Արցախցի 29-ամյա Տիգրան Ուլուբաբյանը մեղադրում է ոստիկանության աշխատողներին՝ իրեն խոշտանգելու մեջ, պնդում է, որ իր ազգականի տան գողությունից հետո ոստիկաններն իրեն են կասկածել, կանչել զրույցի, գիշերը պահել իրենց մոտ ու վարչության պետի գլխավորությամբ դաժան ծեծի են ենթարկել, նվաստացրել ու հայհոյել: Արդեն մի քանի օր է, ինչ Տիգրանն ու տասնյակ այլ քաղաքացիներ հավաքվում են ՀՀ քննչական կոմիտեի շենքի դիմաց՝ պահանջելով անհապաղ ձերբակալել 6 ոստիկաններին, քանի դեռ նրանք չեն ոչնչացրել բոլոր ապացույցները: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ ՝ խոշտանգման հոդվածով: Գործը տեղափոխվել է Երևանի քննչական վարչություն:
«Տիգրան Ուլուբաբյանը ոստիկանության բաժին է հրավիրվել 2025թ մարտի 14-ին, ըստ իր ցուցմունքի՝ խոշտանգումները տեղի են ունեցել մարտի 15-ին: Տիգրան Ուլուբաբյանը դիմել է բուժօգնության եւ հայտարարել, որ ոստիկանության ծառայողների կողմից ծեծի է ենթարկվել: Հետագայում հաղորդում է ներկայացվել Լոռու մարզային քննչական վարչություն, վարույթ է նախաձեռնվել»,- Մեդիա կենտրոնում թեմայի վերաբերյալ քննարկման ժամանակ նշեց ՀՀ քննչական կոմիտեի Խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ Շիրազ Գրիգորյանը եւ ներկայացրեց ողջ շղթան, թե գործն ինչ փուլում է:
Նա հավելեց, որ տուժող Ուլուբաբյանը հարցաքննվել է, որից հետո նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, տեղեկատվության պահանջ է առաջացել՝ ստանալու տեսանկարահանող սարքի տեսագրությունը: Նա լրացուցիչ է հարցաքննվել, ոստիկանության ծառայողների առերես հարցաքննություններ էլ են կատարվել, եւ այժմ, քանի դեռ նախաքննությունը շարունակվում է, գաղտնիության տեսանկյունից չեն ցանկանում բացահայտել ապացուցողական եւ վարույթային մյուս գործողությունների կատարումը:
Փաստաբանի հրապարակային հարցադրմանը, որ Տիգրանն անուններ է հնչեցրել, սակայն չկան ձերբակալվածներ, Շիրազ Գրիգորյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Նախաքննության ներկա փուլում պետք է ձեռք բերվեն Տիգրան Ուլուբաբյանի ցուցմունքը հաստատող այլ ապացույցներ, որոնց համակցությամբ կգնահատվի, հիմնավոր կդիտարկվի ոստիկանության համապատասխան ծառայողների կողմից հանցանքի կատարումը, որին կհետեւեն ձերբակալումեր: Ներկայումս տուժող Ուլուբաբյանի ցուցմունքից բացի՝ այլ ապացույցներ ձեռք չեն բերվել, որոնք կհաստատեն ոստիկանության ծառայողների կողմից վերջինս նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքները»:
Կարդացեք նաև
ՀՀ քննչական կոմիտեի Խոշտանգումների եւ պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետն ասաց, որ ակնկալում էին, թե դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ կարտացոլվեին Տիգրան Ուլուբաբյանի մարմնական վնասվածքները, սակայն ըստ այդ եզրակացության՝ Ուլուբաբյանի մոտ մարմնական վնասվածքներ չկան, ուստի շարունակվում է ապացուցողական գործողությունների կատարումը:
Մանրամասն՝ տեսանյութում.
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետի տեղակալ Սեդա Ստեփանյանը նշեց, որ Ուլուբաբյանի վերաբերյալ սոցցանցերում հրապարակումը տեսնելուն պես՝ ՄԻՊ աշխատակազմում միանգամից անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել, այդ թվում՝ գրություն է հասցեագրվել գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով եւ պատշաճ քննություն իրականացնելու մասով:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով, Ուլուբաբյանի գործն արդեն երրորդ աղմուկ հանած գործն է՝ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում. «Ես չեմ կարող պնդել, որ այլ դեպքեր չեն եղել, որովհետեւ տուժածները գուցե չեն դիմել, ի տարբերություն Տիգրանի, դրա համար հանրությունը տեղյակ չէ:
Որպեսզի պատկերն ավելի հասկանալի լինի, ես ուղղակի թվարկեմ նախորդ երկու դեպքերը, որոնցով մեր փաստաբաններն են զբաղվում: Օրինակ, 2025թ հունվարի 10-ին առավոտյան 7:45-ին Վանաձորի բնակիչ Վահան Մկրտչյանի բնակարանն են այցելում երկու քաղաքացիական անձ, որոնք առանց որեւէ հիմնավորման եւ առանց ներկայանալու՝ ասում են, որ զրուցելու հարց կա ոստիկանության բաժնում: Ի դեպ, մյուս՝ Անդրանիկ Առաքելյանի դեպքն էլ տեղի է ունեցել ոստիկանության մարզային վարչությունում: Վահան Մկրտչյանին այցելեցինք տանը՝ քրոջ ահազանգի հիման վրա: Նրա նկատմամբ ձերբակալման որոշում էր եղել, որը մեր փաստաբանները բողոքարկել էին դատարան, դատարանը գտել էր, որ ձերբակալումը եղել էր ոչ իրավաչափ…»:
Մանրամասն՝ տեսանյութում
Արթուր Սաքունցը պնդում է, որ ապօրինի միջոցներով չի կարելի հանցավոր գործունեությունը հիմնավորել: Ինչ վերաբերվում է իրավապահ մարմինների կողմից խոշտանգումներին, նա ընդգծում է, որ խոշտանգումը կարող է լինել ոչ միայն ֆիզիկական բռնություններով, այլեւ հոգեբանական, հետեւաբար պետք է նշանակվի նաեւ դատահոգեբանական փորձաքննություն՝ դատաբժշկական փորձաքննությունից զատ:
Մանրամասն՝ տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի