Մաեստրո Լորիս Ճգնավորյանը, որը 1989-2000թթ. (մեկ տարվա ընդմիջումով 1998-1999թթ.) Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն էր, 25 տարվա ընդմիջումից հետո՝ ազգային օպերային թատրոնում օրերս դարձյալ կանգնեց դիրիժորական վահանակի առջև, այս անգամ ղեկավարելով թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը (կոնցերտմայստեր ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Աբրահամյան) և երգչախումբը (գլխավոր խմբավար Նարինե Ոսկանյան), մենակատար սոպրանո Լուսինե Մակարյան:
Հնչեցին «Ռոմեո և Ջուլիետ», «Արարատ», «Սիրո երգ» սիմֆոնիկ սյուիտները և «Օթելլո» բալետային սյուիտը: Համերգը հասկանալի պատճառով, մեծ հետաքրքրություն էր առաջացրել և, դարձյալ հասկանալի պատճառով՝ 88-ամյա մաեստրոն գերհուզված էր: Յուրաքանչյուր ստեղծագործությունից հետո երկարատև ծափահարություններ էին:
Կարդացեք նաև
Իսկ երբ հնչեց Ճգնավորյանի խոսքերով ու երաժշտությամբ «Իմ հայրենիքը»՝ դժվար է ներկայացնել. կատարմանը միացավ հանդիսատեսը, և այստեղ ոչ միայն հուզմունք էր, այլև արցունքախառն աչքեր թե հանդիսատեսի, և թե երգչախմբի արտիստների:
Համերգի ավարտից հետո հուզված մաեստրոն համաձայնեց կարճ հարցազրույցի: «24-25 տարիների ընթացքում հաճախ եմ այցելել հայրենիք, իսկ այս այցիս նպատակը «Ռոստամ և Սոհրաբ» օպերայիս բեմադրությունն է, որը կկայանա մարտի 31-ին: 5 օպերաներիցս այս օպերայի վրա 25 տարի եմ աշխատել: Այն հատվածաբար ներկայացրել եմ Ավստրիայում, Մեքսիկայում, Երևանում նույնպես: Հիմա մաեստրո Կարեն Դուրգարյանի շնորհիվ ու հետ որոշեցինք, որ այն պիտի բեմական հանդերձանք ստանա: Պատկերացնում եք՝ այս տարիքում ոչ միայն պետք է տեսնեմ օպերայիս բեմադրությունը, այլև ղեկավարեմ»,- ասաց մաեստրոն՝ հավելելով, որ օպերան նվիրված է աշխարհահռչակ գերմանացի կոմպոզիտոր Կարլ Օրֆին, որը հովանավորել է իրեն մեկ տարի Ստրասբուրգում ապրելու և օպերան ավարտելու համար:
Համերգից հետո մաեստրոյի հոգեվիճակը հասկանալով՝ չուզեցինք խորանալ նրա հայրենիքից հեռանալու պատճառների մեջ: Մեր հետաքրքրությանն ի պատասխան՝ նա ասաց, որ հայրենիքից երկարատև իր բացակայության ընթացքում գրել է շուրջ 70 նոր ստեղծագործություն: Հետո էլ հավելեց. «Հանուն ստեղծածս նոր գործերի, մի կողմից ուրախ եմ , որ թողեցի ղեկավարի պաշտոնը: Մնայունը գործերս են… Ասեմ, որ նաև մի քանի ձայնագրություններ եմ արել»:
Դիտարկմանը՝ իհարկե մնայունը գործերն են, մինչ օրս էլ առիթով կամ նույնիսկ անառիթ հիշում են 1991թ. Գյումրի իր ուխտագնացության մասին, որի նպատակն էր դրամահավաք կազմակերպել, հիմնել մշակութային ակադեմիա: Իսկ արդյունքում՝ հավաքված հանգանակությամբ ոչ միայն ակադեմիա հիմնվեց, այլ ստեղծվեց Շիրակի հեռուստաընկերությունը, մասնակի նորոգվեց Աճեմյանի անվան թատրոնը, ստեղծվեցին սիմֆոնիկ նվագախումբ և երգչախումբ… Ժամանակին մեզ հետ զրույցում նշել էիք, որ ուխտագնացության մասին գրքեր էլ են գրվել, բայց դեռ դրանց չենք հանդիպել, մեր զրուցակցի պատասխանը հետևյալն էր. «Այո, գրվել է շուրջ 40 գիրք, բայց ես թույլ չեմ տալիս դրանք տպագրվել, դրա ժամանակն էլ կգա…»:
Տարիներ առաջ Հովհաննես Նալթակյանի հետ հանդիպման ժամանակ նա մեզ տրամադրեց մաեստրոյին նվիրած իր ապագա «Ուխտագնացը» գրքից մեկ-երկու հատված: Ներկայացնում ենք դրանցից մեկը. «20-րդ դարի վերջին տասնամյակի սկզբներից մեր մշակույթն ընկավ անմխիթար վիճակի մեջ: Մեկը մյուսի ետևից փակվում կամ անգործության էին մատնվում մշակույթի օջախներ: Բարձիթողի էր մատնված թատրոնը, կինոն, երաժշտությունը, գրականությունը, դպրությունը… Սա, իրոք, աղետ էր, որը պետք է ունենար և ունեցավ իր դաժան ու անդառնալի հետևանքները: Չկարողանալով չարիքին դիմանալ, մեզանից անժամանակ հեռացան մեր մշակույթի ամենակարկառուն դեմքերը, ժողովրդի կողմից ամենասիրված դերասաններ Ֆրունզիկ Մկրտչյանը, Կարպ Խաչվանքյանը և ուրիշներ: Խորեն Աբրահամյանը մի կերպ իրեն ստիպեց առժամանակ հեռանալ երկրից: Սոս Սարգսյանը ընկավ դեգերումների մեջ: Տաղանդավոր արձակագիր Հրանտ Մաթևոսյանը «ջարդեց» իր այնքան բեղուն, այնքան խոստումնալից գրիչը: Խառնաշփոթը մոլորության մեջ գցեց նույնիսկ Ամենայն Հայոց Մեծանուն բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանին… Այս ահավոր սարսափը Լորիս Ճգնավորյանի հոգին էլ սարսռեց, բայց նա շուտ սթափվեց: Սթափվեց, որովհետև հարկավոր էր պահել մեր մշակույթի գոնե մեկ օջախ… Մաեստրոն ձգտում էր, որ աշխարհը տեսնի, թե պատերազմի, երկրաշարժի, քաղցի ու տառապանքի մեջ գտնվող հայ ժողովուրդն ինչպես է իր մշակույթի դրոշը ծածանում` որպես ապրելու և հարատևելու ապավեն…»:
Անդրադառնալով «Ռոստամ և Սոհրաբ» օպերայի պրեմիերային, ասենք, որ մաեստրոյին հրաժեշտ տալուց հետո հանդիպեցինք մեր հանդիսատեսին ծանոթ, գերմանաբնակ իրանահայ կոմպոզիտոր և տենոր Մասիս Առաքելյանին, որը ոգևորված է կայանալիք պրեմիերայով և հայտնեց հետևյալը. «2011թ. Բեռլինի «Pergamon» թանգարանը կազմակերպել էր պարսկական բանաստեղծության համաշխարհային ցուցահանդես, որի երաժշտական մասը ինձ էր պատվիրված: Ես, այլ կատարումների թվում՝ ներկայացրի նաև արիաներ «Ռոստամ և Սոհրաբ օպերայից» ինչպես նաև ստեղծագործություններս՝ գրված Ֆիրդուսի, Խայամի, Հաֆիզի, Նիմա Յուշիջի բանաստեղծություններով: Հիմա ուրախ եմ, և գիտեմ, որ ոչ միայն Հայաստանում գտնվող իրանահայերը, այլ դրսից համերկրացիներիցս շատերը ժամանելու են Երևան, Ճգնավորյանի օպերայի պրեմիերային ներկա գտնվելու համար»:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարները` օպերային թատրոնում կայացած համերգից