«Մանուշյանական շաբաթ» միջոցառման շրջանակում Հայաստան էին ժամանել նաև Միսաք Մանուշյանի զարմուհիները՝ Լուիզա և Հասմիկ Մանուշյանները: Նրանք այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ․ Մանուշյանների հետ հարցազրույց վարեց Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտական աշխատող Թեհմինե Մարտոյանը։

Մանուշյան ընտանիքը վերահուղարկավորության արարողության ավարտին Պանթեոնում
Ձախից՝ Լուիզան, դուստրը՝ Անին, թիկունքում՝ Հասմիկի ամուսինը՝ Ֆրեդերիկը, Հասմիկը որդու՝ Սևանի հետ,
Կարպիս Մանուշյանի (Լուիզայի և Հասմիկի եղբայրը) կինը՝ Մարին, Կարպիսը, Միսակ Մանուշյանը (Լուիզայի, Հասմիկի և Կարպիսի հայրը), Լուիզայի որդին՝ Ներսեսը, Մարիամը (Լուիզայի, Հասմիկի և Կարպիսի մայրը)
Մանուշյան քույրերը պատմում են, որ Միսաք Մանուշյանի հայրը՝ Գևորգը, զոհվել է Ուրֆայի հերոսամարտի ժամանակ, որի մասնակիցներից է եղել. Հայկ, Կարապետ և Միսաք եղբայրները մորը՝ Վարդուհուն, և քրոջը կորցրել են տեղահանության ճանապարհին: Եղբայրները հայտնվել են տարբեր տներում և ճաշակել որբության դառը պտուղները:
Միսաքը որոշ ժամանակ ապրել է քրդի տանը և զբաղվել հովվությամբ: Հայկը՝ ընտանիքի ավագ եղբայրը, տեղեկանալով Միսաքի գտնվելու վայրի մասին, փախցրել է նրան, քանի որ քուրդն ինքնակամ բաց չի թողել: Հետագայում Միսաքն ու Կարապետը տեղափոխվել են Լիբանան, Հայկը՝ Սիրիա:
Կարապետը որբանոցից դուրս գալուց հետո առաջինն է հաստատվել Ֆրանսիայում․ 1924-ի սեպտեմբերին նրան է միացել Միսաքը։ 1925-ին եղբայրները դիմավորել են Հայկին, մեկ տարի անց՝ Հայկի կնոջը՝ Մարիամին, և ավագ որդուն՝ Գևորգին։ Եղբայրները, միավորվելով Ֆրանսիայում, շուրջ 11 տարի ապրել են միասին (1925-1936): Ընտանիքի վերամիավորման մասին է Միսաքի օրագրային հետևյալ գրառումը. «Արևը փայլում է Մանուշյան ընտանիքի վրա»:
Կարդացեք նաև
1936 թ. Հայկ Մանուշյանը կնոջ և երեք երեխաների հետ հայրենադարձվել է, երեք տարի անց՝ 1939-ին, մահացել: Մարիամ տատն ապրել է մինչև 1978 թ.: Հայաստանում Մանուշյանները հաստատվել են Նուբարաշենում (18-րդ փողոց, 4-րդ տուն):
«Միսաքը,— պատմում են քույրերը,— մեր ընտանիքի անդամն էր: Հետո պետք է զարմանայինք, երբ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքում հայտնաբերեինք Միսաքի նկարը, որ մեր տան պատին փակցված հենց նույն նկարից էր: Մեր տան պատին կախված էր նաև երեք եղբայրների լուսանկարը. հետո հասկացանք, որ դիմանկարները հավաքված են»:
Մանուշյան քույրերն ասում են, որ եղբայրները կապված են եղել իրենց մորը՝ Վարդուհուն. քրոջ մասին տեղեկություն գտնել այդպես էլ չի հաջողվել: Միսաքը բնության խենթ սիրահար է եղել: Պատահական չէ, որ Լիոնի մերձակայքում երբ մի հովվի է հանդիպել, հարցրել է. «Կարելի՞ է՝ ոչխարներն արածեցնեմ»:
2001-ից Հայկ Մանուշյանի շառավիղները հաստատվել են Լիոնում: Լուիզայի և Հասմիկի համար Մանուշյան ազգանունը մեծ պատասխանատվություն է: Արժանապատվությամբ կրելով՝ սերունդներին փոխանցում են ոչ միայն իրենց ազգանունը, այլև Միսաքի և ընտանիքի պատմությունը՝ փայլուն հայերենով: