Երեկ Գյումրու «Մուշ» թաղամասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը հայտարարել էր, թե Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի առաջին համարը Թուրքիայի կացության քարտ ունի, և որ նա դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար։
Սարիկ Մինասյանն ասել էր․ «Թող տղամարդություն ունենա, էդքան տղա է, թող հայտարարի։ Ես հնարավորություն եմ տվել խոստովանելու, եթե չխոստովանեց, ես կհայտարարեմ»։
Քիչ առաջ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը քաղաքապետի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանի հետ միասին մամուլի ասուլիս տվեց՝ պարզաբանելով, թե ինչ թղթի մասին է խոսքը։
Կարդացեք նաև
Նրանք Սարիկ Մինասյանի ասածը հեգնեցին՝ համարելով «պատմական բացահայտում» ու ատելության խոսքի տարածում։
«Այդ հայտարարության մեջ եղել են բազմաթիվ կեղծիքներ, որոնց մենք, անշուշտ, ընթացք ենք տալու և, բնականաբար, մանիպուլյատիվ քարոզչությամբ Սարիկ Մինասյանը փորձել է պատրանք ստեղծել․ շատ զարմանալիորեն Հայաստանի ամենաապազգային կուսակցության ներկայացուցիչը փորձել է հռետորաբանություն զարգացնել», -ասաց Սուրեն Սուրենյանցը։
Քաղաքապետի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանն էլ, ցույց տալով փաստաթուղթը, որի ժամկետն, ի դեպ, անցել է, պարզաբանեց․ «Երեկ Սարիկ Մինասյանը հայտարարել է, որ ես դիմել եմ Թուրքիայի քաղաքացիության, որի պատասխանը ինքը էսօր մինչև իրիկուն, պիտի տա, պիտի պարզաբանի ու ապացուցի իր ասածը, եթե չապացուցեց, ես կհամարեմ, որ ինքը օդի մեջ խոսացող մարդ է։ Ես իր մակարդակին չեմ իջնի, որ հեգնանքով խոսեմ։
Էդ թուղթը ունեցել եմ, հիմա չունեմ։ Թուղթը ժամանակավոր մնալու իրավունք է տալիս, ունեցել եմ, որի շրջանակներում ես կարողացել եմ այդ երկիրը մտնել, դուրս գալ, իմ գործունեությունը ծավալել։
Հայաստանի քաղաքացին այդ երկրում մնալու համար մեկ ամիս ժամանակ ունի, հենց լրացավ, պետք է լքի այդ երկիրը։ Երեք անգամ նույն բանը կատարվելուց հետո՝ իրենց օրենքով էլ չի կարողանա երեք կամ վեց ամիս այդ երկիր մտնել։
Քանի որ իմ գործերը կապված են այդ երկրի ու կողքի երկրների հետ, ունեմ մեքենաներ, որոնք բեռնափոխադրմամբ են զբաղվում, այնտեղից Ռուսաստան և մյուս երկրներ բեռնափոխադրումներ եմ իրականացնում, ժամանակ է եղել, որ ես երկու-երեք ամիս մնացել եմ։ Այդ պատճառով ես ունեցել եմ այդ թուղթը, իսկ այդ թուղթը հնարավորություն չի տալիս, որ ես դիմեմ Թուրքիայի քաղաքացիության համար, նաև հնարավորություն չի տալիս, որ ես օրինական աշխատեմ։
Այդ թուղթը միայն հնարավորություն է տալիս այնտեղ մնալ, դա նաև նրա համար է, որ այն վայրը, որտեղ ես մնում եմ, Աստված չանի, հանցագործություն անես, տեղդ հեշտ գտնեն։
Դա է թղթի բուն իմաստը։ Ես զարմացած եմ, որ Ազգային ժողովի նախկին պատգամավորը էնքան թերի զարգացած կարող է լինել, որ չկարողանա ճշտել, թե այդ թուղթն ինչի համար է։ Ես բիզնեսով եմ զբաղվում, իմ մեքենաները նաև Բուլղարիա են մտնում, էդ ոնց եղավ, որ մեքենաներիս շարժը տեսան Թուրքիայում, բայց չտեսան Բուլղարիայում։
Հոգով թույլ մարդ եք, բան ունեք ասելու, եկեք դեմերես խոսանք, թե չէ տելեվիզորներով, մեծ մարդիկ եք, ամոթ է»,- ասաց գործարար թեկնածուն։
Նա նաև նշեց, որ աշխատանքի իրավունք պիտի ունենաս Թուրքիայում, որ կարողանաս դիմել քաղաքացիություն ստանալու համար, կամ պիտի հրաժարվես քո երկրի քաղաքացիությունից։
Սուրեն Սուրենյանցն էլ հայտարարեց, որ եթե մինչև օրվա վերջ Սարիկ Մինասյանը ներողություն չխնդրի այն հայտարարության համար, թե իրենց թեկնածուն դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար, դիմելու են դատարան։
«Ես առաջին անգամ եմ տեսնում, որ կուսակցության շարքային անդամը՝ ընդամենը մի քանի օրվա խոսույթ զարգացնի, որն ամբողջովին հակառակ լինի Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությանը։ Ամբողջ օրը Փաշինյանը Էրդողանի ու Ալիևի նկարների առաջ մոմ է վառում, իր կուսակցության ներկայացուցիչը գալիս է, հակաթուրքական նարատիվ է զարգացնում։Պատկերացնում եք՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպի Էրդողանի կամ Ալիևի հետ, հանեն, Սարիկ Մինասյանի երեկվա ելույթը դնեն դեմը, ոտքերի դողոցը էդ պահին զգալու եմ ես»։
Սուրեն Սուրենյանցը նաև հայտարարեց, որ ըստ օդում կախված լուրերի՝ Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցող 9 կուսակցություններից մեկի առաջին համարի հայրը զբաղվում է վաշխառությամբ։ «Եվ եթե վաշխառուն չինքնաբացահայտվի, մենք կինքնաբացահայտենք»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։
Նա նշեց, որ շատ բաներ էլ իրենք են լսում, բայց օդում կախված լուրերը չի կարելի դարձնել քարոզչության նյութ։ Իրենք համարում են, որ գոտկատեղից ներքև հարվածելը պատիվ չի բերում տղամարդուն, այն էլ՝ գյումրեցի տղամարդուն․ այս քաղաքում մեկը մյուսի երես են տեսնելու․ եթե որևէ տեղ չհանդիպեն` մեռելատանը հաստատ կհանդիպեն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ