Քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսվել է այլընտրանքային խափանման միջոց` տնային կալանք: Սակայն, դրա կիրառման դեպքում իրավական կարգավորման դաշտից դուրս են մնացել աշխատանքային հարաբերությունների հետագա ընթացքին առնչվող հարցերը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը մարտի 25-ի ԱԺ նիստում:
«Երբ աշխատողի նկատմամբ կիրառվում է տնային կալանք, պարզ չէ, թե աշխատողն ինչ կարգավիճակ է ունենալու` արդյոք այդ դեպքում կարո՞ղ է շարունակել իր աշխատանքային պարտականությունների կատարումը եւ ստանալ վարձատրություն, թե` ոչ»,- նշել է զեկուցողը եւ հավելել` վերոնշյալով պայմանավորված փոփոխություններ են նախաձեռնվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում:
Նախաձեռնությամբ սահմանվում է` երբ դատարանի որոշմամբ աշխատողի (այդ թվում` հանրային ծառայության մեջ գտնվող անձի) նկատմամբ դատարանը կիրառում է տնային կալանք եւ դրանով չեն սահմանվում աշխատանքի կատարման հետ կապված անհամատեղելի սահմանափակումներ, ապա աշխատողը կարող է գործատուի համաձայնությամբ իր բնակության վայրից կատարել աշխատանքային պարտականությունները` հեռավար եղանակով:
«Մյուս բոլոր դեպքերում, երբ կիրառված սահմանափակումներն անհամատեղելի կլինեն աշխատանքի կատարման հետ, տնային կալանքը` որպես խափանման միջոց կիրառելու պահից մինչեւ այն փոփոխելը կամ վերացնելն աշխատողի լիազորությունները կհամարվեն կասեցված»,- ընդգծել է փոխնախարարը: Նրա խոսքով տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում աշխատողի աշխատատեղը, պաշտոնը կպահպանվեն:
Կարդացեք նաև
Հարակից զեկուցող, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Ազգային ժողովի մամուլի հաղորդագրություն