Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային բանկի հաշվարկով ամենացածր սպառողական զամբյուղը 68,000 դրամ է, հետևաբար կենսաթոշակը պետք է բարձրանա. Թադեւոս Ավետիսյան

Մարտ 25,2025 17:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին» նախագծով առաջարկվում է 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ պակաս չլինի պարենային ամսական զամբյուղի արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից: Առաջարկվում է նաեւ, որ սպառողական զամբյուղների էներգետիկ արժեքը, դրանում ներառվող սննդամթերքի կազմը, կառուցվածքը սահմանելու իրավասությունը վերապահել Կառավարությանը: «Հայաստան» խմբակցության կողմից արտահերթ համարված օրենքի նախագիծն ԱԺ մարտի 25-ին գումարված հերթական նիստում ներկայացրել է խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Հարակից զեկուցող, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ ներկայացված նախագծի կարգավորումներն իրենց քաղաքական թիմի հանձնառությունն են, որը ստանձնել են 2021 թվականին եւ հաստատել Ազգային ժողովի կողմից ընդունված Կառավարության ծրագրով: Նա ընդգծել է, որ նախորդ 4 տարիների ընթացքում Կառավարությունը հետեւողական է եղել եւ գրեթե 22 տոկոսով ավելացվել են կենսաթոշակի չափերը: «Այս պահին մեր նվազագույն կենսաթոշակը մեկ շնչի հաշվով գերազանցում է պարենային զամբյուղի արժեքը»,- ասել է հանձնաժողովի նախագահը:

Անդրադառնալով հանձնաժողովում տրված բացասական եզրակացությանը՝ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ ներկայացված նախագծի կարգավորումներն առկա են նույն օրենքում, ուստի կրկնության կարիք չկա:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի խոսքով Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով աշխատանքի եւ սոցիալական բնագավառում Կառավարությունն արդեն սահմանել է ռազմավարական նպատակ՝ մինչեւ 2026 թվականը քայլեր ձեռնարկելու նվազագույն կենսաթոշակի եւ կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնելու, համապատասխանաբար, պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքներին: Փոխնախարարն ընդգծել է, որ ներկայացված կարգավորումներն առկա են վերոնշյալ ծրագրի 19-րդ կետում, համաձայն որի՝ մինչեւ 2026 թվականը քայլեր են ձեռնարկվելու այդ ուղղությամբ: Կառավարությունը կարծում է, որ ներկայացված օրենքի նախագծի ընդունումը նպատակահարմար չէ:

Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: «Մեր քաղաքական հանձնառություններից մեկն արժանապատիվ կենսաթոշակներ տալն է թոշակառուներին, եւ դրան են ուղղված մեր քաղաքական ու տնտեսական քաղաքականությունները, ինչը մեր ամենօրյա աշխատանքն է»,- ասել է խորհրդարանի փոխնախագահը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Թադեւոս Ավետիսյանը: Պատգամավորը նշել է, որ համաշխարհային բանկի հաշվարկով ամենացածր սպառողական զամբյուղը կազմում է 68,000 դրամ, իսկ դա նշանակում է, որ կենսաթոշակը 50,000 դրամից պետք է դառնա 68,000 դրամ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Հայկ Կոնջորյանը: Խմբակցության ղեկավարը, դիմելով կենսաթոշակառուներին, նշել է, որ ընդդիմության ներկայացրած նախագծի նպատակն է ցուցադրել, որ Կառավարությունը չի ուզում բարձրացնել կենսաթոշակները, սակայն, ըստ նրա, դա այդպես չէ: Հայկ Կոնջորյանը եւս ընդգծել է, որ Կառավարության հանձնառությունն է բարձրացնել կենսաթոշակները:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31