Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրագործման ընթացքը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկայացրել է ոլորտի ռազմավարական ուղղություններն ու դրանց իրականացման համար նախատեսված միջոցառումները: Ընդգծվել է, որ աշխատանքներ են իրականացվել քաղաքաշինության բնագավառի լիցենզավորման և հավաստագրման թվայնացման ուղղությամբ, մասնավորապես՝ արդեն իսկ գործարկվել են լիցենզավորման, որակավորման և գրանցամատյանների ձևավորման համակարգերը, առաջիկայում գործարկվելու են շարունակական մասնագիտական զարգացման, հաշվետվողականության և քաղաքաշինական գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպությունների վարկանիշավորման համակարգերը: Նշվել է, որ ամբողջությամբ թվայնացվել է կառուցապատման թույլտվությունների շղթան՝ նախագծման թույլտվությունից մինչև շահագործում: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ներկայացմամբ, հաջորդ գլխավոր միջոցառումը քաղաքաշինական տեղեկատվական համակարգի՝ քաղաքաշինական կադաստրի գործարկումն է, որը լինելու է գեոպորտալի մաս:
Հաջորդիվ՝ ըստ ուղղությունների ներկայացվել են խոշոր միջոցառումները, որոնք են՝ ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի մշակումը, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակումը, ՀՀ զբոսաշրջային համակարգի տարածքային կազմակերպման գլխավոր նախագիծը և այլն: Նշվել է, որ քաղաքաշինական փաստաթղթերի պարզեցման, հստակեցման, դրանց կրկնողությունների բացառման միջոցառման շրջանակում մշակվել է պետական համալիր փորձաքննության աշխատակարգը, սահմանվել են ժամկետները:
Անդրադարձ է կատարվել նաև նախագծային փաստաթղթերի մշակման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումներին, նշվել է, որ բազմաբնակարանային շենքերի կառավարման բարեփոխումների շրջանակում մշակվում է «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» նոր օրենքի նախագիծը:
Կարդացեք նաև
Մանրամասներ են ներկայացվել նաև Քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվող կապիտալ շինարարական ծրագրերի վերաբերյալ, նշվել է, որ ծրագրերը ներառում են դպրոցների, մանկապարտեզների, առողջապահական, մարզական հաստատությունների, դպրոցների մարզադահլիճների և այլ օբյեկտների շինարարական աշխատանքները: Ըստ այդմ՝ 2024թ. իրականացվել է 60 ծրագիր, ընթացքի մեջ է 78-ը, 2025թ. նախատեսվում է 40 ծրագիր:
Վարչապետը նշել է, որ ռազմավարությունների քննարկման արդյունքներով շատ կարևոր է արձանագրել առաջընթացը և այս առումով արձանագրել որոշակի կետերով իրականացված միջոցառումների արդյունքները, որոնք են՝ կառուցապատման թույլտվության թվայնացումը, դրա հետագծելիությունը, միկրոռեգիոնալ փաստաթղթերի կազմումը և այլն:
Հաջորդիվ՝ մտքեր են փոխանակվել զեկույցի առանձին կետերի շուրջ, քննարկվել են վթարային շենքերի հետ կապված խնդիրներին, տարաբնակեցմանը, գյուղատնտեսական նշանակության հողերին, բազմաբնակարան շենքերի կառավարմանը վերաբերող հարցեր, ներկայացվել են առաջարկություններ և դիտարկումներ բարձրացված թեմաների շուրջ:
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ կարևորել է կատարված աշխատանքը և հանձնարարել բարձրացված հարցերի ուղղությամբ աշխատանքներ իրականացնել՝ հաշվի առնելով նաև խորհրդակցության ընթացքում ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ