեսը։
«Փորձեցինք ներկայացնել Ազնավուրի անցած ճանապարհը, թե ինչ դժվարություններով նա հասավ ճանաչման, որով հիմա հպարտանում ենք»,-նշեց պիեսի բեմադրիչ Դավիթ Աբրահամյանը։
«Թատրոնում նստած էի, երբ մոտեցավ Լուսինե Երջանկյանն ու հարցրեց՝ կարո՞ղ է Շառլ Ազնավուր ուզենաս խաղաս, ասի՝ հա, ինչո՞ւ ոչ։ Մի քանի օր հետո սկսեց եռուզեռն ու ստացվեց»,-ասաց Ազնավուրի դերակատար Ներսես Մարկոսյանը։
Կարդացեք նաև
Ներկայացման մեջ անդրադարձ է կատարվում Շառլ Ազնավուրի ներքին ապրումներին, նրա պայքարին, կարեւորվում է սերը։ Դերակատարները բեմում կատարում են Շառլ Ազնավուրի երգերը։ «Փորձեցինք ներկայացնել նաեւ ոչ ճանաչված երգերը։ Ազնավուրը կատարել է, բայց այդքան էլ հայտնի չէր հասարակությանը»,-նշեց Դավիթը։
Վերջինս նաեւ մարմանվորել էր 2-րդ Ազնավուրին, որպեսզի ներկայացնի վերջինիս որպես պոետ ու փիլիսոփա, իսկ Ներսես Մարկոսյանը հիմնականում կերտել էր աշխարհահռչակ արտիստին որպես երգիչ։
Կապանցի հանդիսատեսը զգաց ու հուզվեց՝ ասում են կամերայինի դերասանները։ «Մի կին լացում էր «Լա բոհեմ»-ի երգի տակ։ Ուրեմն հասանք նպատակին, մարդիկ հիշեցին իրենց կյանքի սերերին»,-ասաց Դավիթ Աբրահամյանը։ Ի դեպ, նշենք, որ ներկայացումը «Արտավազդ-2025» մրցանակաբաշխության «Լավագույն կամերային ներկայացում» անվանակարգի հավակնորդ է, իսկ Ազնավուրի կերպարը մարմնավորված Ներսես Մարկոսյանը հավակնում է «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգին։
«Ազնավուր. ճանապարհորդություն ժամանակի եւ երաժշտության միջով» բեմադրությանը ներկա էին նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզի իրավապահ ու ուժային կառույցների ղեկավարները։
Հիշեցնենք, որ Կապանում շարունակվում է կամերային ներկայացումների փառատոնը, որին մարտի 27-ին հաջորդելու է «Արտավազդ» մրցանակաբաշխությունը։ Փառատոնն ու մրցանակաբաշխությունը նվիրված են Կապանի Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի 90-ամյա հոբելյանին։ Փառատոնը բացվել է Կապանի թատրոնի «Կրքոտ սիրահարը» նոր բեմադրությամբ։ Թատերասեր հասարակությանը իրենց բեմադրություններն են ներկայացրել Գյումրու դրամատիկական թատրոնը՝ «Խելահեղ Seance»-ը, Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը՝ «Եվ եղավ սեր»-ը։
Թատերական միջոցառումների հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը հատկացրել է 30 մլն դրամ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ