Լրահոս
Օրվա լրահոսը

Վեյփ ծխելը խիստ վտանգավոր է

Մարտ 25,2025 18:03

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը

Վեյփ ծխելու հետևանքով առաջացած նոր և վտանգավոր հիվանդության մասին․ Վեյփերի օգտագործումը խիստ վտանգավոր է

…Բժիշկներն ու մասնագետները զգուշացնում են վեյփ ծխելու հետևանքով առաջացած նոր և վտանգավոր հիվանդության մասին՝ խոսքը EVALI-ի մասին է (անգլերեն՝ E-cigarette and Vaping use-Associated Lung Injury` թոքերի վնաս՝ պայմանավորված էլեկտրոնային ծխախոտով և վեյփերի կիրառմամբ):

EVALI-ն թոքերի հյուսվածքի սուր ինհալացիոն վնասվածք է։ EVALI ունեցող 95% պացիենտների համար պահանջվում է հոսպիտալացում թոքային կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, իսկ 1/3-ի համար պահանջվում է թոքերի արհեստական օդափոխություն:

Մասնագետների գնահատմամբ՝ էլեկտրոնային նիկոտին պարունակող կամ նիկոտինազուրկ արտադրանքի օգտագործումը կարող է առաջացնել ոչ միայն EVALI, այլև սրտի, արյան անոթների, շնչառական համակարգի ախտահարում։

Հիվանդության ուսումնասիրությունը դանդաղել է կորոնավիրուսային պանդեմիայի սկսվելուց ի վեր՝ առաջացած ախտանիշների նմանության պատճառով, և դրա հայտնաբերման մակարդակը դադարել է աճել, ինչը, սակայն, չի նվազեցնում դրա վտանգը վեյփ օգտագործողների համար:

Հիվանդությունը ստացել է «պոպկորնային» անունը, քանի որ պացիենտի թոքերից լսվում է պայթող պոպկորնի նմանվող ձայն։ Այն ուղեկցվում է շնչառական դժվարություններով, հազով, ցավով և թթվածնային քաղցով։

Ըստ Yale Medicine կայքում հրապարակված հոդվածի` դեռևս 2019թ.-ի ամռանը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնը (CDC) սկսել է հետաքննել վեյփերի օգտագործման հետ կապված հոսպիտալացումների կտրուկ աճը:

Պացիենտները բողոքել են շնչառական բազմաթիվ ախտանշաններից, ներառյալ դժվարաշնչությունը, հազը և ցավը կրծքավանդակում: Նրանք բոլորն էլ մեկ ընդհանուր բան են ունեցել. նրանք վեյփեր են օգտագործել նախորդ երեք ամիսների ընթացքում: 2020 թվականի փետրվարին Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը գրանցել է ավելի քան 2800 հոսպիտալացում EVALI-ի պատճառով, ինչպես նաև հիվանդության հետևանքով արձանագրվել է 68 մահ:

Հետազոտողները հայտնաբերել են վիտամին E ացետատ քիմիական նյութը, որն ավելացվել է THC պարունակող որոշ վեյփային արտադրանքներին՝ որպես հիվանդության հիմնական, բայց, հնարավոր է, ոչ միակ պատճառը: Հիվանդության հավաստի դեպքերի բռնկումը տեղի է ունեցել երիտասարդների շրջանում շարունակվող վեյփային համաճարակի ֆոնին: Ըստ CDC-ի տվյալների` պացիենտների 15%-ը 18 տարեկանից ցածր է եղել:

EVALI-ն կարող է առաջացնել հետևյալ ախտանշանները.

• Շնչառության դժվարություն
• Հազ
• Ցավ կրծքավանդակում
• Ջերմություն և դող
• Լուծ, սրտխառնոց, փսխում և որովայնի ցավ
• Հաճախասրտություն

• Արագ և մակերեսային շնչառություն

Որո՞նք են EVALI-ի առաջացման պատճառները.

Հետազոտողները EVALI-ի առաջացումը կապել են վիտամին E ացետատի՝ վիտամին E-ի սինթետիկ ձևի հետ, որը հայտնաբերվել է THC պարունակող որոշ վեյփային արտադրանքներում: Ներշնչելիս այս քիմիական նյութը կարող է վնասել թոքերը: Մեկ ուսումնասիրության ընթացքում վիտամին E ացետատը հայտնաբերվել է թոքերի հեղուկում 51 պացիենտներից` 48-ի մոտ, որոնցից նմուշներ էին վերցվել 16 նահանգներում: Ի հակադրություն, առողջ մարդկանցից վերցված թոքային հեղուկի նմուշները վիտամին E ացետատ չեն պարունակել: Այս և այլ ուսումնասիրությունների պատճառով վիտամին E ացետատը համարվում է EVALI-ի առաջացման հիմնական պատճառը: Նիկոտին և THC պարունակող վեյփային արտադրանքներում հայտնաբերված այլ քիմիական նյութերը նույնպես կարող են դեր ունենալ այս վիճակի զարգացման գործում:

EVALI-ի ախտորոշումը բավականին դժվար է, քանի որ թոքերի այս հիվանդության ախտանիշները նման են շնչառական այլ հիվանդությունների ախտանիշներին, ինչպիսիք են թոքաբորբը և նույնիսկ սեզոնային գրիպը:

EVALI-ի ախտորոշման հատուկ թեստ գոյություն չունի. միակ տարբերակը այսպես կոչված «բացառումների ախտորոշումն» է, ինչը նշանակում է, որ բժիշկը բազմաթիվ թեստեր է անցկացնում՝ բացառելով այլ հավանական հիվանդություններն ու պայմանները:

Բուժումը կարող է ներառել.

• Կորտիկոստերոիդներ`դեղամիջոցներ, որոնք նվազեցնում են բորբոքումը:

• Աջակցող թերապիա. պացիենտները կարող են լրացուցիչ թթվածին ստանալ: Ավելի ծանր դեպքերում միացնում են արհեստական շնչառության սարքին:

• Հակաբիոտիկներ` այս դեղերը կարող են նշանակվել պացիենտին ախտորոշիչ թեստերի վերջնական արդյունքների ստացման պահին, քանի որ EVALI-ն դժվար է տարբերակել բակտերիալ վարակներից:

• Հակավիրուսային դեղեր. քանի որ EVALI-ն առաջացնում է ախտանիշներ, որոնք նման են որոշ վիրուսային վարակների, հակավիրուսային դեղամիջոցները կարող են օգտագործվել, հատկապես գրիպի սեզոնի ընթացքում:

Քանի որ այս առողջական վիճակը գրեթե նոր է, հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպես կզգան իրենց պացիենտները բուժման ավարտից և հիվանդանոցից դուրս գրվելուց հետո: Վերոհիշյալ հոդվածում նշվում է, որ ոմանք նորից հիվանդանում են` ստերոիդներով բուժումը դադարեցնելուց հետո, ուստի հետևողականությունը կենսական նշանակություն ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31