Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական պարտքի ճոճանակ. ինչո՞ւ է Հայաստանը պարտք վերցնում պարտքը մարելու համար. Աղասի Թավադյան

Մարտ 25,2025 15:11

750 միլիոն դոլար նոր պարտք, բարձր տոկոսադրույքով

Մարտի 12-ին Հայաստանը միջազգային շուկայում թողարկեց 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր՝ 7.1% տոկոսադրույքով։ Այս թիվը խոսուն է․ տոկոսադրույքը բարձր է, ինչը նշանակում է՝ արտաքին ներդրողները բարձր են գնահատում Հայաստանի տնտեսության ռիսկայնությունը։

Բայց ինչո՞ւ է պետությունը նոր պարտք վերցնում այն դեպքում, երբ իշխանությունները հաճախ պնդում են, թե մեր տնտեսությունը «թռիչքաձև» աճում է։

Պատճառը պարզ է․ բյուջեում կա մեծ ճեղքվածք: 2024-ին հարկերից գանձվող միջոցները 8%-ով պակաս են եղել, քան նախատեսված էր։ Նման իրավիճակ չի եղել վերջին 3 կառավարության ներքո։ Հիմնականում պակասել են ԱԱՀ-ի մուտքերը, ինչը նշանակում է, որ երկրում կա՛մ առևտուրը կրճատվել է, կա՛մ այն վերադարձել է ստվեր։

Արդյունքում ստացվում է՝ Հայաստանը պարտք է վերցնում պարտքերը փակելու համար։ Այս մոտեցումը նման է մի ընտանիքի, որը, ծախսերը կրճատելու փոխարեն, վերցնում է նոր վարկ՝ հին վարկի պարտքը մարելու համար:

Վերջին ընթացքում կառավարության անդամները և էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները ցուցադրել են ոչ լիարժեք պատկերացում պետական պարտքի մասին։ Այս հոդվածի նպատակն է ներկայացնել պետական պարտքի դրական և բացասական կողմերը, որը հուսով ենք որոշակի պարզության կմտցնի այս թեմայի շուրջ։

Ակնհայտ հաջողություն. առաջին անգամ ներքին պարտքն ավելի մեծ է, քան արտաքինը

Գծապատկեր 1.

Տնտեսության համար կան նաև դրական լուրեր։ Հայաստանի պետական պարտքի կառուցվածքում առաջին անգամ ներքին պարտքի կշիռը գերազանցել է 50%-ը։ Թվերով ասած՝ ընդհանուր 12.5 միլիարդ դոլար (կամ 4.9 տրիլիոն դրամ) պարտքից արդեն 50.2%-ը ներքին պարտք է, մնացած 49.8%-ը՝ արտաքին։

Այս փոփոխությունն իսկապես նշանակալի է, եթե նկատի ունենանք, որ դեռ 2017 թվականին ներքին պարտքը կազմում էր ընդամենը 20.4%։ Միաժամանակ տագնապալի է, որ 2018-ի համեմատ մեր պետական պարտքը գրեթե կրկնապատկվել է՝ 6.4 միլիարդից հասնելով 12.5 միլիարդ դոլարի։

Գծապատկեր 2.

Ներկայումս կառավարության պարտքի 49%-ը դրամով է, 29.9%-ը՝ դոլարով, 9.1%-ը՝ եվրոյով, իսկ մնացածը՝ այլ արժույթներով: Այս տեղաշարժը դրական է, քանի որ նվազեցնում է արտարժութային ռիսկերը, բայց ունի իր գինը․ դրամային պարտքի սպասարկումն ավելի թանկ է, քանի որ դրա տոկոսադրույքներն ավելի բարձր են:

Մոտենում ենք վտանգավոր սահմանագծին. պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 50%-ի շեմին

Գծապատկեր 3.

Ցանկացած երկրի համար կարևորագույն ցուցանիշներից մեկը պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունն է, որն այսօր Հայաստանում մոտ 50% է։ Սա վտանգավոր գոտի է, քանի որ ԵԱՏՄ համաձայնագրով մենք պարտավորվել ենք այդ ցուցանիշը 50%-ից բարձր չպահել։

Ավելին, ՀՀ օրենսդրությամբ, եթե պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հատի 60%-ի շեմը, կառավարությունը պետք է անմիջապես սկսի կրճատել ծախսերը։

Հետաքրքիր է, որ պատմականորեն այս շեմը հատելու դեպքեր արդեն եղել են։ 2016-ին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հասավ 51.9%-ի, իսկ 2020-21 թվականներին (կորոնավիրուսի և պատերազմի պատճառով) ցուցանիշը բարձրացավ մինչև 63.5%։ Առանձին եռամսյակներում այն նույնիսկ հասել է նույնիսկ 69.8%-ի։

«Թռիչքաձև» աճի ետևում թաքնված ճշմարտությունը

Իշխանությունները հաճախ հպարտանում են «շլացուցիչ» տնտեսական ցուցանիշներով։ Օրինակ, 2024-ին Հայաստանի արտահանումը գրանցել է 52% աճ՝ հասնելով 13.1 միլիարդ դոլարի։ Սակայն այս թվի ետևում թաքնված է մի կարևոր իրողություն՝ արտահանման 61.4%-ը կազմել է Ռուսաստանից Հայաստանի միջոցով այլ երկրներ վերաարտահանված ոսկին։

Այս երևույթը խիստ կարճաժամկետ է և չի արտացոլում տնտեսության իրական վիճակը։ Փաստն այն է, որ մեր «իրական» արտահանումը նվազել է․ դեպի ԵԱՏՄ՝ 11%-ով, դեպի ԵՄ՝ 14%-ով։

Նույն պատկերն է 5.9% պաշտոնական աճի հարցում։ Այս աճի մոտ 25%-ն ապահովել է առևտուրը, որն իրականում 2024-ին ավելի դանդաղ է աճել, քան նախորդ տարիներին։ Երկրորդ խոշոր ներդրողը եղել է անշարժ գույքի ոլորտը (բնակարանների վարձակալության արժեքի բարձրացումը), բայց այս շուկայում արդեն նկատվում է լճացում․ գներն ընկել են թե՛ վարձակալության, թե՛ առքուվաճառքի պարագայում։

Հանքարդյունաբերությունը և արտադրական ոլորտները նվազում են ապրել։ Այսպիսի պայմաններում միակ կայուն աճ գրանցող ոլորտները եղել են բանկային համակարգը և շինարարությունը։

Բյուջեի երրորդ խոշորագույն ծախսը՝ պարտքի սպասարկում

Գծապատկեր 4.

Վերջերս նաև տարածվեց թյուր ըմբռնում, որ պետական պետական պարտքի սպասարկումը պետական բյուջեի ծախսերի մեջ արդեն 3-րդ տեղում է և շուտով այն դառնելու է երկրորդ խոշորագույ հոդվածը՝ գերազանցելով նույնիսկ կենսաթոշակային ապահովագրության ծախսերը։ Իհարկե ճշմարիտ է և մտահոգիչ այն որ 750 մլն դոլարի պարտատոմս է թողարկվել բարձր տոկոսադրույքով, սակայն սա չի կարող զգալի առաջացնել բանկային համակարգում։ Սա ոչ լիարժեք պատկերացում է բյուջետային սախսերի մասին։ Իհարկե 2025թ․ պլանավորված է պետական պարքի կառավարման ծախսերը կկազմեն բյուջեի զգալի 11.3%ը կամ 395.3 մլրդ դրամ։ Սակայն սա ունի իր պատճառները։

Չնայած այս մեծ թվերին, պետք է նշել, որ պարտքի սպասարկումը բյուջեի 9-11% շրջանակներում է պահպանվում վերջին տարիներին, այն չի դարձել բյուջեի ամենամեծ խնդիրը, ինչպես երբեմն ներկայացվում է։ Ճիշտ է պետական պարտքի սպասարկումը բավականին մեծացել է և արդեն ունի ռիսկայնության որոշակի աստիճան, սակայն, ինչպես պատկերված է չորրորդ գծապատկերում, այն վերջին տարիներին միշտ գտնվել է երրորդ տեղում զբաղեցնելով բյուջեի ծախսերի 9-11%ը։ Պետական պարտքի սպասարկման աճը բյուջեի հիմնականում պայմանավորված է նրանով որ հայկական դրամով պարտքը արդեն գերազանցում է ընդհանուր պարտքի կեսից ավելին, որը փոխարժեքից կտրուկ տատանումից առաջացած ռիսկերը մեղմում է երկարաժամկետում, սակայն կարճաժամկետում մեծացնում է սպասարկման վճարը, որովհետև դրամով պետական պարտքի տոկոսադրույքները ավելի մեծ են քան դոլարինը։ Սակայն հիմնական պատճառը 2024թ․ բյուջեի զգալի ճողքվածքն է, որը սպասարկվում է պետական պարտքով։ Չի ակնկալվում որ պետական պարտքի սպասարկման վճարները անցնելու են կենսաթոշակային ծախսերը բյուջեի ծախսերի մեջ և չի ակնկալվում որ սա զգալի բացասական ազդեցւոթյուն ունենա բանկային համակարգի կամ ավանդների վրա, քանզի բանկային համակարգը գուցե թե միակ կայուն ոլորտն է Հայաստանում։

2025-ին ինչի՞ վրա է ծախսվում մեր հարկերից գոյացած փողը։ Առաջին տեղում ռազմական ծախսերն են, երկրորդում՝ սոցիալական, իսկ երրորդ տեղում՝ պետական պարտքի սպասարկումը։ Այս վերջինի վրա ծախսվում է բյուջեի 11.3%-ը կամ 395.3 միլիարդ դրամ։

Հետաքրքիր է, որ 2019-ին պարտքի սպասարկման ծախսը կազմում էր 158.1 միլիարդ դրամ, այսինքն՝ 7 տարում այն ավելի քան կրկնապատկվել է։ Սա հիմնականում կապված է պարտքի կառուցվածքի փոփոխության հետ՝ դրամային պարտքի աճը թեև պաշտպանում է մեզ արտարժույթի տատանումներից, բայց ավելի թանկ է նստում բյուջեի վրա։

Փոխարժեքի ազդեցությունը պետական պարտքի և ՀՆԱ աճի վրա

Վերջին գծապատկերում հստակ երևում է դոլարի փոխարժեքի ազդեցությունը պետական պարտքի սպասարկման և, որպես հետևանք, պետական պարտք/ՀՆԱ հարաբերության վրա։

Ինչքան արժևորվում է դրամը դոլարի հանդեպ, այնքան պետական պարտքի սպասարկումը էժանանում է, հետևաբար պետական պարտք/ՀՆԱ հարաբերությունը նվազում է, և հակառակը՝ որքան դրամը արժեզրկվում է, այնքան պետական պարտք/ՀՆԱ հարաբերությունը ունի աճի միտում։

Գծապատկեր 5.

Հարկ է նշել, որ հայկական դրամը 2020 թվականից փոխարկելի արժույթներից ամենաարժևորվածն է, որը բացասաբար է անդրադառնում իրական արտահանման, ինչպես նաև տուրիզմի և ՏՏ ոլորտի վրա։ Սա որոշակի ճնշում է գործադրում փաստացի դոլարին փափուկ կցված դրամի վրա։ Դրամի արժեզրկումը բացասաբար կանդրադառնա պետական պարտքի սպասարկման և, որպես երկրորդային հետևանք, ՀՆԱ-ի աճի վրա։

Գծապատկերում երևում է նաև պետական պարտք/ՀՆԱ աճ փոխկապվածությունը, որը ունի հակադարձ ազդեցություն։ ՀՆԱ-ի բացասական աճի պարագայում պետական պարտքը կտրուկ աճում է, քանի որ ՀՆԱ-ի բացասական աճով չի կատարվում պետական բյուջեով սահմանված թիրախը, որի արդյունքում ստիպված սպառվում է բյուջեի պահուստային ֆոնդը և հետագայում նաև աճում է պետական պարտքը։

Այս միտումը վերջին գծապատկերում երևում է 2010 թվականին՝ 2002-2008 թվականների միջին 12 տոկոս տնտեսական աճից հետո։ Այս անկումը պայմանավորված էր Համաշխարհային ֆինանսական ճգնաժամով։ Նմանատիպ իրավիճակ դիտվեց նաև 2020 թվականին․ տնտեսական անկումը, այս անգամ, պայմանավորված էր մեկ այլ Համաշխարհային երևույթով՝ COVID-19 համաճարակով։ Արդյունքում երկու ճգնաժամերն էլ մեծացրեցին պետական պարտք/ՀՆԱ հարաբերությունը։

Այսինքն՝ դրամի փոխարժեքը ունի ուղղակի ազդեցություն պետական պարտքի աճի վրա, իսկ ՀՆԱ-ի աճը՝ հակադարձ։ Վերջին 25 տարիների ընթացքում բացասական ՀՆԱ-ի աճը հիմնականում պայմանավորված է եղել համաշխարհային «սև կարապ» իրադարձություններով։

2025-ը՝ բարդ տարի տնտեսության համար

Ներկայիս տնտեսական իրավիճակը ունի դրական և բացասական կողմեր, որոնք պետք է հաշվի առնել 2025 թվականի ընթացքում:

Ի՞նչն է լավ

  • Պարտքի կեսից ավելին ներքինն է, ինչը պաշտպանում է մեզ արտարժույթի տատանումներից,
  • Պարտքի գրեթե կեսը (49%) դրամով է, ինչը նվազեցնում է դոլարի արժեզրկման հնարավոր բացասական ազդեցությունը:

Ինչի՞ց պետք է անհանգստանալ

  • Պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը (մոտ 50%) արդեն հասել է ԵԱՏՄ-ով սահմանված առավելագույն շեմին,
  • 2024-ին մեր «իրական» արտահանումը (առանց ոսկու) նվազել է,
  • Բյուջեում առկա է ճեղքվածք, հարկերը թերհավաքագրվել են 8%-ով,
  • Անշարժ գույքի շուկան, որը նպաստել էր տնտեսական աճին, հիմա լճացման մեջ է,
  • 2025-ին սպասվում է ոսկու վերաարտահանման կտրուկ նվազում, ինչը կարող է հանգեցնել ընդհանուր արտահանման մոտ 30%-ով կրճատման (13.1 միլիարդից մինչև 9 միլիարդ դոլար):

Այս ամենը ցույց է տալիս, որ 2025-ը լինելու է բարդ տարի Հայաստանի տնտեսության համար։ Ոսկու արտահանման գործարքները թաքցրել են տնտեսության իրական վիճակը, և այժմ պետք է առերեսվել այդ իրականությանը։ Սա պոտենցիալ ռիսկ է 2025թ․ բյուջեի թերկատարման մասով, որը արդյունքում բյուջեի ճեղքվածքը կարող է մեծանալ և հետագայում նոր պետական պարտք մեծացման տեսանկյունից։ Այս ռիսկը պետք է հաշվի առնել

Այժմ այլևս հնարավոր չէ պարտքի կտրուկ ավելացումը՝ տնտեսությունը խթանելու նպատակով: Այս պահին, երբ Հայաստանը գտնվում է կրիտիկական կետի վրա, անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել ծախսերի արդյունավետությանը և պետական պարտքի կառավարման հավասարակշռված ռազմավարության մշակմանը:

Առաջին հերթին պետք է մտածել ծախսերի արդյունավետության և կրճատման մասին, քանի որ շարունակել նույն տեմպով ծախսերն իրականացնելը՝ պարտք վերցնելով, բավականին վտանգավոր է:

2025 թվականը լինելու է լի մարտահրավերներով հայկական տնտեսության համար: Իրավիճակը դեռևս կառավարելի է, սակայն շատ զգուշավոր մոտեցում է պահանջում, հատկապես պետական պարտքի կառավարման մեջ:

Ընդհանուր առմամբ պետք է մտածել բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացման մասին և, որպես արդյունք պետական պարտք/ՀՆԱ հարաբերության իջեցման մասին, որը ապագայում կմեծացնի տնտեսական բարձիկը համաշխարհային տնտեսական շոկերի դեպքում։

Աղասի ԹԱՎԱԴՅԱՆ
Tvyal.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31