Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի կենտրոնն ազատում է ծառերից։ Մի քանի օրում բազմաթիվ ծառեր են հատվել՝ կենսունակությունը կորցնելու պատճառաբանությամբ։
Այսօր՝ մարտի 25-ին, Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ցույց էր ծառերի համատարած ջարդի դեմ, որին մասնակցում էին նաև Green Green շարժման ազգությամբ ռուս երևանաբնակ կամավորականները։ Նրանցից Յուլյան ելույթ ունեցավ՝ ասելով․ «Ես 5 երեխայի մայր եմ, Երևանում եմ ապրում արդեն երեք տարի։ Ամեն անգամ բախվում ենք խնդրին, որ տարվա շոգ հատվածում Երևանում քայլելն անհնար է կանաչ տարածքի բացակայության պատճառով»։
«Իհարկե, կարող են լինել ծառեր, որոնք դարն ապրել են եւ հատման ենթակա են, բայց ես չեմ կարծում, որ մի ամբողջ փողոց ծայրից ծայր մի քանի տասնյակ ծառերով հատման ենթակա է: Բյուջեի կատարողականի քննարկումներին էլ, որ հետեւում ենք, իրենց հրապարակած վիճակագրության համաձայն Երեւանում իբր պետք է եդեմական վիճակներ լինեին: Բայց արի ու տես, որ այդ վիճակը չկա»,-լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը, որ մասնակցում էր քաղաքապետարանի դիմաց կազմակերպված բնապահպանական ցույցին:
Կարդացեք նաև
«Անգամ այդ ծառերը հատելու եւ նորը տնկելու մեջ, իմ կարծիքով կա կոռուպցիոն ռիսկ…Հայտնի է, որ Տիգրան Ավինյանի հետ կապված ծառ ներմուծող ֆիրմաներ կան…Անցյալ տարի էլ եղավ ծառերի հատում, նոր ծառերի ձեռքբերում, քրեական գործեր, պրոցեսը կանգ առավ, ու հիմա նորից փորձում է ռեանիմացիա անել այդ պրոցեսը»,-հավելեց Մանուկ Սուքիասյանը:
Ի դեպ, ուղիղ եթերում բողոքի ակցիան լուսաբանող Factor TV-ն բողոքի ակցիայի և ծառահատումների վերաբերյալ կարծիք է խնդրել ՔՊ-ի հետ Երևանում իշխանությունը ստանձնած «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանից։
«Քանի՞ ՀՀ քաղաքացի եք այստեղ տեսնում։ Ռուսներն ո՞վ են, որ գան իմ, Ձեր, մնացածի քաղաքում որևէ բնապահպանական ակցիա անեն։ ․․․Ինչ-որ ռուսներ, բնապահպան կոչվածներ, որոնք պարապ են մեր քաղաքում և ավագանու որոշ անդամների․․․ անձնական տրամադրվածությունն է այստեղ այսպիսի բան անելը։ Ես հասկանում եմ ռուսների վայնասունը՝ այստեղ կապած, նրա համար է, որ իրենց երկրի նման փտած ծառերը փոխարինվում են եվրոպական ավելի հաջող ծառերով»,- ասել է Անի Խաչատրյանը։
Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է Անի Խաչատրյանը նման վատ կերպով արտահայտվում Երևանի կանաչ տարածքներով մտահոգ քաղաքացիների մասին՝ անկախ նրանց ազգությունից, ավագանու անդամն արձագանքել է․ «Իրենք թող գնան՝ իրենց կործանված երկրի փողոցներում որևէ բան․․․ իրենք իմ քաղաքում, մեր քաղաքում, ՀՀ բնակիչների քաղաքում իրավունք չունեն ակցիաներ անելու»։
Կատարվածին իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է նաեւ բնապահպան Լեւոն Գալստյանը. «Հարցն ազգությունը չէ, այլ այն է, որ Հայաստանի պետական լեզուն հայերենն է։ Եթե Ռուսաստանից փախած ռուսները որոշել են հանրային ակցիաներ անել այստեղ, ապա պետք է բարի լինեն հարգեն իրենց ընդունած պետությունը և կամ խոսեն հայերեն կամ ապահովեն հայերեն թարգմանություն։ Ու կապ չունի ինչի մասին է ակցիան՝ բնության, աղբի, ծառերի, թե այլ բաների։ Եթե ակցիան ուղղված է իրենց ֆաշիստ ղեկավար Պուտինին, ապա թող ինչքան ուզում են ռուսերեն ելույթ ունենան, բայց հայկական թեմաներով, մեր կառավարման մարմիններին ուղղված ակցիաներում ռուսերեն ելույթ ունենալն անարգանք է մեր բոլորի նկատմամբ»:
Հայաստանի Սահմանադրության 29-րդ հոդվածն արգելում է ՀՀ-ում խտրականությունը՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից։
ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածը սահմանում է․ «Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք»։
Նույն հոդվածի երկրորդ կետով՝ բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն օրենքով սահմանված դեպքերում անցկացվում են ողջամիտ ժամկետում ներկայացված իրազեկման հիման վրա: Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այս հավաքն իրականացնելու համար կազմակերպիչները մարտի 21-ին իրազեկել են քաղաքապետարանին, ինչն ընդունվել է ի գիտություն։
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ