«Ինտերնետ դիմակայության ինդեքս – Պուլս». զեկույց 2024
Հայաստանը շարունակաբար բարելավում է ինտերնետային դիմակայության ցուցանիշը՝ կայուն առաջընթաց գրանցելով ենթակառուցվածքների, անվտանգության և թվային հասանելիության ոլորտում։ Այս մասին նշվում է միջազգային «Ինտերնետ հանրություն» կազմակերպության՝ «Ինտերնետ դիմակայության ինդեքս – Պուլս» զեկույցում։
Ըստ այդմ, Հայաստանի ինտերնետ դիմակայության ինդեքսը 2022-ից 2023-ի միջակայքում բարձրացել է 48%-ից մինչև 49%, տարածաշրջանում՝ արեւմտաասիական երկրների գոտում զբաղեցնելով 8-րդ, համաշխարհային սանդղակում՝ 71-րդ հորիզոնականը։
Ինտերնետի ոլորտում առաջանցիկ տվյալներ արձանագրող Հայաստանն այս տարի մարտի 28-ին պատրաստվում է հյուրընկալել Համընդհանուր ընդունման օրվա տարածաշրջանային համաժողովը։ Համացանցն աշխարհի լեզուներով հասանելի դարձնելուն ուղղված «Համընհանուր ընդունում» միջազգային շարժմանը միանալով և արդեն երրորդ անգամ կազմակերպելով այս միջոցառումը, հայաստանյան «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն ամրապնդում է երկրի վճռականությունը՝ շարունակաբար զարգացնելու թվային համակարգերը, խթանելու լեզվաբառային և տեխնոլոգիական բազմազանությունը:
Կարդացեք նաև
UADay2025-ն այս տարի ևս կհամախմբի միջազգային և հայաստանյան տեխնոլոգիական համայնքի առաջատար մասնագետների՝ քննարկելու բազմալեզու ինտերնետի կարևորությունը և ներկայացնելու լուծումներ, որոնք կապահովեն բոլոր դոմենային անունների և էլ․ հասցեների ճանաչելիությունն ու գործարկումը՝ անկախ այբուբենից կամ ձևաչափից։
Միջազգային «Ինտերնետ հանրության»՝ «Ինտերնետային դիմակայության ինդեքս – Պուլս» զեկույցը, որը հետևում է աշխարհում ինտերնետային ենթակառուցվածքների, կատարողական, անվտանգության և շուկայի հիմնական ցուցիչներին, արձանագրում է, որ արեւմտաասիական երկրների գոտում, ինտերնետային դիմակայության ընդհանուր ինդեքսը 47% է, 2022-ից 2023-ի միջակայքի համար աճը կազմել է 1%։ Սա ենթադրում է առցանց ծառայությունների շրջանակի ընդլայնում այնպիսի կարեւոր ոլորտներում, ինչպիսիք ենք կրթությունը, առողջապահությունը և տնտեսություն։
Հայաստանի վերաբերյալ նշված զեկույցն արձանագրում է, որ ինտերնետի դիմակայության ինդեքսի աճը շուկայում առողջ մրցակցության առկայության արդյունքն է, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել պահպանել ինտերնետի ցածր գինը, ընդլայնել 4G բջջային ինտերնետի ծածկույթը` այն հասցնելով բնակչության 100%-ին, և 2023-ից սկսած՝ բարելավել ֆիքսված ու շարժական լայնաշերտ ինտերնետի ներբեռնման արագությունը՝ համապատասխանաբար 25% և 50%-ով։
Ասիական նույն գոտու այլ երկրներից Թուրքիան իր ցուցանիշով հասել է Իսրայելին, որն ինտերնետ դիմակայության ինդեքսով տարածաշրջանում շարունակում է պահպանել առաջատարի դիրքը՝ 58%, չնայած Իսրայելն այս ընթացքոմ կորցրել է 2%: 2019-ից ի վեր Թուրքիան և Իրաքը գրանցել են ցուցանիշների աճ՝ համապատասխանաբար 8% և 10%։ Միևնույն ժամանակ, Լիբանանը (46%>39%) և Բահրեյնը (59%>52%) անկում են արձանագրել 7-8%-ով:
«Ինտերնետային դիմակայության ինդեքս – Պուլս» զեկույցը կազմվում է տարբեր գործոնների հիման վրա՝ ներառյալ ինտերնետային ենթակառուցվածքների զարգացման և անվտանգության նպատակով ներդրումները, երկրի կոդ հանդիսացող դոմենային տիրույթների՝ ccTLD-ների օգտագործման ծավալը, տեխնոլոգիաների և ինտերնետ կառավարման ոլորտի քաղաքականությունը, կառավարությունների, տեխնոլոգիական մատակարարների և տեղական համայնքների միջև համագործակցությունը:
«Ինտերնետ հանրություն» ՀԿ