«Մենք գտնում ենք, որ տարածաշրջանում խնդիրները պետք է լուծվեն երկխոսության ու դիվանագիտության միջոցով։ Եվ դեմ ենք ցանկացած ռազմական քայլի տարածաշրջանում տարաձայնությունները լուծելու համար»,-լրագրողի փաստմանը՝ Ադրբեջանը համառորեն Սյունիքով միջանցք է ուզում, և ՀՀ-ի առաջարկած տարբերակը նրանց կարծես չի բավարարում, միևնույն ժամանակ՝ Ադրբեջանից ռազմատենչ հայտարարություններ են հնչում ու սահմանային խախտումների մասին ապատեղեկատվություն տարածում և հարցին՝ ի՞նչ քայլի կդիմի Իրանը, եթե Ադրբեջանը նորից փորձի ռազմական ճանապարհով լուծել այս հարցը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին։
Նա շեշտեց՝ իրենց համար ընդունելի է հաղորդակցությունների ուղիների ձևավորումը տարածաշրջանում, բայց դա պետք է լինի երկրների ինքնիշխանության ներքո․ «Պետք է հարգվեն երկրների տարածքային ամբողջականությունը և ազգային օրենքները։ Եթե տարածաշրջանի երկրներն ուզենան օգտագործել հաղորդակցության ուղիները, Իրանը միանգամայն կողմ է, բայց երկրների ազգային ինքնիշխանության և նաև միջազգային ճանաչված սահմանների հարգման շրջանակներում։ Բացի սրանից՝ որևէ այլ ուղի մեզ համար ընդունելի չէ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ