Ժորա Հայրապետյանը մեկն է Արցախից բռնի տեղահանված մեր այն հայրենակիցներից, որը ներկայումս ծանր վիճակում է ոչ միայն սոցիալական, իրավական եւ այլ խնդիրների, այլեւ բյուրոկրատական քաշքշուկների պատճառով: Նա այժմ վարձով ապրում է Գորիսում, ապրում է հաշմանդամություն ունեցող տատիկի եւ հիվանդ մոր հետ, որի խնամակալ է ճանաչվել: Aravot.am-ի հետ զրույցում Ժորան ասում է, որ մի շարք դիմումներ է ուղարկել կառավարություն, տարբեր գերատեսչություններ, Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն իր խնդիրները, որոնք բնորոշ են բոլոր արցախցիների մեծամասնությանը, լուծում չեն ստացել:
Ժորան սովորում է Գորիսի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:
«Նիկոլ Փաշինյանն ինչպես 2022թ Պրահայում հայտարարել է Արցախը Ադրբեջանի մաս, մեզ տնազուրկ է արել, դե թող ապահովի մեզ տնով, ուզում է, թող Ալիեւին խնդրի, որ վերադառնանք մեր տները… Ի վերջո, այս կառավարությունն է մեղավոր մեր տնազրկման համար… Մենք ցանկանում ենք, որ մեր վերադարձի իրավունքը ձեւակերպվի, չէ՞ որ Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզ է եղել, հետո որոշել միանալ Հայաստանին, այդ ամենը արձանագրված է: 1991թ. սեպտեմբերի 2-ին ընդունվել է Արցախի անկախության հռչակագիրը։ Թող այս Փաշինյանն ում ուզում է խնդրի՝ Շառլ Միշելին, Պուտինին, Մակրոնին, կամ ում ուզում է, մենք ցանկանում ենք Արցախում ապրել: Այսօր որդեկորույս մայրը չի կարողանում իր որդու գերեզմանին այցելել, ծաղիկ դնել, բայց իրենք արտասահմաններում ծնունդ են նշում, պարգեւավճարներ ստանում»,-ասում է մեր զրուցակիցը:
Նա մտահոգված է, որ ապրիլի 1-ից դադարեցվելու են արցախցիներին տրվող 40+10 հազար դրամները եւ ոչ բոլորին են հասու լինելու:
Կարդացեք նաև
«Մեզ մտահոգում է մեր բնակապահովման ծրագիրը, մեզ գցել են քաշքշուկների մեջ: Մեր անձնագրում նշված է, որ ՀՀ քաղաքացի ենք, բայց ստիպում են, որ անձնագրերը փոխենք, ծննդյան վկայական են պահանջում, հարազատի ամուսնության, մահվան վկայականներ: Որոշ փաստաթղթերում տառասխալներ կան, պիտի փոխենք, ավելորդ ծախսերի առաջ ենք կանգնում: Ես Արցախում սեփականության իրավունքով տուն եմ ունեցել, անգամ Խորհրդային Ադրբեջանի տված փաստաթղթերն էլ ունեմ այդ մասին, ու փոխանակ կառավարությունը փոխհատուցի, մեզ բնակարաններով ապահովի, այլընտրանքային սերտիֆիկատ կոչվածն է տալիս: Եթե իրենց առաջարկած սերտիֆիկատով բոլորը դիմեն, բնակարանների շուկայական գները հնարավոր չի լինելու վերահսկել: Եթե ՀՀ կառավարությունը չի կարողանում մեզ բնակարանով ապահովել, թող հայտարարի, որ բյուջեն չի հերիքում, դիմի միջազգային կազմակերպությունների, ինչ-որ լուծումներ փնտրեն:
Արցախցիների քաշքշուկը հիմնականում ԶԱԳՍ-ի հետ է կապված, մեր փաստաթղթերը վերականգնելու համար ստիպված ենք գումար վճարել, պատահում է՝ փաստաթղթերը վերականգում ես, էլի անճշտություններ են լինում, ուղղման համար եւս պետք է վճարես:
Եթե մեզ 070 կոդով անձնագիր են տվել, մի՞թե հնարավոր չի այդ անձնագրերն առանձ քաշքշուկի փոխել, հատկապես որ Արցախի ՆԳՆ-ի բազան փոխանցված է Հայաստանին: Հաշմանդամ, ծեր, անկողնային հիվանդ մարդիկ կան, ինչպե՞ս գնան բանկ, սոցապ, տարբեր ատյաններ…Օրինակ, տատիկս որդեկորույս հաշմանդամ կին է, պիտի ընկնի սոցապի, բանկի, նոտարի դռնե՞րը, դա ինչքանո՞վ է ճիշտ: Հնարավոր չի՞ գումարը միանգամից փոխանցել մարդկանց հաշվին, տան առքուվաճառքն իրականացնենք, ախր ահավոր վիճակ է»,-ասում է Ժորան:
Նա կարծում է, որ պետք է առաջնահերթ հաշմանդամներին, զոհվածների ընտանիքներին, միայնակ տարեցներին ապահովել բնակարաններով, ասում է՝ կամ պետությունը թող փոխհատուցի, կամ բնակֆոնդ կառուցի ու տրամադրի:
«Տեղեկություններ ունեմ, որ Արցախի Հանրապետության կադաստրի բազան տեղափոխված է Հայաստան, ուղղակի երեւի այստեղ փաստաթղթերի պատճենները չեն տրամադրում, որ արցախցիները գույքի փոխհատուցման պահանջով Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան չդիմեն: Ճիշտ է, ոմանք այրել են իրենց փաստաթղթերը տեղահանվելուց առաջ, ոմանք չեն հասցրել վերցնել, բայց ես ամեն ինչ ունեմ, բերել եմ: Օրինակ` պապիկիս Ասկերանի տունը 1918 թվականին է կառուցվել: Ստեփանակերտում տուն եմ ունեցել, տնամերձ հողամաս, 2 տուն էլ Ասկերանի շրջանի Դահրավ եւ Խանձք գյուղերում: Ցավոք, ամեն ինչ մնացել է Արցախում, ու այդ բոլորը Նիկոլ Փաշինյանի ու այս կառավարության գործողությունների պատճառով»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ