Ադրբեջանը չի ստորագրում Հայաստանի հետ բանակցված փաստաթուղթը, որովհետև հայաստանյան իշխող ուժի պարտվողական քաղաքականության հետևանքով, վերջինիս քաղաքական ախորժակը զգալիորեն բացվել է: Այս մասին ԱԺ հայտարարության ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ ներկայումս Ադրբեջանը վերախմբագրում է Հայաստանին իջեցվող պահանջների հերթական խմբաքանակը, իսկ իր գործողությունների լրջությունն ի ցույց դնելու նպատակով՝ նաև լարվածություն հրահրում առաջնագծում:
«Ադրբեջանը սահմանագծին լարվածություն հաղորդելով հետևյալ խնդիրներն է լուծում: Առաջին՝ սպառնում է, որ Հայաստանի կողմից իր նոր նախապայմանների չկատարումն առաջնագծում կմեծացնի լարվածությունը՝ իր հետ բերելով սադրանքի ու ագրեսիայի տարբեր դրսևորումներ:
Երկրորդ` սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ ահաբեկչական գործիքակազմ կիրառելով՝ փորձում է ազդեցություն ապահովել հայ հասարակության վրա:
Կարդացեք նաև
Երրորդ` 44-օրյա պատերազմի, Հայաստանի դեմ իրականացված ագրեսիաների և օկուպացման քաղաքականության հետևանքները չմարսած՝ Ադրբեջանը փորձում է հոգեբանական գրոհներ իրականացնել ՀՀ զինված ուժերի վրա:
Իրավիճակն առավել անկանխատեսելի և անորոշ է դարձել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախ Հայաստանի իշխանությունը հրաժարվում է հրապարակայնություն ապահովել նույնիսկ բանակցված ու ստորագրման ենթակա փաստաթղթի հարցում՝ ահագնացնելով հանրության այն սպասումները, որ Հայաստանի համար հերթական կապիտուլյացիան է նախապատրաստվել: Հայաստանի իշխանությունը թաքցնում է առաջնագծում առկա օբյեկտիվ իրադրությունը և հանրությանը որևէ էական տեղեկություն չի փոխանցում կուլիսներում ընթացող շփումների մասին»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ